Մեկնաբանություն

01.07.2013 13:11


Հորդորում եմ Սերժ Թանկյանին, որ նորից մի նամակ գրի

Հորդորում եմ Սերժ Թանկյանին, որ նորից մի նամակ գրի

Չգիտես ինչու հիշեցի Սերժ Թանկյան-Սերժ Սարգսյան նամակագրությունը: Ավելի ճիշտ՝ վերջինիս պատասխան-նամակը, որ մելոդրամայի ժանրում գրված մենախոսություն է հիշեցնում:

Թեև պարզ է, թե ինչու հիշեցի: Սերժ Սարգսյանի պատասխան-նամակի «լալահառաչ» բովանդակությունը վերհիշելու առիթը վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններն են. Լիսկա, օֆշորային սկանդալ, Վերահսկիչ պալատի բացահայտումներ, նախագահականում կայացած քննարկում...
«Սա պետություն է, Սե՛րժ: Սրա մասին մենք շատ երկար ենք երազել: Իմ ու քո, մեր բոլորի պետությունն է: Փոքրիկ Սերժինն ու Հովհաննիսյանների ընտանիքի հրաշալի զավակներինն է: Մեր բոլոր զավակներինն ու թոռներինն է: Մենք ունենք դրախտավայր-Հայրենիք ու պարտավոր ենք ամուր պետություն կառուցել: Միասի՛ն, Սե՛րժ: Այսօրվա ականները վաղը մեր զավակների գլխին փոթորիկ կբերեն, կդառնան Bellum omnium contra omnes կամ «բոլորի պատերազմը բոլորի դեմ»: Ու արդեն հասունացած փոքրիկը կհարցնի…»,- փետրվարի վերջին պատասխանելով աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի նամակին, գրել է Սերժ Սարգսյանը:
Եթե դու «կույր աչոք, կույր մտոք» սկզբունքով չես անդրադառնում լիսկայական սանձարձակություններին, «Բենթլի Սամոյի» կերպարին, եւ ամենակարեւորը՝ օֆշորային սկանդալի գլխավոր հերոս Տիգրան Սարգսյանին, ապա «Սա պետություն է, Սե՛րժ» արված պնդումը չափազանց կասկածելի է թվում:
Հենց քո նշած «ականները» սրանք են, որոնց մասին քո փոքրիկ Սերժը, երբ մեծանա՝ հաստատ քեզ չի հարցնելու, քանի որ դու լռել ես ու չես անդրադարձել այս «անկարեւոր» թեմաներին: Փոխարենը՝ կենացային տողեր ես գրել. «Մենք ունենք դրախտավայր-Հայրենիք ու պարտավոր ենք ամուր պետություն կառուցել»:
Իսկ հիմա էլ չես պատկերացնում ,թե ինչպես է հնարավոր լափել բյուջեի 70 տոկոսը: Հնարավոր է ու լափել են 700 միլիարդը:
Որովհետեւ սա պետություն չէ: Անտերություն է:
Հորդորում եմ Սերժ Թանկյանին, որ նորից մի նամակ գրի: Նրա անվանակիցը, որ նստած է Բաղրամյան 26-ում, գուցե այս անգամ առարկայորեն պատասխանի հանրությանը հուզող հարցերին…

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը