Լրահոս

01.07.2013 14:32


Ադիբեկյան. «Դատախազությունը լավ կանի վարչապետի օֆշորային հաշիվների հետ միասին զբաղվի նաև «Բլումբերգի» աղյուսակում ներկայացված տվյալներով»

Ադիբեկյան. «Դատախազությունը լավ կանի վարչապետի օֆշորային հաշիվների հետ միասին զբաղվի նաև «Բլումբերգի» աղյուսակում ներկայացված տվյալներով»

Օրերս «Բլումբերգ» հետազոտական կենտրոնը հրապարակել է մի աղյուսակ, ըստ որի արատավոր երևույթների առավելապես հակված երկրների ցանկում Հայաստանը 4-րդն է Չեխիայից, Սլովենիայից ու Ավստրալիայից հետո:

Այսօրվա ասուլիսին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և հոգեբան Սրբուհի Գևորգյանը հայտարարել են, թե երկրների բարոյականության մասին «Բլումբերգ»-ի ներկայացրած տվյալները խիստ կասկածելի են:

Մանկավարժական համալսարանի հոգեբանության դասախոս Սրբուհի Գևորգյանին հատկապես հետաքրքրում էր, թե ում կողմից է այս հետազոտությունը արված, ինչու են հատկապես մեր և մեր հարևանների տվյալները այդքան կտրուկ աճման և նվազման փոխհարաբերակցության մեջ, արդյոք այստեղ չկա՞ սոցիալական մի պատվեր՝ համաշխարհային հանրության աչքին մեզ ներկայացնել համապատասխան ձևաչափով: Նա մասնավորապես հայտարարել է. «Ես կարծում եմ՝ եթե մենք կարողանայինք հասկանալ այն սոցիալական դիրքորոշումը, որը պատվիրատուն՝ որպես այդպիսին, ունի, և այն մեթոդաբանական հիմքերը, որով կազմակերպվել է, մենք ավելի հստակ կարող էինք և՛ թվային, և ընտրանքային, և՛ հիմնավորածության, և՛ հետևությունների հիմնահարցեր քննարկել»: Ահարոն Ադիբեկյանը նույնպես համաձայն լինելով այս մտքի հետ՝ նշել է. «Հայաստանին հանրության առջև նսեմացնելու քայլ կարող է լինել սա»:

Ադիբեկյանը Հայաստանում թմրամոլության, հարբեցողության, խաղատներ այցելության վերաբերյալ ցուցանիշները ներկայացնելով և դրանք հարևան Վրաստանի ու Ադրբեջանի հետ համեմատելով՝ դրանք անարժանահավատ է որակել: Նա մասնավորապես նշել է, որ «Բլումբերգի» ներկայացնելով՝ Հայաստանում 160 հազ. թմրամոլ կա, մինչդեռ Առողջապահության նախարարության օրեր առաջ հրապարակած վիճակագրության համաձայն՝ նարկոլոգիական ծառայության կողմից հաշվառված է ընդամենը 4332–ը։

Ինչպես Սրբուհի Գևորգյանը, Ահարոն Ադիբեկյան ևս համաձայն չլինելով այդ հետազոտության արդյունքներին՝ հայտարարել է, որ դա «բլեֆ» է, դրա համար էլ պետք է հարցում անել միջզգային կառույցներին՝ իմանալու, թե այդ հետազոտության համար տվյալներ ով է տվել, ինչպես է տվել, աղբյուրները ինչպես են ստացել: Ադիբեկյանը հավելել է, թե դա մեզ համար ազգային արժանապատվության խնդիր է, և դատախազությունը վարչապետի օֆշորային հաշիվների հետ միասին լավ կանի զբաղվի այս տվյալներով ևս:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը