Լրահոս

01.07.2013 16:30


«Կճոյանը թող սուտ չխոսի՛, թե Աշոտ Սուքիասյանի հետ միայն Նոր տարվա օրերին է շփվել՝ հեռախոսով»

«Կճոյանը թող սուտ չխոսի՛, թե Աշոտ Սուքիասյանի հետ միայն Նոր տարվա օրերին է շփվել՝ հեռախոսով»

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հերքումը կարդալուց հետո, այսօր Գերմանիայից «7օր»–ի խմբագրություն էր զանգահարել գերմանաբնակ մի կին՝ Անյա Կուլինոն, ով պնդում էր, որ օֆշորային հայտնի եռյակի անդամ Աշոտ Սուքիասյանը իրեն էլ է խաբել, իսկ Նավասարդ Կճոյանը սո՛ւտ է խոսում, թե այս ընթացքում Աշոտ Սուքիասյանի հետ իրենց միակ շփումը եղել է Նոր տարվա օրերին, այն էլ՝ հեռախոսով։ Ներկայացնում ենք Անյա Կուլինոյի հետ մեր հարցազրույցը.

–Ե՞րբ և ի՞նչ պայմաններում եք ծանոթացել գործարար Աշոտ Սուքիասյանի հետ։

20 տարի առաջ աղջկաս հետ տեղափոխվել եմ Գերմանիա։ Այնտեղ ամուսնացել եմ գերմանացի Գյունտեր Կուլինոյի հետ։ Երբ մոտ 1999 թվականին եկա Հայաստան, իմ շատ մոտ ընկերուհին աշխատում էր Աշոտ Սուքիասյանի մոտ։ Հենց այդ ընկերուհուս միջոցով էլ ծանոթացել եմ Աշոտ Սուքիասյանի և նրա ընտանիքի հետ։ Ինձ մոտ նրանք մաքուր և հավատավոր քրիստոնյայի տպավորություն թողեցին՝ համենայնդեպս այդպես էին իրենց ցույց տալիս։ Հետո մի անգամ Աշոտ Սուքիասյանն ինձ հարցրեց՝ ուզո՞ւմ ես քեզ իմ բիզնես–գործընկերը դարձնեմ։ Ասացի՝ ա՛յ Աշոտ ջան, ես էդքան մեծ գումարներ չունեմ։ Բայց այդ ընթացքում ամուսնուս՝ Գերմանիայում գտնվող հայրական տունը 100 հազ. եվրոյով վաճառվել էր, ու ես Աշոտին ասացի՝ գումարս էսքան է, եթե դա քո բիզնեսին ինչ–որ կերպ կօգնի, կարող եմ հարցնել ամուսնուս, և մասնակցենք այդ առաջարկին։ Աշոտը խոստացավ, որ Սիերա–Լեոնեում ինչ–որ բիզնես ունի և դրան մեզ մասնակից կդարձնի։ Ինչպես գործարար Փայլակ Հայրապետյանին էր համոզել, այդ նույն ձևով էլ մեզ համոզեց ու խայծը հասցրեց իր նպատակին՝ մեր գումարը խաբեությամբ վերցրեց, և մինչ օրս չենք կարողանում հետ ստանալ։

–Ըստ Ձեզ՝ նա իրականում չէ՞ր ուզում այդ գումարով բիզնես ծավալել։

–Ես հիմա նոր եմ հասկանում, որ Աշոտ Սուքիասյանն ի սկզբանե մտադրված էր խաբել մեզ՝ քողարկվելով եկեղեցու ու հավատավոր մարդու շղարշի ներքո։

–Ի՞նչն էր Ձեզ ստիպել մտածել, որ Աշոտ Սուքիասյանը աստվածավախ, հավատացյալ մարդ է։

–Աշոտ Սուքիասյանի հետ ով գործնական շփում է ունեցել, եղել է նրա ընկերությունում, տեսած կլինի՝ երբ աստիճաններով բարձրանում եք, այնտեղ, որտեղ քարտուղարուհին է նստած, պատին փակցված է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նկարը, իսկ այդ նկարի տակ փոքրիկ մատուռ է սարքած, վրան էլ խաչ է դրված։ Թե՛ Աշոտ Սուքիասյանը, և թե՛ նրա կինը ինձ ու ամուսնուս ներկայացրեցին, որ սա Սուրբ Սարգիս եկեղեցու օրհնության ժամանակ իրենց պաշտոնապես նվիրաբերված խաչն է։ Պարզամիտ, օրենք հարգող գերմանացու համար դրանից ավելի է՛լ ի՞նչ պետք է լիներ, որ չհավատայինք այդ մարդու ազնվությանը։ Բայց հետո պարզվեց, որ դա ընդամենը խաբեության միջոց էր։

–Աշոտ Սուքիասյանը երբևէ ասե՞լ է, որ իր բիզնես–գործընկերներն են նաև Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կամ գոնե՝ նրանց հովանավորությունն ու աջակցությունն է վայելում։

–Էդպիսի բան չեմ լսել, բայց Աշոտ Սուքիասյանին և Նավասարդ Կճոյանին հեռուստացույցով եմ շատ տեսել միասին, տարբեր տոներին միասին են եղել։ Ավելին՝ Աշոտ Սուքիասյանն իր աշխատասենյակում Կճոյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ լուսանկարներն ուներ դրած։ Դրանից ավել էլ ի՞նչ էր պետք, որ գերմանացին հավատար ու իր փողերը վստահեր նրան։

–Ասացիք, որ վրդովվել եք Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հարցազրույցից, որտեղ նա պնդում էր, թե այս ընթացքում Աշոտ Սուքիասյանի հետ իրենց միակ շփումը եղել է Նոր տարվա օրերին՝ հեռախոսով։ Ինչո՞ւ։

Թող Կճոյանը սո՛ւտ չխոսի, գոնե Աստծուց վախենա։ Նա թող սուտ չխոսի, որ Աշոտ Սուքիասյանի հետ այս ընթացքում կապ չի ունեցել։ Կճոյանը շատ լավ էլ կապ է ունեցել, որովհետև 2012թ. հուլիսի կեսերին երբ ես եկել էի Հայաստան և գնացի Աշոտ Սուքիասյանից իմ գումարը հետ պահանջելու, մի երտասարդ մոտեցավ՝ հավանաբար ճարտարապետ էր կամ շինարար, բավականին հաստ մի փաստաթուղթ հանձնեց նրան, այդ թղթի վրա էլ կամարաձև շինարարական գծագրություն էր, և ասաց՝ կփոխանցես սրբազանին։ Աշոտն էլ ասաց՝ եղավ, ու դրեց իր դարակը։ Այդ փաստթաթուղթը Աշոտն անձամբ պետք է տար Կճոյանին, և տրամաբանական է, չէ՞, որ նա էր միջնորդը։ Էլ ո՞նց է Կճոյանն ասում՝ ես կապի մեջ չեմ եղել Աշոտ Սուքիասյանի հետ։ Դա հոգևորականին հարիր պահվածք չէ։

–Իսկ դուք դիմե՞լ եք հայաստանյան իրավապահ մարմիններին։

–Այո՛, դիմել եմ, ասում են՝ Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Ի դեպ, երբ Աշոտ Սուքիասյանն անհետացավ, ես երկու անգամ փորձել եմ հանդիպել Կճոյանի հետ։ Դիմել եմ Արարատյան հայրապետական թեմ, նրա հետ հանդիպում եմ խնդրել, բայց մերժել են, ասացին՝ մենք ձեզ կզանգենք, ու էդ զանգելն է, որ զանգում են։ Ես չէի դիմում նրան մեղադրելու համար, այլ որպես հայ քրիստոնյա՝ հայ հոգևորականի հետ ուզում էի հանդիպել՝ գոնե գերմանացու մոտ իմ ազգի դեմքը փրկելու համար։ Այսքանից հետո էլ ի՞նչ գնահատական տամ հայ հոգևորականին։ Ես Կճոյանին կոչ եմ անում, որ սուտ չխոսի, նա լավ էլ միշտ կապի մեջ է եղել Աշոտ Սուքիասյանի հետ։ Ճիշտն ասած՝ երբ կարդացի Կճոյանի այդ հերքումը, շատ վիրավորվեցի, որ նա սուտ բաներ է խոսում։ Եթե կապ չի ունեցել, էդ շինարարն ինչի՞ պիտի Աշոտի միջոցով բերեր, նրան փոխանցեր փաստաթղթերը։ Եթե որպես հոգևորական էլ չէ, գոնե իր տարիքի՛ց ամաչի Կճոյանը ու էդպիսի սուտ բաներ չխոսի։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը