Լրահոս

13.07.2009 16:50


Տիգրան Թորոսյան. «Ղարաբաղը, որպես միջազգայնորեն ճանաչված հակամարտության կողմ, բանակցային գործընթացի մեջ պետք է հիմնական դերակատարը լինի»

Տիգրան Թորոսյան. «Ղարաբաղը, որպես միջազգայնորեն ճանաչված հակամարտության կողմ, բանակցային գործընթացի մեջ պետք է հիմնական դերակատարը լինի»

-Իհարկե, համամիտ եմ, որ Ղարաբաղի դերը նախևառաջ հայկական միջավայրում պետք է բարձրանա,- «7օր»-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը՝ մեկնաբանելով Արցախում տեղի ունեցած խորհրդաժողովում հնչած այն կարծիքը, թե Արցախը պետք է ներկայացված լինի բանակցային գործընթացում և լուրջ դերակատարում ունենա հայկական իրականության մեջ։

-Դրա մասին ես վաղուց եմ ասում, որ, այո՛, Ղարաբաղը՝ որպես միջազգայնորեն ճանաչված հակամարտության կողմ, բանակցային գործընթացի մեջ պիտի լինի հիմնական դերակատարը։ Որովհետև հենց ԼՂ-ի ճակատագիրն է որոշվելու այդ բանակցություններում։ Ավելին, եթե համանախագահներն անկեղծ են, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հայտարարում են, թե հակամարտությունը պիտի լուծվի երեք սկզբունքների շրջանակում, որոնցից մեկն էլ ինքնորոշման իրավունքն է, ապա, բնականաբար, դա հնարավոր չէ իրականացնել առանց այն միավորի մասնակցության, որն ինքնորոշվում է,- ասել է Տիգրան Թորոսյանը։

Նա, սակայն, հրաժարվել է մեկնաբանել ՀՅԴ-ի այն որոշումը, որ պետք է քննարկել ՀՀ արտգործնախարարի հրաժարականի հարցը, ասելով.

-Կուսակցական հայտարարությունները չեմ ուզում մեկնաբանել։ Հայաստանի արտաքին հարաբերությունների և հատկապես Արցախի խնդրի ու հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված՝ մի քանի ամիսը մեկ ծավալուն հոդված եմ հրապարակել՝ ի տարբերություն շատ-շատերի։ Անցած տարվա հոկտեմբերից շատ հստակ նշել եմ այն որոշ մտահոգություններն ու մարտահրավերները, որոնք առաջացել էին Գյուլին Հայաստան հրավիրելուց և ռուս-վրացական պատերազմից հետո։ Եթե ինչ-որ մարդիկ սկսել են տեսնել, որ իսկապես լուրջ խնդիրներ կան, դա իրենց խնդիրն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը