Աշխարհ

01.07.2013 17:33


Եվրոպան սպառնում է խափանել երբևէ նախատեսված խոշորագույն առևտրական պայմանագիրը ԱՄՆ-ի հետ

Եվրոպան սպառնում է խափանել երբևէ նախատեսված խոշորագույն առևտրական պայմանագիրը ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին պատասխանելով Եվրոպայի իր դաշնակիցների նկատմամբ գաղտնադիտարկման մասին մեղադրանքներին՝ հայտարարել է, թե նման գործելաոճը անսովոր բան չէ:

Նախօրեին գերմանական «Շպիգել» պարբերականում հայտնվել էր տեղեկություն այն մասին, որ Եվրոպայի մի շարք կառավարական և ներկայացուցչական հիմնարկներում տեղադրված են եղել գաղտնալսող սարքեր: Այս տեղեկատվության հրապարակումից քիչ անց ԵՄ պաշտոնյաները Վաշինգտոնից պարզաբանումներ էին պահանջել:

Բրունեում ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Քեթրին Էշտոնի հետ հանդիպման ժամանակ Ջոն Քերին հայտարարել էր, թե իրեն հայտնի չէ՝ պարբերականում հայտնված տեղեկատվությունը որքանով է արժանահավատ, սակայն ավելի ուշ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Միջազգային ասպարեզում իր շահերը ներկայացնող յուրաքանչյուր երկիր սեփական անվտանգությունը ապահովելու համար աշխույժ գործունեություն է իրականացնում, իսկ դրա համար անհրաժեշտ է համակողմանի տեղեկատվություն: Ես գիտեմ, որ դրանով զբաղվում են շատ երկրներ, բայց ես ձեռնպահ կմնամ այլ մեկնաբանություններից, մինչև չստանամ բոլոր փաստերը և չիմանամ, թե ինչն ինչոց է»:

Գերմանիան, Ֆրանսիան, Հունաստանը և Իտալիան այն երկրներից են, որոնց նկատմամբ ԱՄՆ հետախուզական ծառայությունները գաղտնադիտարկում են իրականացրել: Դրա մասին ասված է բրիտանական «Գվարդիանում»՝ հղում անելով ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության գերգաղտնի փաստաթղթերին, որոնք ներկայացրել էր Էդուարդ Սնոուդենը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ եվրոպական դեսպանատներին լրտեսելու ԱՄՆ-ին հասցեագրված մեղադրանքները առևտրական մեծ փաստաթղթի կնքման համար սպառնալիք են: Երբևէ նախատեսված խոշորագույն երկկողմանի առևտրական այս պայմանագրի վերաբերյալ բանակցությունները նախատեսված է սկսել հուլիսի 8-ին, սակայն Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ոչ մի բանակցության մասին խոսք լինել չի կարող, եթե հստակ երաշխիքներ չտրվեն, որ լրտեսումն անմիջապես կդադարեցվի:

Գերմանիայի կանցլերի խոսնակն էլ հայտարարել է. «Բարեկամներին լրտեսելն անընդունելի է: Մենք այլևս սառը պատերազմի մեջ չենք»։ Այնուհետև նա հավելել է, որ Գերմանիան ցանկանում է առաջ տանել այդ գործարքը «սակայն համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է փոխադարձ վստահություն»:

Հռոմը ևս արձագանքել է: Իտալիայի արտգործնախարար Էմա Բոնիոն Վաշինգտոնից պարզաբանումներ է պահանջել:

Նշենք, որ այդ փաստաթղթերից մեկի համաձայն՝ ԱՄՆ-ը գաղտնադիտարկում է իրականացրել ոչ միայն իր եվրոպական դաշնակիցների, այլ նաև այլ աշխարհամասերում իր դաշնակից երկրների նկատմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը