Մեկնաբանություն

02.07.2013 13:35


Իշխան Զաքարյանի «սախատ» ոտքը (տեսանյութ)

Իշխան Զաքարյանի «սախատ» ոտքը (տեսանյութ)

Նախագականում տեղի ունեցած «հակակոռուպցիոն» խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը տվեց վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների իր գնահատականը և նախանշեց պետական մարմինների հետագա գործողությունների ծրագիրը։

Ըստ այդմ՝ բյուջեի թալանը բացահայտած Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը սեփական փիարով է զբաղվել ու ջուր լցրել մութ ուժերի ջրաղացին և հետևաբար՝ պետք է պատասխան տա իր հայտնաբերածների համար։ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ճիշտ չի կողմնորոշվել ստեղծված իրավիճակում ու չի հայտարարել, որ թալանը չափվում է ոչ թե միլիարդավոր, այլ միլիոնավոր դրամներով (ընդամենը 200-300 միլիոնի սահմաններում)։ Սարգսյանն ակնկալում է, որ Աղվանը կշտկի սեփական սխալն ու կհայտարարի, որ բյուջեն մսխվում է 500 հազ. դոլարի չափով, այն էլ՝ Վերահսկիչ պալատի աշխատակիցների կողմից (բա ՀՔԾ ինչո՞վ է զբաղված)։ Դե իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը մաքուր է և թափանիցկ ինչպես չեխական «խռուստալը»։

Խորհրդակցության ժամանակ պարզվեց, որ Սերժ Սարգսյանի համար պետական չինովնիկի օրինակելի նմուշը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանն է, ով տնտեսական աճ է ցույց տալիս եղանակային բոլոր պայմաններում և արտագաղթի ցանկացած ցուցանիշի դեպքում։ Դե իսկ պետական պաշտոնյայի վարքագծի հիմնական կանոնը պետական գործերից տանը կամ նախագահի կաբինետում խոսելը պետք է լինի, այլ ոչ թե, ասենք, ԱԺ ամբիոնից չարաշահումներից դժգոհելը։

Փաստորեն, Իշխան Զաքարյանը «քաշվեց»։ Նա, թերևս, ճիշտ չէր հասկացել ամիսներ առաջ Սերժի արած՝ «կոռուպցիոներներին պետք է բռնել գլխից» հայտարարությունը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Սերժ Սարգսյանը, պատկերավոր ասած, ցեխը մտցրեց Տիգրան Սարգսյանին՝ նրան մեղադրելով «ատկատների» ուտման և կեղծ «տենդերների» կազմակերպման մեջ։ Դա այն ժամանակ էր, երբ դեռ հայտնի չէր, թե ովքեր պետք է մասնակցեն նախագահական ընտրություններին։

Ուշագրավն այն է, որ Իշխան Զաքարյանի բացահայտումները վերաբերում են 2012թ. բյուջետային միջոցների օգտագործմանը։ Այսինքն՝ այն ժամանակահատվածին, երբ ՀՀԿ ղեկավարը ատկատատյացություն էր խաղում։ Սերժին, սակայն, դուր չեն գալիս այդ բացահայտումները։ Պատճառը շատ պարզ է. ընտրությունները հետևում են և ձևական փիարի խնդիր Բաղրամյան 26–ն այլևս չունի։ Համ էլ՝ ՀՀԿ ղեկավարը երբ խոսում էր «գլխից բռնելու» մասին, զուգահեռաբար սեղմում էր բոլորի ոտքերը։ Զաքարյանի ոտքերից մեկը, «Ոսկե ցլիկը» ֆիլմի հերոսներից մեկի ոտքի նման, «սախատ» է եղել։ Ահա և այս խառնաշփոթի բուն պատճառը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը