Լրահոս

02.07.2013 18:35


Լոս Անջելեսում տրվեց Արամ Խաչատրյանի տարվա մեկնարկը

Լոս Անջելեսում տրվեց Արամ Խաչատրյանի տարվա մեկնարկը

Լոս Անջելեսի հեղինակավոր սրահներից մեկում` Disney Consert Hall-ում, հանդիսավորությամբ տրվեց Արամ Խաչատրյանի տարվա մեկնարկը: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ կազմակերպված գալա-համերգին, որին ներկա էին ԱՄՆ արեւմտյան ափի երաժշտասեր հասարակության եւ հայ համայնքի ներկայացուցիչներ, ելույթ ունեցան ԼԱ ֆիլհարմոնիկ եւ կամերային նվագախմբերի մենակատարներ:

Արամ Խաչատրյանի հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկի առթիվ Լոս Անջելեսում է գտնվում նաեւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը, որը երեկոյի նախօրյակին դասախոսությամբ հանդես էր եկել Հարավային Կալիֆորնիայի համալսարանում` ներկայացնելով մեծ կոմպոզիտորի կյանքն ու գործունեությունը:

Գալա-համերգի հյուրերին ներկայացվեցին աշխարհահռչակ կոմպոզիտորի հայտնի ստեղծագործություններ, ցուցադրվեցին կոմպոզիտորի գործուներությունը ներկայացնող արխիվային կադրեր, այդ թվում նաեւ` Արամ Խաչատրյանի` 1974 թվականին Լոս Անջելես կատարած այցի տեսաժապավենը:

Միջոցառման ընթացքում հայտարարվեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների խմբի ստեղծման մասին, որը սատարելու է ֆիլհարմոնիկի գործունեությանը` հայ երաժիշտներին աջակցելով հայկական դասական երաժշտությունն աշխարհին ներկայացնելու գործում:

Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված հաջորդ ձեռնարկը տեղի կունենա Հոլիվուդյան հայտնի կինոթատրոններից մեկի հարկի տակ՝ հայտնի Եգիպտական թատրոնում, որտեղ կցուցադրվի «Արամ Խաչատրյան» ֆիլմը: Հատկանշական է, որ «Կուն» հիմնադրամի կողմից նկարահանված փաստավավերագրական ֆիլմը երկու տարի առաջ արժանացել է «Բեւեռլի Հիլզ» կինոփառատոնի առաջին մրցանակին:

Այս խորագրի վերջին նյութերը