Աշխարհ

03.07.2013 11:15


Եգիպտոսի նախագահին զինհրամանատարության ներկայացրած վերջնագրի ժամկետն այսօր երեկոյան լրանում է

Եգիպտոսի նախագահին զինհրամանատարության ներկայացրած վերջնագրի ժամկետն այսօր երեկոյան լրանում է

Երեկ 45–րոպեանոց հեռուստաելույթում Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հայտարարել է, թե չի ընդունում զինվորական հրամանատարության վերջնագիրը, համաձայն որի՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար իրեն 48 ժամ է տրվում:

Զինվորական հրամանատարության հակաճգնաժամային ծրագրի համաձայն՝ սահմանադրության գործունեությունը պետք է կասեցվի, խորհրդարանը ցրվի, և արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեն:

Նախագահին ներկայացված վերջնագրի ժամկետը սպառվում է այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 18։30-ին: Լիբերալ ընդդիմությանը միավորող «Թամարոդ» ընդդիմադիր դաշինքի վերջնաժամկետը լրացել էր երեկ երեկոյան:

Նշենք, որ վիճակը ժամ առ ժամ բարդանում է, կառավարությունը կաթվածահար վիճակում է, նախարարների խորհրդի 12 անդամներից 6-ը, այդ թվում՝ երկրի արտգործնախարար Քամել Ամրան, հրաժարական են տվել, նրանց օրինակին են հետևել նաև կառավարության և նախագահի մամուլի քարտուղարները:

Հիշեցնենք, որ երեկ Կահիրեի և Ալեքսանդրիայի տարբեր հատվածներում տեղի էին ունենում նախագահ Մուրսիի տասնյակ հազարավոր հակառակորդների և կողմնակիցների զանգվածային ցույցեր:

Իշխող «Ազատության և արդարության» իսլամիստական կուսակցության ներկայացուցիչ Մոհամեդ Բիլթաջին նախագահի կողմնակիցներին կոչ է արել պատրաստ լինել նախագահին պաշտպանելու համար փողոցներ դուրս գալուն:

Համաձայն Եգիպտոսի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների՝ Մուրսիի հակառակորդների և կողմնակիցների միջև բախումների հետևանքով արդեն 16 մարդ մահացել է, 200–ը՝ վիրավորվել:

Այս խորագրի վերջին նյութերը