Ռասթքար էբրահիմխալիլին կարող է թմրամիջոցներ և հոգեմետ դեղեր ներմուծել Հայաստան
Անհատ ձեռնարկատեր Ռասթքար Էբրահիմխալիլին դիմել է ՀՀ կառավարությանը՝ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր ներմուծելու և մեծածախ վաճառք իրականացնելու թույլտվություն ստանալու համար: «pastinfo.am»–ը գրում է, որ նրա խնդրանքը բավարարելու մասին կառավարության որոշման նախագիծն արդեն ընդգրկվել է վաղվա նիստի օրակարգում:
Թե ով է Էբրահիմխալիլին, կամ ինչ դեղորայք է ներկրելու Հայաստան, կառավարությունը չի հրապարակում: Բայց պարզվում է, որ անհատ ձեռներեցն ունի հայաստանյան գրանցում: Նրա բնակության հասցեն է` քաղաք Երևան, Կոմիտաս 38/18, իսկ գրասենյակը գտնվում է էրեբունի, Արին Բերդի փողոց 6 հասցեում:
Նշենք, որ այս նախագիծը կառավարության հաստատմանը ներկայացրած առողջապահության նախարարության հիմնավորումը նախագիծն ընդունելու անհրաժեշտության մասին, մեղմ ասած, այնքան էլ հասկանալի չէ: «Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է անհատ ձեռնարկատեր Ռասթքար Էբրահիմխալիլի կողմից ներկայացված հայտին օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու անհրաժեշտությամբ»,- ասված է նախագծի ընդունման նպատակը ներկայացնող բաժնում:
Նշենք, որ պաշտոնական վիճակագրությունը հուշում է, որ մեր երկրում տարեցտարի աճում է հոգեմետ դեղերով եւ թմրամիջոցներով բուժում ստացող հիվանդների թիվը: Հետևաբար պահանջարկին զուգահեռ աճում է նաև առաջարկը:
Նախկինում այսօրինակ դեղամիջցների ներկրման, արտադրության և մեծածախ վաճառքի լիցենզիա ունեին ՀՀ-ում գրանցված միայն մի քանի կազմակերպություններ:
Կառավարության թույլտվությունը ստանալու դեպքում Ռասթքար էբրահիմխալիլին կդառնա Հայաստանում նման գործունեության իրավունքը ստացած առաջին և առայժմ միակ անհատ ձեռնարկատերը:
Ռասթքար էբրահիմխալիլին կարող է թմրամիջոցներ և հոգեմետ դեղեր ներմուծել Հայաստան