Ուղեկցող գումարտակի ավագ ոստիկանը մեղադրվում է պաշտոնեական անփութության մեջ
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ոստիկանության ուղեկցող գումարտակի ավագ ոստիկան Հ. Հովհաննիսյանի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ավագ ոստիկան Հ.Հովհաննիսյանի` ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձը դիմել է փախուստի:
Մասնավորապես` 2013թ. ապրիլի 18-ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալ Ա.Կաբալյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից դատարան ուղեկցելուց հետո, ըստ քրեական գործի նյութերի, Հ.Հովհաննիսյանը չի կազմակերպել կալանավորի հանձնումը դատական կարգադրիչներին, փաստացի շարունակել է կալանավորի ուղեկցումը նաև դատարանի շենքում` պատասխանատու մնալով ուղեկցման համար, չի տիրապետել ուղեկցման երթուղու առանձնահատկություններին, այն է` դատարանի նկուղային հարկում գտնվող խցերի փականների անհուսալի լինելու հանգամանքին և դրանք ներսից հեշտությամբ բացելու հնարավորությանը, ինչպես նաև կալանավորի մշտական հսկողությունն ապահովելու համար չի հաստատել ուղեկցողների միջև համագործակցության կարգը, ուղեկցող խմբի ոստիկաններին պատշաճ կարգով չի նախապատրաստել առաջադրանքի կատարմանը:
Արդյունքում` դատարանի նկուղային հարկում գտնվող երկու կալանավորներ մնացել են առանց հսկողության, ինչից օգտվելով` նրանցից մեկը` Ա.Կաբալյանը, ով մեղադրվում է ծանր հանցագործություններ` սեքսուալ բնույթի բռնի գործողություններ և ավազակություն կատարելու մեջ, բացել է խցի դուռը և դիմել փախուստի:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ուղեկցող գումարտակի ավագ ոստիկանը մեղադրվում է պաշտոնեական անփութության մեջ
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ոստիկանության ուղեկցող գումարտակի ավագ ոստիկան Հ. Հովհաննիսյանի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: