Մեկնաբանություն

03.07.2013 16:02


Թումանյա՛ն ջան, դու էլ ես ճանաչո՞ւմ Սարգսյան զույգին

Թումանյա՛ն ջան, դու էլ ես ճանաչո՞ւմ Սարգսյան զույգին

«Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր»,- գրում է Հովհաննես Թումանյանը:

Ավելի քան հինգ տարի հետեւելով Սերժ եւ Տիգրան Սարգսյանների գործունեությանը, նորից ու նորից հիշում ես Թումանյանին, որ իբրեւ պերսոնաժներ, ասես՝ ներկայացրել է հենց Սարգսյան զույգին:
Ահա՝ «Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:
Եվ հանկարծ․․․ դուք տեսնում եք․․․ Նա խաղ է անում, դերասանություն է անում:
Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:
Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածրերն ու կեղծավորները»:
Սարգսյան զույգի խաղն, իրոք, գարշելի է: Բլոկով գնել են «անկախ» լրատվամիջոցների, որոնք էլ արդարացնում են իրենց տերերի մեղսագործությունները:
Բիրիքով գնել են ժամկետանց ապրանք-քաղգործիչներին, «վերլուծաբաններին», «փորձագետներին», «հանրային կապերի մասնագետներիՆ» ու պալատական սազանդարներին, որոնց հիմնական «առաքելությունը» հանրությանը ապուշացնելն է:
Մեծ լոռեցին, ինչ իմանար, որ 21-րդ դարում էլ հայ ժողովրդի ճակատագիրը տնօրինելու էին մարդիկ, ովքեր ստեղծելու էին այն իրականությունը, որ նկարագրել է նույն ինքը՝ Թումանյանը. «Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել, չորրորդը բարեգործ է ձևանում, հինգերորդը գրող է կեղծում, վեցերորդը հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը գալիս է որպես դատավոր, ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու․․․»:
Սերժ եւ Տիգրան Սարգսյանները մեր կյանքը սարքել են անտրեպրիզային թատրոն. իրենք բեմադրում, իրենք էլ խաղում են գլխավոր դերերում՝ բնականաբար մնացած դերակատարներին էլ ընտրում են հենց իրենք:
Եվ առանց զզվանքի հնարավոր չէ նայել այս ներկայացումը: Ոչ միայն զզվում ես, այլեւ՝ մրսում. «Ու բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զզվում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեղծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, և զզվում եք վերջապես»:
Այն ժամանակ Թումանյանն էր զզվում ու մրսում, հիմա՝ մենք:
Ինչպես չզզվես ու չխորշես, երբ սրանք կեղծում են ընտրությունները, բայց հայտարարում են, թե դրանք անցել են «ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան»: Երբ ներկայանում են որպես «արեւմտամետ գործիչ» իրականում, սակայն՝ բնույթով, էությամբ ու գործելակերպով ավելի քան ծանոթ ռեժիմի մարմնացում են: Երբ իբրեւ օրինակելի պաշտոնյան գովաբանում են տնտեսական ցուցանիշներ «խփող» ու մարդահամարի տվյալները կեղծող ԱՎԾ ղեկավարին, սակայն «մոռանում» են նշել պետական պաշտոն զբաղեցնելու համար հակացուցված անձանց՝ լիսկայակերպ արարածների անունները: Երբ օֆշորի գործով միջնորդությունը տալիս են Կիպրոսի դատախազի բուռը, բայց մինչ այդ կոնկրետ Սերժ Սարգսյանից չի լսվում որեւէ գնահատական այդ սկանդալի վերաբերյալ: Փոխարենը վերջինս հրահանգում է «արագ անել» այսինքն՝ արագ հերքել Վերահսկիչ պալատի բացահայտումները: Ստացվում է, որ օֆշորի գործով Հայաստանի «իրավական պետություն» լինելու հանգամանքը չափազանց կասկածելի է, իսկ ա՛յ ՎՊ-ի բացահայտումների մասով լրիվ իրավական պետություն ենք:
Մոտեցումը պարզ է. օֆշորի գործը տնից դուրս հանելը ձեռնտու է զույգին, քանի որ «գործը» հայտնվում է ՀՀ տարածքից դուրս ու՝ «դե, Կիպրոսում քննում են այդ հարցը» պատճառաբանությամբ այստեղ հնարավոր է դառնում հանրային աղմուկի աստիճանական նվազեցումն ու մարումը:
Դե, մինչեւ օտար ափերում «քընընեն»՝ յա էշը կսատկի, յա իշատերը:
Էշը որ՝ հաստատ…

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը