Լրահոս

04.07.2013 12:51


Օմբուդսմենը և Մեծ Բրիտանիայի դեսպանը այցելեցին կալանավայր

Օմբուդսմենը և Մեծ Բրիտանիայի դեսպանը այցելեցին կալանավայր
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Միացյալ թագավորության դեսպան Քեթրին Լիչը այցելեցին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, որից հետո Պաշտպանի գրասենյակում տեղի ունեցավ ճեպազրույց Պաշտպանի և դեսպանի մասնակցությամբ։ Միջոցառման նպատակն էր ևս մեկ անգամ կարևորել ազատազրկվածների վիճակը քրեակատարողական հիմնարկներում և որպես համատեղ իրականացվող ծրագրի արդյունք ներկայացնել Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը խոշտանգումների և այլ անմարդկային վերաբերմունքի կանխարգելման վերաբերյալ:
2013 թվականին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին կից գործող Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհուրդը Հայաստանում Միացյալ թագավորության դեսպանության աջակցությամբ այցեր է իրականացրել և ուսումնասիրել է մոտ 133 փակ և կիսափակ հաստատություններ՝ արդյունքներն արձանագրելով միջանկյալ զեկույցում:
Զեկույցում բարձրացվել են մի շարք խնդիրներ, որոնք առկա են կալանավայրերում, ոստիկանության ստորաբաժանումներում և ձերբակալված անձանց պահման վայրերում, ՀՀ ՊՆ զորամասերում, հատուկ դպրոցներում, գիշերօթիկ հաստատություններում, մանկատներում, ինչպես նաև հոգեբուժական հիմնարկներում և սոցիալական խնամքի հաստատություններում:
Հատկապես խնդրահարույց է համարվում քրեակատարողական հիմնարկներում հաստիքացուցակով նախատեսված աշխատակիցների լրակազմի անհամապատասխանությունը պահվող անձանց քանակին, ինչպես նաև դատապարտյալների և հիմնարկի աշխատակազմի միջև բացակայում է կայուն և արդյունավետ հաղորդակցումը, ինչի մասին վկայում են ՔԿՀ-ների տարածքում արձանագրված ինքնավնասման դեպքերը: Խիստ մտահոգիչ է քրեակատարողական հիմնարկներում առկա գողական ենթամշակույթի տարրեր կրող անձանց արտոնյալ կարգավիճակը: Չի ապահովվում կալանավորների օրենքով սահմանված զբոսանքի իրավունքը, առկա է զբաղվածության (աշխատանքային, սպորտային, կենցաղային և այլն) բացակայության խնդիր, ինչը կարող է հանգեցնել պահվող անձանց միջանձնային հարաբերությունների վատթարացման: Անբավարար է սննդի ապահովման և բուժսպասարկման վիճակը:

Այս խորագրի վերջին նյութերը