Երևանի կրկեսի շենքի վրա 107.9 մլն դրամ են ներդրել, հետո պայթեցրել
Երևանի կրկեսի` 2011թ. սեպտեմբերին սկսված վերանորոգումը նախատեսված էր ավարտել 2014թ. վերջին: Համենայն դեպս, այս ժամկետն է նշված կառավարության հետ կրկեսի տնօրինության կնքած պայմանագրում:
Պայմանագրով շինարարական աշխատանքներին 1.5 տարի է մնացել, իսկ շենքն այդպես էլ չի կառուցվել: Ավելին` կրկեսի տնօրեն Հովհաննես Գասպարյանը դիմել է կառավարություն` խնդրելով փոփոխել պայմանագրով նախատեսված որոշ դրույթներ: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն ժամկետներին, այլև ներդրումների ծավալին:
Նշենք, որ դեռևս 14.02.2006թ. կրկեսի տնօրենի և պետական լիազոր մարմնի միջև կնքված մասնավորեցման պայմանագրով կրկեսի տնօրինությունը պարտավորվել էր շենքի վերանորոգման և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար ներդնել 650 մլն դրամ:
Ավելորդ չէ նշել, որ կրկեսի ղեկավարությունը թեև հանդիսանում էր դրա սեփականատերը, բայց քանի որ այսպիսի գումարներ չուներ, կրկեսի նոր շենքի կառուցման հովանավոր էր դարձել «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը:
Կառավարության և կրկեսի տնօրենի միջև ստորագրված պայմանագրով նաև ներդրումների հստակ ժամանակցույց էր սահմանվել. մինչև 31.12.2011թ.՝ 100 մլն դրամ, մինչև 31.12.2012թ.՝ 150 մլն դրամ, մինչև 31.12.2013թ՝. 200 մլն դրամ և մինչև 31.12.2014թ.՝ 200 մլն դրամ:
Սակայն այս տարի կառավարություն ներկայացրած գրությամբ Հովհաննես Գասպարյանը խնդրել է պայմանագրում սահմանված ժամկետները երկարաձգել` առաջարկելով ներդրումները կատարել հետևյալ ժամկետներում. մինչև 31.12.2013թ.՝ 193 մլն դրամ, 31.12.2014թ.՝ 200 մլն դրամ և 31.12.2015թ՝. 150 մլն դրամ:
Սակայն փոխվել են ոչ միայն ժամկետները, այլև նվազել է ներդրումների ծավալը: 650 մլն-ի փոխարեն կրկեսի տնօրինությունն առաջարկում է կատարել 543 մլն-ի ներդրում:
Բանն այն է, որ ըստ Հ.Գասպարյանի` 2011թվականի ընթացքում կրկեսի շենքի վերակառուցման նպատակով արդեն կատարվել է 107.9 մլն դրամի ներդրում և մնացել է ևս 543 մլն դրամ ներդնել:
Հիշեցնենք. 2012թ. սեպտեմբերի 8-ին կրկեսի շենքը պայթեցվել էր` տեղում նոր` ավելի հարմարավետ և ժամանակակից շենք կառուցելու նպատակով:
Փաստորեն ստացվում է, որ նախ շենքի վրա 100 մլն-ից ավելի դրամ է ծախսվել, հետո շենքը պայթեցվել է:
Ի դեպ, կրկեսի շենքը պայթեցնելու պատճառների մասին ժամանակին այդպես էլ պաշտոնական սպառիչ բացատրություն չտրվեց: Եվ ահա 1 տարի անց վերջապես բացահայտվում են իրական պատճառները:
Կրկեսի տնօրենը կառավարությանն ուղղված նամակում գրում է. «Իրականացվող հերթական շինարարական աշխատանքների քննարկման արդյունքում (շին. մասնագետների խորհրդով) անհրաժեշտություն է առաջացել ստուգելու շենքի սեյսմակայունության հարցը, ինչի հիման վրա 17.02.2012թ., ստանալով մասնագիտական եզրակացություն, պարզ է դարձել, որ շինարարությունը շարունակելն անհնար է, շենքը սեյսմակայուն չէ և ենթակա է քանդման»:
Պակաս հետաքրքրական չէ նաև կառավարության արձագանքը տնօրենի նամակին. «Հաշվի առնելով այն փաստը, որ շենքի սեյսմակայունության մասին պայմանագրի կողմերից որևէ մեկը չի իմացել, նախկինում կատարված ներդրումների իմաստը կորել է»: Այսինքն` կողմերից յուրաքանչյուրը յուրովի խոստովանում է, որ նման խոշոր շինարարական ծրագիրն իրականացվել է առանց համապատախան փորձաքննությունների և պատշաճ ուսումնասիրությւնների: Արդյունքում 107 մլն-ը ուղղակի փոշիացվել է:
Սակայն կա նաև մեկ այլ վարկած. Նախքան կրկեսի շենքը պայթեցնելը, 2012թ. հուլիսին, նախ պայթեցվեց շենքի գմբեթը` մեկնաբանությամբ, թե շինության հիմնական մասը պահպանվելու է և ծառայելու է նախատեսված նոր կառույցի հիմք: Չի բացառվում, որ շենքի ամրությունը տուժել էր հենց այս առաջին պայթյունից և հետագայում պարզ էր դարձել, որ այն ևս պետք է պայթեցվի:
Սակայն, այս դեպքում ևս եզրահանգումը նույնն է. Շինարարական ծրագիրն իրականացվել է առանց մասնագիտական եզրակացությունների և ուսումնասիրությունների:
Ինչևէ, փաստը մնում է այն, որ այս ամենի արդյունքում փոշիացվել են բավական կլորիկ գումարներ (եթե իհարկե դրանք ի սկզբանե ներդրվել էին), իսկ պատկան մարմինները համապատասխան քայլեր ձեռնարկելու փոխարեն մտածում են պայմանագիրը ստեղծված իրավիճակին հարմարեցնելու մասին:
Կրկեսին առնչվող նախագիծն արդեն ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
Երևանի կրկեսի շենքի վրա 107.9 մլն դրամ են ներդրել, հետո պայթեցրել