Մեկնաբանություն

04.07.2013 13:41


Իրական և կեղծ օրակարգեր

Իրական և կեղծ օրակարգեր

Քաղաքական դաշտում դոմինանտ դերակատարում է ստանում նա, ով ձևավորում է քաղաքական օրակարգ:

Այնպես է ստացվել, որ ընթացիկ ժամանակահատվածում, իրենց կամքից անկախ, քաղաքական օրակարգ են ձևավորել գործարար Փայլակ Հայրապետյանը, «Հետք» լրատավականը և Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նրանք հասարակական–քաղաքական օրակարգի թեմա են դարձրել օֆշորային սկանդալը և բյուջետային միջոցների թալանի հարցը։

Իշխանությունն ի դեմս Սերժ Սարգսյանի փորձում է ձևավորել քաղաքական նոր օրակարգ՝ կեղծ թիրախների ներմուծմամբ։ Ըստ այդմ՝ ոչ թե Իշխան Զաքարյանի բացահայտումն է կարևոր, այլ նրա դղյակը, ոչ թե օֆշորային սկանդալը պետք է քննարկել, այլ պետք է փնտրել այն «մութ ուժերին», որոնք ջրի երես հանեցին վարչապետի մեքենայությունները։

Կեղծ օրակարգի ռահվիրա Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ այս նույն մեթոդով փորձում է շեղել հանրային ուշադրությունը բնականոն կերպով ձևավորված քաղաքական օրակարգից՝ կեղծված ընտրություններից: Ընդհանրապես Ազատիչը սիրում է կեղծ` ֆեյք, երևույթներ. կեղծ ընտրույթյուններ, կեղծ ընդդիմություն, կեղծ մրցակիցներ, կեղծ քննադատություն, քանզի ինքը ոչ լեգիտիմ է և այդպիսին է պատկերացնում իրեն շրջապատող ամեն ինչ։

Այս իշխանությունը չի էլ թաքցնում իր «կեղծասիրությունը», պարզապես կեղծ բառի փոխարեն օգտագործում է «նոր» կամ «նոր որակի», « նոր մշակույթ ներկայացնող» ձևակերպումները (օրինակ` նոր որակի ընտրություններ, նոր ընդդիմություն, նոր մշակույթ ներկայացնող նախագահ…):

Սերժ Սարգսյանը մի տեսակ հակում ունի ամեն ինչ կեղծելու, անգամ սեփական էմոցիաները: Օրինակ, օրեր առաջ նա այնպես զայրացած և լուսնից նոր իջածի տոնով էր խոսում Վերահսկիչ պալատի հրապարակած զեկույցի մասին, կարծես ինքը հենց նոր է ծանոթացել այդ փաստաթղթին և դա իրեն անչափ ջղայնացրել է: Այնինչ Վերհսկիչ պալատի զեկույցին Սերժ Սարգսյանը ծանոթացել է ոչ թե Իշխան Զաքարյանի ԱԺ-ում ունեցած ելույթից, այլ զեկույցի հրապարկումից ավելի շուտ:

Երեկ «Գալայի» հետ զրույցում Վերահսկիչ պալատի նախագահի խոսնակ Աննա Վարդանյանը հայտարել է. «Օրենքով սահմանված կարգով հաշվետվությունը, երբ որ խորհուրդը հաստատում է, Վերահսկիչ պալատի խորհրդի հաստատումից անմիջապես հետո, տասն օրվա ընթացքում և հետո մեկ ամսվա ընթացքում ներկայացվում է ԱԺ նախագահին, կառավարությանը և հանրապետության նախագահին»:

Ստացվում է, որ երբ Սերժ Սարգսյանը Զաքարյանին ասում էր, թե ճիշտն իր կաբինետում խոսելն է, իրականում այդպես էլ եղել է, քանի որ զեկույցը, օրենքով սահմանված կարգով, նախ ներկայացվել է նախագահի գրասենյակ, ապա նոր միայն հնչել է ելույթը։ Այսինքն՝ Սարգսյանը լավ էլ տեղյակ է եղել բացահայտումների ծավալներից։ Իսկ թե ինչի համար էր այդ շոուն, կարելի է գլխի ընկնել։ Սերժն ուզում էր ասել, որ «ինչ անում ենք, լավ ենք անում»։ Այլ ուղերձ չկար նրա խոսքում։

Ինչ վերաբերում է Սարգսյանի հուզմունքի իրական պատճառին, ապա նա, իրոք, հուզվելու առիթ ուներ: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի ձևավորած կեղծ խորհրդարանը սկսում է իրականի վերծվել: Համենայնդեպս այդպիսի մտավախություն ունի Սերժ Սարգսյանը։ Մասնավորպես ԱԺ նախագահ Հովիկ Աբրհամյանի՝ Վերահսկիչ պալատի բացահայտումների վերբերյալ արձագանքը Ազատիչը իբրև դավադրույթուն և հեղաշրջման փորձ է դիտարկում: Այ սա՛ է Սերժ Սարգսյանի հուզմունքի իրական պատճառը: Այդ իսկ պատճառով Ազատիչին սպասարկող «ազատ» մամուլը ջանում է նոր կեղծ թիրախ ձևավորել` Հովիկ Աբրահամյանի ուենցվածքը, որի մասին մամուլը կարծես հենց նոր իմացավ:

Հանրության խնդիրն այս պայմաններում պետք է լինի իրական և կեղծ օրակարգերի տարանջատումը։

Տաթևիկ Պողպատյան

Այս խորագրի վերջին նյութերը