Լրահոս

04.07.2013 15:48


Շինարարության ժամկետները կպահպանվեն

Շինարարության ժամկետները կպահպանվեն

Գործադիրը նախկինում ընդունած իր որոշումներից մեկի փոփոխությամբ ապահովել է Վայոց ձորի մարզի Ելփին, Արարատի մարզի Վարդաշեն գյուղերի դպրոցների հիմնանորոգման և կառուցման, Շիրակի մարզի Մարալիկի 9 բազմաբնակարան կիսակառույց շենքի շինարարության ավարտի աշխատանքների կատարումը։ Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և Գեղարքունիքի մարզպետին հանձնարարել սույն որոշման համաձայն նախատեսված 59.5 մլն դրամով ավարտել մարզի Ծակքար գյուղի միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի շինարարությունը։ Նույն ընթացակարգով Կոտայքի մարզպետին թույլատրվել է Չարենցավանի N5 դպրոցի շենքի հիմնանորոգման ժամանակ տնտեսված ավելի քան 30 մլն դրամն իրացնել Պռոշյան համայնքի դպրոցի շենքի հիմնանորոգման նպատակով։ Կառավարությունն ընդունել է գնման գործընթացի կազմակերպման որոշում, որը վերաբերում է Շիրակի մարզի Մեծ Մանթաշի դպրոցի մասնաշենքերի վերակառուցման հրատապ խնդրին և ենթադրում է դպրոցի հիմնանորոգման աշխատանքի կատարման պետգնման ծավալաթերթի փոփոխություն։ Մեկ այլ որոշմամբ վերաբաշխում կատարելով 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` կառավարությունն ավելի քան 93 մլն դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` «Կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծախսային ծրագրով նախատեսված օբյեկտների վերակառուցման մրցունակ շինարարական արտադրանքի ձեռքբերման, նորակառույց օբյեկտների շահագործման նպատակով։

ՀՀ 2013թ. պետբյուջեի ևս մեկ վերաբաշխմամբ և իր նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ և լրացմամբ գործադիրը նախատեսել է ապահովել հրատապ հիմնանորոգում պահանջող մի շարք ճանապարհահատվածների անցանելիությունը և երթևեկության անվտանգությունը։ Խոսքը վերաբերում է 2012 թ. դեկտեմբերի վերջից երկրի նախալեռնային և լեռնային շրջաններում տեղացած ձյան և ջերմաստիճանի կտրուկ փոփոխության հետևանքով առաջացած ճանապարհածածկի քայքայմանը և փոսայնության շեշտակի մեծացմանը։ Հիմնանորոգման համար տրամադրվել է մոտ 1 մլրդ դրամ, որից ավելի քան 230 միլիոնն առաջացած տնտեսման հաշվին է։

Այս խորագրի վերջին նյութերը