Լրահոս

13.07.2009 19:44


Շիրակ Թորոսյանը դեռևս «անցանկալի» է Վրաստանի համար

Հուլիսի 12-ին Ջավախքի Կարզախ գյուղում տեղի է ունեցել Ջիվանուն նվիրված ավանդական տոնակատարությունը: Տոնին մասնակցելու համար Ջավախք էր մեկնել «Ջավախք» հայրենակցական միության պատվիրակությունը, որի կազմում են եղել նաև ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Արա Նռանյանը և Լիլիթ Գալստյանը, Գրողների միության անդամներ, մշակույթի գործիչներ, լրագրողներ և այլոք:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլու Հայաստան այցից առաջ անհիմն պատճառաբանությամբ արգելվեց ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի մուտքը Վրաստան: Վրացական իշխանությունների այս հերթական քայլը, որը ևս ուղղված էր Ջավախքում մշակութային-հասարակական ակտիվությունը կոտրելուն, վերստին անցավ ապարդյուն: Ավելին, Կարզախում Ջիվանուն նվիրված դաշտահանդեսը ավելի մարդաշատ էր, քան նախորդ տարիներին: Ի դեպ, Վրաստանից տոնին մասնակցում էր միայն Վրաստանի հայ համայնքի ղեկավար Գենա Մուրադյանը:

ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր ելույթում կարևորելով հայ-վրացական բարեկամությունը, խստորեն քննադատեց վրաց իշխանությունների վարած քաղաքականությունը Ջավախքում, նշեց ջավախքահայության իրավունքների ոտնահարման ակտհայտ փաստերը, և, մասնավորապես, անդրադարձավ ԱԺ պատգամավոր Շ. Թորոսյանի Վրաստան մուտքը արգելելու աննախադեպ փաստին, հույս հայտնելով որ այդ թյուրիմացությունը արագորեն կհարթվի և չի ստվերի հայ-վրացական բարեկամությունը: Պատգամավորը նաև կարևորեց այն գաղափարը, որ ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորները պարտավոր են կանգնել ջավախքահայության կողքին և պաշտպանել նրանց իրավունքները:

Ի դեպ, միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Սանոսյանը և Տաճատ Վարդապետյանը, որոնք հայտնի են որպես Ջավախքում բանտ կառուցելու և Ջավախքը աքսորավայրի վերածելու տխրահռչակ ծրագրի հեղինակներ:  

Այս խորագրի վերջին նյութերը