Մեկնաբանություն

05.07.2013 11:35


Կուսակցությունը մեր միտքն է, մեր խիղճն ու պատիվը

Կուսակցությունը մեր միտքն է, մեր խիղճն ու պատիվը

Երբ պետությունն ու իշխանությունը կամ՝ պետությունն ու իշխող կուսակցությունը նույնանում են, այլեւս զարմանալի չի թվում, որ ՀՀԿ գործադիր մարմնի գիշերային նիստերը իրենց նշանակությամբ եւ կարեւորությամբ ստվերում են թողնում կառավարության նիստերը: Այսինքն՝ Հանրապետականի գործադիր մարմնի հավաքները շատ ավելի կարեւոր նշանակություն են ձեռք բերում, քան ամեն հինգշաբթի հրավիրվող կառավարության նիստերը:
Ավելին՝ ՀՀԿ կուսակցական վերնախավի գիշերային ժողովների օրակարգի առջեւ խամրում են նախագահականում տեղի ունեցող քննարկումները:
Բայց երեկվա ՀՀԿ ԳՄ նիստից առաջ այդ հերթական հավաքի նկատմամբ լրատվամիջոցների դրսեւորած աշխույժ կամ «հիստերիկ» հետաքրքրությունը այնպիսի իրարանցում առաջ բերեց, ասես ոչ թե հայաստանյան իշխող ուժը, այլ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է նիստ գումարում:
Ուղղակի ծիծաղելի է աննախադեպ շուխուր բարձրացնել Հանրապետականի գիշերային հավաքների կապակցությամբ, երբ ավելի քան պարզ է, «թե ինչ ոգով ու շնչով» են դրանք անցնում:
Իրականում այդ հավաքները հիշեցնում են բրեժնեւյան շրջանում գումարվող պոլիտբյուրոյական կամ ԽՄԿԿ նիստերը, երբ ներկաները անթարթ հայացքով լսում էին գլխավոր քարտուղարին կամ կուսառաջնորդին, միաձայն քվեարկում էին վերջինիս առաջարկների օգտին՝ չհանդգնելով անգամ որեւէ հարցում առարկել առաջնորդին:
Նույն պատկերն է այսօր ՀՀԿ գիշերային ու ցերեկային նիստերի ու համագումարների ժամանակ:
Բրեւժնեւյան օրերի ու այսօրվա միջեւ տարբերությունը միայն այն է, որ հիմա ՀՀԿ գրասենյակը «պաշարում» են բողոքավոր մարդկանց խմբեր: Թե չէ՝ ամեն ինչ նույնն է:
Թեպետ՝ եթե նկատի առենք ՀՀԿ բարձրաստիճանների անտարբեր վերաբերմունքը բողոքավորների նկատմամբ եւ նրանց հեշտությամբ տուն ուղարկելու «բացառիկ հմտությունները», ապա կարելի է համարել, որ կուսակցության կենտրոնական գրասենյակի առջեւ բողոքի ակցաներ էլ չեն լինում:
Խոսակցությունները, թե երեկվա գիշերային նիստում սենսացիաներ են սպասվում, պարզվեց՝ բացահայտ տխմարություններ էին:
Սերժ Սարգսյանը, որ մտադրվել էր քննարկել «խոհրդարանում քաղաքական մեծամասնության պահվածքի» հարցը, երեկ այնպես է «քննարկել», որ դժգոհներ չեն եղել:
Այսինքն՝ հրաժարականներ չեն սպասվում: Փոխարենը՝ նոր նշանակում է սպասվում: Խոսքը հանրապետական պատգամավորին՝ Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու մասին է:
Փաստորեն «սենսացիա» չեղավ եւ չէր էլ կարող լինել: Հետո ինչ, որ Սերժ Սարգսյանը ակնարկել էր «մեծամասնության պահվածքը» քննելու կարեւորության մասին: Պարզ է, ՀՀԿ առաջնորդին չի գոհացրել խոհրդարանում Վերահսկիչ պալատի հաշվետվության ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորների բռնած դիրքը: Երեւի ուզում էր, որ մեծամասնությունը տեղում խեղդեր Իշխան Զաքարյանին, ինչը չի արել:
Դե, հիմա էլ որոշել է նրանց «պահվածքի» հարցը կանոնակարգել օրենքով: Սերժ Սարգսյանը երեկ կարգադրել է փոփոխություններ մտցնել Վերահսկիչ պալատի մասին օրենքում: Որքան հասկանում ենք, այդ փոփոխություններով նախատեսվում ՎՊ-ի հաշվետվությունները մինչ խոհրդարանում ներկայացնելը անցակցնել հազար մաղի միջով եւ նոր միայն ներկայացնել օրենդիր մարմնի դատին:
Այսինքն՝ այնքան «պարզաջրել» այդ հաշվետովությունները, որ դրանք լսելուց հետո ոչ մի իշխանավոր իրեն վատ չզգա, ոչ ոք չասի՝ «բռնեք թալանչիներին»: Եթե այդպիսի «մաքրամաքուր» բովանդակությամբ հաշվետվություններ ներկայացվեն խորհրդարան, այլեւս քաղաքական մեծամասնությունը «դիսկոնֆորտի» մեջ չի հայտնվի՝ չիմանալով ինչպես պահել իրեն:
Բացի այդ էլ, Սերժ Սարգսյանը բյուջեի յուրացումների մասով կլսի իր համար պատկերացնելի թիվ՝ քարը ճաքի-տրաքի՝ 200 միլիոն, եւ ոչ թե 700 միլիարդ:
Այնպես որ ամեն ինչ նորմալ է, նույնիսկ հրաշալի: Դե, կողքից էլ մեկ-մեկ Տիգրան Սարգսյանը թող ասի՝ եկել է պատասխան տալու ժամանակը:
Երեկ տեղի ունեցած հերթական գիշերային նիստը ցույց տվեց, որ պատասխան տվողների շարքում ոչ ինքը՝ վարչապետը կա, ոչ էլ նրա կուսակիցներն ու առաջնորդը:
Քանզի՝ «Կուսակցությունը մեր միտքն է, մեր խիղճն ու պատիվը»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը