Մեկնաբանություն

06.07.2013 13:00


ՀՀ իշխանությունների վերջին հանգրվանը

ՀՀ իշխանությունների վերջին հանգրվանը

Դատելով ամենից՝ մեզանում ամենապահանջված ապրանքը կամ ավելի ճիշտ՝ մասնագիտությունը, դառնում է «հայրենասիրությունը»։

Սերժ Սարգսյանին, իր շրջապատին ու «անկախ» լրատվամիջոցներին այլ բան չի մնում անելու, քան «հայրենասիրությամբ» զբաղվելը, քանզի ձախողումներ են արձանագրվել ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում։ Իսկ նման պայմաններում «հայրենասիրությունն» օդ ու ջրի պես է հարկավոր, մանավանդ որ սեփական սխալներիդ և անգործությանդ պատճառով պատերազմը թակում է դուռդ։

«Հայրենասիրությունն» այլևս արտոնված է պետության կողմից։ Հիմա անցել են այն ժամանակները, երբ Բաղրամյան 26–ից արգելված էր, օրինակ, Հ1–ով որևէ թթու խոսք ասել Թուրքիայի հասցեին։

Այսպես, փոխանակ օֆշորի ու բյուջեն թալանելու գործում կազմակերպիչներին, դրդիչներին և օժանդակողներին գտնելու, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բարձրացնում է Հայոց ցեղասպանության կատարողների, համակատարողների, դրդիչների ու օժանդակողների հարցը։ Նա բյուջեն մսխողներից փոխհատուցում պահանջելու փոխարեն Թուրքիայից հողեր է պահանջում։

Ուշագրավն այն է, որ տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության կնքահայր Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական խոսափողներից հանդիսացող «lragir.am»-ը ձայնակցում է Աղվան Հովսեփյանին և նույնպես հանդես գալիս պահանջատիրության դիրքերից։

Հետաքրքիր է, իսկ ո՞ւր էին Թուրքիայից տարածք պահանջողները հայ–թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ։ Բա ինչո՞ւ ծպտուն չէին հանում, որ այդ արձանագրություններով Հայոց ցեղասպանության հարցը Սերժ Սարգսյանը վերածում է առևտրի առարկայի ու փաստացի մատնում մոռացության։ Ինչո՞ւ Աղվան Հովսեփյանը, ցեղասպանության թեմայով խոսելիս, չի անդրադառնում այդ արձանագրություններին և որպես իրավաբան չի դատափետում այն։ Ինչու՞ «lragir.am»–երը, որոնք մտքի հաշմանդամություն են քարոզում, «արևմտամետ» Սերժ Սարգսյանին չեն հիշեցնում թուրքական «բաղնիքի» մասին։

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում խայտառակ արդյունք արձանագրած և պատերազմի հավանականությունը մեծացրած ՀՀԿ ղեկավարը հանկարծ ու պահանջատիրություն է խրախուսում։ Մի խոսքով...

«Հայրենասիրությունն», իրոք որ, վերջին հանգրվանն է դառնում բոլոր նրանց համար, ովքեր հայրենիքը դարձնում են մանրամեծածախ առևտրի առարկա։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը