Մեկնաբանություն

07.07.2013 00:10


«Ատկատը» թույլատրվում է միայն «պրոֆսայուզի» անդամներին

«Ատկատը» թույլատրվում է միայն «պրոֆսայուզի» անդամներին

Վարչապետին ոչ մի կերպ չի հաջողվում «սառեցնել» օֆշորի թեման։ Հերիք չէ մի քանի լրատվամիջոց և քաղաքական գործիչ ոչ մի կերպ չեն փակում թեման, դեռ մի բան էլ դրսից «դեսանտ» է իջնում։

Ինչպես հայտնի է, օրերս Կիպրոսի դատախազ Պետրոս Քլերիդեսը հավաստիացրեց, որ օֆշորային գոտում անհնար է որևէ մեկի անունով կազմակերպություն գրանցել` առանց նրա թույլտվության, կամ` առնվազն լիազորված անձի միջնորդության: Դժբախտությունը, փաստորեն, միայնակ չի գալիս։ Տվյալ դեպքում այն եկավ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապվող օֆշորի հայրենիքից՝ Կիպրոսից։

Տեսնես Կիպրոսի դատախազին ինչքա՞ն էին տվել՝ օֆշորի թեման «տաք» պահելու համար։ Տալ–առնելու գիտակներից է պետք ճշտել։

Հետաքրքրական է, որ Կիպրոսի դատախազի այս հայտարարությանը որևէ պաշտոնյա, նույնիսկ գործի հետ ուղղակի կապ ունեցող Տիգրան Սարգսյանը, չեն անդրադարձել: Միայն Գագիկ Հարությունյանն է հայտարարել, որ հիմքեր չունի Կիպրոսի դատախազին չհավատալու։

Թեման ջանասիրաբար փորձում է շրջանցել նաև Բաղրամյան 26-ի կողմից վերահսկվող «ազատ» հռչակված մամուլը: Ավելին, իշխանական մամուլի համար Կիպրոսի դատախազի սկանդալային հայտարարությունից առավել կարևորվել է ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանի «ռազմա–հայրենասիրա–հերոսական» պահանջ-հայտարարությունը, որը նա արել է Սփյուռքի նախարարության կազմակերպած համաժողովում:

Բազմաչարչար հայ ժողովուրդը տեղեկացավ, որ Ա. Հովսեփյանը Թուրքիայից հող է պահանջում, այսինքն՝ զբաղված է անշառ գործով։ Այ եթե նա Տիգրան Սարգսյանի կալանքը պահանջեր օֆշորի ու բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործման համար, ապա դա իսկական «շառ» կլիներ, քանզի Սերժ Սարգսյանն արդեն նշել է, որ իրականում ամեն ինչ մաքուր է և միայն 200 միլիոնի չարաշահում պետք է փնտրել և վերջ։ Ու քանի որ գլխավոր դատախազի փոխարեն ամեն ինչ որոշվել է, այդ իսկ պատճառով էլ Գառնիկիչը ընկած Թուրքիայից է բան պահանջում և իր էներգիան այլ ուղղությամբ է ծախսում։

«Ազատ» մամուլին էլ այս պայմաններում այլ բան չի մնում, քան Աղվան Հովսեփյանին քաղաքական դաշտ մղելը՝ ձեռքի հետ «պարզաջրելով» Տիգրան Սարգսյանին։

Տիգրան Սարգսյանին փրկելու գործում, ինչպես նշեցի, ամենամեծ ներդրումը ունեցավ Սերժ Սարգսյանը: Իր վերջին ելույթում Ազատիչը հստակ ցույց տվեց, որ այս երկրում կատարվող յուրաքանչյուր խոշոր չափի թալան թույլատրված է միայն, այսպես ասած, իշխանական «պրոֆսայուզի» անդամներին։ Իսկ այդ թալանի մասին բարձրաձայնող յուրաքանչյուր պաշտոնյա պատասխան կտա «օրենքի» ողջ խստությամբ: Խոսքս «սարերի» օրենքի մասին է։

Վարչապետը, ստանալով Սերժ Սարգսյանի «դաբրոն» ու հրահանգը, արդեն անցել է գործի։ Կառավարության նիստի ժամանակ նա հայտարարեց, որ եկել է պատասխան տալու ժամանակը: Զարամանալի է, բայց փաստ, որ այս մասին հայտարարում է մի պաշտոնյա, ով երբեք պատասխան չի տվել իր արածի ու չարածի համար:

Սերժ Սարգսյանը իր քայլերով փաստում է, որ ինքը պատրաստ է կանգնել այն պաշտոնյաների կողքին, ովքեր «ատկատում» են իր հովանու ներքո։ Հենց այդ պատճառով էլ` Սարգսյանը պատերազմ է հայտարարում միայն այն թալանի դեմ (բնականաբար, դրանք հիմնականում շատ ավելի փոքր չափերի են), որոնք իրականցվում են առանց իր վերահսկողության: Իսկ նախագահականի բարձր հովանու ներքո արված յուրաքանչյուր թալանի չբացահայտման համար Սերժ Սարգսյանը գնում է ամենածայրահեղ քայլերի, օրինակ`բացահայտ ճնշում է գործադրում իրավապահ համակարգի և Վերհսկիչ պալատի վրա, ինչը սահմանդրական լիազորությունների գերազանցում է: Ուստի՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի պահանջը մնում է առաջնայինը այսօրվա քաղաքական օրակարգում: Այլ հարց է, թե որքանով է դա հնարավոր այսօրվա քաղաքական դասավորվածության պարագայում։

Տաթևիկ Պողպատյան

Այս խորագրի վերջին նյութերը