Լրահոս

07.07.2013 13:29


Նոր եկեղեցու հիմնարկեքի արարողություն Ջավախքում

Նոր եկեղեցու հիմնարկեքի արարողություն Ջավախքում

Հուլիսի 6-ին Նինոծմինդայի շրջանի Նամզարա գյուղում, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Տեր Արմաշ և Տեր Տաթև քահանաների կատարվեց նոր կառուցվող Սբ Մեսրոպ Մաշտոց երկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Նամզարա գյուղում կառուցվում է նոր եկեղեցի` բարերարությամբ Հակոբ Խաչատրյանի:
Վազգեն Սրբազանի հանդիսապետությամբ Տեր Արմաշ և Տեր Տաթև քահանաները նախ գինով և ջրով լվացին, և ապա սրբալույս մյուռոնով թեմակալ առաջնորդը օծեց տասներկու առաքյալների ու 2 ավետարանիչների, Պողոս առաքյալի և Գրիգոր Լուսավորչի անուններով հիմնաքարերը, որից հետո դրանք տեղադրվեցին նոր կառուցվելիք եկեղեցու հիմքում:
Արարողության ավարտին քարոզի խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդը կարևորեց եկեղեցու դերը գյուղի կյանքում:
«Նամզարեցիներն իրենց մեջ ունենալով Հակոբ Խաչատրյան բարերարը` հիմքը դրեցին այս գեղեցիկ եկեղեցու: Օրվա խորհուրդը շատ մեծ է, գիտենք ժողովուրդն ինչքան դժվար է ապրում, բայց այս ամեն դժվարությունների մեջ մտածում են նաև հոգևոր կյանքի մասին: Թող ամուր և օրհնաբեր լինեն այս հիմնաքարերը, որ երբեք այս տաճարի դռները չփակվեն, չսասանվի և նա հազարավոր տարիներ իր հոգևոր ծառայությունը մատուցի գյուղի բնակչությանը»,-իր խոսքում նշեց Վազգեն սրբազան Միրզախանյանը:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

Այս խորագրի վերջին նյութերը