Մեկնաբանություն

09.07.2013 10:30


Անգործություն = դավաճանություն

Անգործություն = դավաճանություն

Ինչո՞վ են զբաղված «սառը» պատերազմի մեջ գտնվող Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։ Իլհամ Ալիևը սրընթաց կերպով զինվում է և պատրաստվում Հայաստանի դեմ պատերազմին, իսկ Սերժ Սարգսյանը սրընթաց կերպով տոկոսներ է «խփում» և պատրաստվում իշխանությունը պահելուն։ Այսինքն՝ մեծ հաշվով երկուսն էլ Հայաստանի դեմ են գործում։

Հետևե՛ք լրահոսին, և պարզ կդառնա, թե ինչ հարցեր են Ալիևի օրակարգում, իսկ ինչ հարցեր են Սարգսյանի օրակարգում։ Ալիևը խորհրդակցություններ է հրավիրում ու խոսում սպասվող հարձակումից, իսկ Սարգսյանը խորհրդակցություններ է հրավիրում և ցուցումներ տալիս, թե ինչպես պետք է թաքցնել բյուջեի թալանը։ Դե, իսկ ՀՀԿ–ում քննարկում են թալանը կոծկելու և թալանը կանոնակարգելու հարցերը։ Ասել է թե՝ ազգային անվտանգությանն առնչվող հարցերում Ս. Սարգսյանն անգործության է մատնված, ինչը հավասարազոր է դավաճանության։

2008թ. այս կողմ ՀՀ իշխանությունների արած միակ քայլը, որն իբր պետք է նպաստեր մեր դիրքերի լավացմանը, «ֆուտբոլային» դիվանագիտությունն էր։ Այն իրականում թուլացրեց մեր դիրքերը և՛ Ղարաբաղի հարցում, և՛ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով։ Հայ–թուրքական գործընթացը բերեց այն բանին, որ Թուրքիան լեգիտիմ ձևով ներգրավվեց Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում։ Դա Սարգսյանի կոպիտ սխալի հետևանքն էր։ Արդյունքում՝ Ադրբեջանը, Թուրքիայի գործուն աջակցությամբ, բարձրացրեց իր պահանջների նշաձողը՝ փակուղի մտցնելով բանակցային գործընթացն ու ճանապարհ բացելով ուժային լուծման համար։

Ադրբեջանն արդեն այնքան է լկտիացել, որ դեսանտ է իջեցնում ՀՀ ԱԺ–ում։ Անհայտ ծագման շիկահեր տիկինը Հայաստանին մեղադրեց ադրբեջանական տարածքներն օկուպացնելու և Խոջալուում ցեղասպանության կազմակերպելու մեջ։ Հնարավոր կլինե՞ր նման բան Ադրբեջանի խորհրդարանում։ Իհարկե՝ ոչ։ Իսկ այստեղ հնարավոր է, քանզի Բաղրամյան 26–ում զբաղված են բացառապես «մուտիլովկաներով», ճղճիմ խարդավանքներով և էժանագին շոուներով։

Միակ համակարգը, որը ստեղծելու համար նախագահականում ջանք, եռանդ ու փող չեն խնայել, հանրության դեմ աշխատող գեբելսյան քարոզչամեքենան է, որն ավելի մեծ վնաս է հասցրել մեր երկրին, քան թուրք–ադրբեջանական քարոզչամեքենան։

Հաշվի առնելով այս և մի շարք այլ հանգամանքեր՝ կարող ենք ասել, որ Հայաստանի շուրջը ստեղծված իրավիճակին իշխանությունները համարժեք կերպով չեն արձագանքում, ինչը դաժան հետևանքների կարող է բերել։

Ցավալի է, բայց փաստ՝ Սերժ Սարգսյանի գլխավորած թիմը քաղաքականապես անմեղսունակ է, քանզի պատերազմը թակում է մեր դուռը, իսկ սրանք դրսերում «և–և» ու «կամ–կամ» են խաղում՝ հիշեցնելով Սևրի պայմանագրի ստորագրման տարիները։

Սարգսյանի անհամարժեքությունն ու քաղաքական անմեղսունակությունը դառնում է սպառնալիք մեր պետության գոյությանը։ Հետևաբար՝ փոփոխությունների անհրաժեշտությունը դառնում է խաղաղության և զարգացման հոմանիշ։ Կա՛մ պատերազմ և պարտություն, կա՛մ փոփոխություն և հաղթանակ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը