Տնտեսական

09.07.2013 13:13


«Սո՛ւտ է, որ ուղևորափոխադրող կազմակերպությունները վնասով են աշխատում». Սպառողների շահերի պաշտպան

«Սո՛ւտ է, որ ուղևորափոխադրող կազմակերպությունները վնասով են աշխատում». Սպառողների շահերի պաշտպան

Վերջին 3–4 օրվա ընթացքում 10%–ի սահմաններում սկսվել է թանկացումների ալիքը։ Սա ցույց են տվել «Սպառողների միություն» ՀԿ–ի դիտարկումները։ «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը «7օր»–ին ասել է, որ թանկացել է և՛ հացը, և՛ կաթնամթերքը, և՛ ձեթը, և՛ հանքային ջրերը, և՛ զովացուցիչ ըմպելիքներն ու այլ ապրանքատեսակներ։

Ինչ վերաբերում է ուղևորափոխադրող տրանսպորտի սակագնին, ապա դրա բարձրացումը Ա. Պողոսյանն անխուսափելի է համարում։

–Այլ տարբերակ, ցավոք, չկա՛։ Իրենք իրենց ախորժակը չեն զսպի, և նորից սպառողին կմնա իր գոտիները ձգել,–ասել է սպառողների պաշտպանը։

Նշենք, որ «Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության» համանախագահ Վարդան Փանոսյանը և Հանրային խորհրդի տրանսպորտային ենթահանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հրավիրված ասուլիսում հայտարարել էին, թե ուղևորափոխադրող կազմակերպությունները վնասով են աշխատում, և եթե առաջիկայում չլուծվեն գազի թանկացումից առաջացած խնդիրները, չնվազեցվեն հարկերը, ապա ուղևորափոխադրող շուրջ 65 կազմակերպություններ կա՛մ գործադուլ կհայտարարեն, կա՛մ ստիպված կլուծարվեն։

Արմեն Պողոսյանը, սակայն, բացառում է, որ ուղևորափոխադրող կազմակերպությունները վնասով են աշխատում։

–Սո՛ւտ է, որ վնասով են աշխատում։ Օրինակ միկրոավտոբուսները չափազանց մեծ գերշահույթով են աշխատում։ Ավտոբուսները՝ ավելի քիչ։ Իսկ նոր ներկրված վերջին ավտոբուսները՝ մասամբ, ու հատկապես տրոլեյբուսները «մինուսով» են աշխատում,–«7օր»–ին ասել է Ա. Պողոսյանը։

Նա նաև ընդգծել է, որ տրոլեյբուսի երթուղին միտումնավոր այնպես են անհարմար սահմանել, որ սովորական քաղաքացիները չօգտվեն դրանից և նախընտրեն միկրոավտոբուսները։

Իսկ վարորդների կողմից ուղևորափոխադրող կազմակերպության տերերին ամեն օր մոտ 17–20 հազար դրամ «գծի փող» տալը, նրա խոսքերով, կրիմինալ է։

–Դա չհաշվարկված եկամուտ է, որը շրջանցում է պետական բյուջեն,–նշել է Ա. Պողոսյանը՝ ավելացնելով, որ ուղեվարձի թանկացումը կանխելու տարբերակներից կարող է այդ «գծի փող» հասկացությունը վերացնելը կամ կրճատելը լինել, սակայն սպառողների շահերի պաշտպանը վստահ է, որ «գծատերերը» երբեք այդ քայլին չեն գնա։

–Հիմնական միջոցը էլեկտրատրանսպորտը զարգացնելն է։ Բայց եթե մեր երկրի բոլոր հզոր մարդիկ, որոնցից ամեն մեկն ունի 5–12 «գիծ», դիմադրում են տրոլեյբուսի նորմալ աշխատելուն, էլ ո՞նց կարող ենք մենք իրենց ստիպել՝ իրենց ախորժակը պակասեցնեն։ Իրավիճակի լուծողն իրե՛նք են ու հենց իրե՛նք էլ տնօրինում են «գծերը»։ Ո՞վ կարող է մեր երկրում ունենալ «գիծ»՝ կա՛մ գեներալները, կա՛մ ԱԺ–ի պատգամավորները, կա՛մ էլ կառավարությունում պաշտոնյանները։ Իրե՛նք էլ դիմադրում են։ Իրենց ախորժակը չեն սահամնափակի ու կթանկացնե՛ն,–եզարափակել է Ա. Պողոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը