Լրահոս

09.07.2013 13:43


«Ամենակոռումպացվածները պետական պաշտոնյաներն ու հանրային ծառայողներն են». հարցում

«Ամենակոռումպացվածները պետական պաշտոնյաներն ու հանրային ծառայողներն են». հարցում

«Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է կոռուպցիոն իրավիճակի վերաբերյալ 2013թ. Հայաստանի 1068 չափահաս քաղաքացու շրջանում անցկացված հարցման արդյունքները։ Համաձայն դրանց՝ հայաստանցիների 83%–ը կարծում է, որ կոռուպցիան մեր երկրում լուրջ հիմնախնդիր է, 48%–ի կարծիքով էլ՝ երկիրը ղեկավարում են իրենց անձնական շահերը հետապնդող մի խումբ ազդեցիկ և հարուստ մարդիկ:

Հարցվածների 53%–ի կարծիքով իշխանությունների կողմից հակակոռուպցիոն պայքարն անարդյունավետ է, 43%-ի համոզմամբ՝ Հայաստանում կոռուպցիան աճել է։

Հարցվածները նաև վստահ են, որ ամենակոռումպացվածները պետական պաշտոնյաներն ու հանրային ծառայողներն են, իսկ ամենակոռումպացված ոլորտներն առողջապահությունն ու դատական համակարգն են։

Հայաստանցիների միայն 18%–ն է ասել, որ երբևէ կաշառք չի տվել, 24%–ը կաշառք է տվել առողջապահության ոլորտի հետ առնչություն ունենալու ժամանակ, ոստիկանության հետ՝ 5%–ը, կոմունալ ծառայությունների աշխատակիցներին՝ 2%–ը։ 28%–ից էլ կաշառք են պահանջել:

Հայաստանի բնակչության 66%-ի կարծիքով՝ ոստիկանությունը կոռումպացված է, իսկ դատական համակարգը՝ 69%-ի կարծիքով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը