Լրահոս

09.07.2013 14:23


Տեր Սահակ. «Չեմ զարմանա, որ վաղը պարզվի՝ Նավասարդ Կճոյանը օֆշորային ընկերությունը բացել է Գարեգին Բ-ի հրահանգով»

Տեր Սահակ. «Չեմ զարմանա, որ վաղը պարզվի՝ Նավասարդ Կճոյանը օֆշորային ընկերությունը բացել է Գարեգին Բ-ի հրահանգով»

Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ներկայացված հրաժարականի դիմումը կապված է Ստրասբուրգի հոգևոր հովիվ տեր Վաչե քահանա Հայրապետյանի հետ, ով նախկինում եղել է Ֆրանսիայի Նիս քաղաքի հոգևոր հովիվը: Այս մասին galatv.am-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի Նիսի և Կոտ Դ՛ազուրի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Սահակ քահանան: Տեղեկացնենք, որ տեր Վաչեն, ըստ տարածված տեղեկությունների, դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման: «Գարեգին Բ-ն Նորվան սրբազանի հետ վիճել է Փարիզում, և որքանով որ ինձ տեղեկություն է հասել, սրբազանին ասել է, որ պետք է ազդես դատավարության գործընթացի վրա, որ Վաչեին արդարացնեն: Նորվան սրբազանն էլ ասել է, որ սա այն երկիրը չէ, որտեղ կարող ես նման ձևով հարցեր լուծել: Եվ Գարեգին Բ-ն Նորվան սրբազանին սպառնացել է՝ ասելով, որ եթե չանես՝ Առաքելական եկեղեցուց դուրս կմնաս»,- ասել է տեր Սահակը: Խոսելով վերոնշյալ հարցերում Մայր աթոռի մամլո դիվանի պատասխանատու տեր Վահրամ քահանայի մեկնաբանությունների մասին` տեր Սահակն ասել է, որ տերՎահրամը Գարեգին Բ-ի փաստաբանի դերն է ստանձնել և շատ ջերմեռանդորեն իր պարտականությունը կատարում է ու անգամ ակնհայտորեն ստում է: «Ֆրանսիան այն երկիրը չէ, որ անմեղ մարդուն բռնի և տանի դատարան, սենց բան գոյություն չունի եվրոպական որևէ երկրում: Անմեղ մարդը չի հայտնվում ո´չ բանտախցում, ո´չ էլ դատարանում: Հայաստանում կարող է նման բան լինել և ԱՊՀ երկրներում, որտեղ օրենքի գերակայությունը չի գործում, որտեղ դեմոկրատիա չկա, խոսքի ազատությունըբացակայում է, որտեղ որ կաշառք է գործում, քրեական մթնոլորտ կա, կոռուպցիա և այլն: Եվրոպական երկրներում եթե մաֆիա է հավաքվում, անմիջապես հավաքում են այդ մարդկանց: Սա Հայաստան չի, որ Կառավարությունը ամբողջը մաֆիա լինի, օֆշորային գործերի մեջ լինի և ջրից չոր դուրս գա: Այստեղ չի կարող Կառավարության ներկայացուցիչը թալանով զբաղվի, կողոպտի ժողովրդին կամ ահաբեկի մարդկանց՝ ընտրության ժամանակ խուժաններին բռնի թաղում, որ ազդեն ընտրությունների արդյունքների վրա ու դրանից հետո անմեղ գառ ձևանան»,- նշել է տեր Սահակը: Քահանայի խոսքով` տեր Վաչեն պարզապես ուժեղ փաստաբան էր ունեցել, և նա առաջին ատյանում նրան արդարացրել է, բայց եթե տեր Վաչեն արդար լիներ, դատախազի ինչին էր պետք բողոքարկել վերաքննիչ դատարան: «Մեզ հետ հարցը չէ, այսինքն՝ համայնքի հետ, եկեղեցու հետ կապ չունեցող հարց է դա, սա պետության խնդիրն է, և բողոքում էր Ֆրանսիայի պետությունը, և նա էր դատ բացել: Ուրեմն Վաչեն հանցանք է գործել, և դատարանը սահմանել է պատիժ երկու տարի պայմանականով, քանի որ առաջին անգամ է, որ մարդը բռնվում է: Այստեղ այդպիսի տոլեռանդ երկիր է, բայց արդեն կհետևեն, հիմա դրանից հետո մի ձու գողացավ խանութում` 10 տարով կմտցնեն բերդ, սա երկրի սպեցիֆիկան է»,- ընդգծել է տերՍահակը: Հիշեցնենք, որ Գարեգին Բ-ն կարգալույծ է արել տեր Սահակին, սակայն վերջինս ուժեղ դիմադրություն է ցույց տվել համայնքի բնակիչների հետ միասին և այս պահին էլ 1928 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանան է: Այնուհետև տեր Սահակը պատմել է, որ Նիսում բնակվող համայնքի նախկին հոգևոր հովիվներից մեկը՝ տեր Գալուստ քահանան, ով 90 տարեկան է և ծանր հիվանդ է, նրան և իր կնոջը արգելել են մոտենալ եկեղեցի՝ սպառնալով, որ եթե իրենք մասնակցեն եկեղեցական արարողության, տեր Գալուստին կարգալույծ կանեն: «Բայց 90 տարեկան մարդուն սպառնալ, որ քեզ կարգալույծ կանեմ, սա ի՞նչ է նշանակում է, որ այդ մարդիկ ոխերիմ են, որ դրանք քրեական ձեռագիր ունեն, որ դրանք ոչ մի սրբություն չունեն: Այդ մարդը էս եկեղեցում ծառայել է, և նա փափագ է ունեցել եկեղեցի գալ, որի հոգևոր հովիվն է եղել ժամանակին»,- նշել է քահանան: Ի դեպ, տեր Սահակը նաև տեղեկացրել է, որ Նորվան սրբազանին պաշտոնավարելու մնացել էր ընդամենը մեկ ու կես տարի, բայց եթե ժամանակից շուտ նա հրաժարվում է, ուրեմն լուրջ պատճառ կա: Քահանան համոզված է, որ նրանք, ովքեր մեկնաբանություններ են անում՝ պաշտպանելով Գարեգին Բ-ին, նրանք նրա պատվեր կատարողներն են, որովհետև գրում են ստեր և իրականությունը չգիտեն: Տեղեկացնենք, որ Գարեգին Բ-ի կաթողիկոս դառնալուց հետո կարգալույծ են արվել բազմաթիվ հոգևորականներ և այս տարիների ընթացքում պարբերաբար խնդիրներ են առաջանում Սփյուռքում գործող եկեղեցիներում: «Ամեն տեղ, որտեղ որ խնդիրը ծագում է, դա գումարի համար է ծագում: Մոսկվայում խնդիրները, որ ծագեց Տիրան սրբազանի հետ, հենց այդ գումարների համար եղավ: Կարծում եմ, որ դա միակ պատճառն է, որովհետև Գարեգին Բ-ին հետաքրքրում է միայն եկեղեցու գումարները և կալվածքը: Ամեն տեղ, ուր որ գնում է՝ խնդիր է ծագեցնում: Էդ խոսնակին հարցրեք` ինչո՞ւ մինչև Գարեգին Բ-ի գահակալությունը ոչ մի խնդիր չի ծագել Սփյուռքի եկեղեցիներում նախորդ կաթողիկոսների օրոք` ո´չ Գարեգին 1-ինի, ո´չ Վազգեն 1- ինի օրոք չեն ծագել խնդիրներ, որովհետև նրանց չէր հետաքրքրում գումարները»,-ասել է տեր Սահակը: Քահանան նշել է, որ այսօր եկեղեցում ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորը Գարեգին Բ-ն է, իսկ մնացածները իր կամակատարներն են, որոնց նա օգտագործում է: «Քանի որ Կիպրոսի դատախազը փաստացի խոսել է, որ անհնարին է առանց տվյալ անձի օֆշորային ընկերություն բացել, ապա ես չեմ զարմանա, որ վաղը պարզվի, որՆավասարդ Կճոյանը դա արել է Գարեգին Բ-ի հրահանգով»,- նշել է քահանան: Այն հարցին, թե արդյոք կշարունակի՞ տեր Վաչեն մնալ որպես Ստրասբուրգի հոգևոր հովիվ, երբ դատվածություն ունի արդեն, տեր Սահակը պատասխանել է. «Իրենց համար ամեն ինչ նորմալ է: Ինչպես պետության մեջ Լիսկայի պես մարդը՝ էն Սուրիկ Խաչատրյանը հանցագործ, մարզպե՞տ չէր, մականունավոր իշխանություն ունեցող երկիրը ինչու չպիտի ունենա խուլիգան հոգևորականներ: Շատ նորմալ է, եթե մենք այսօր մականունավոր իշխանություններ ունենք, և նրանք ջրից չոր են դուրս գալիս, մարդ են սպանել տալիս և հետո պատասխանատվության չեն ենթարկվում, հակառակը` հետո այդ մարդկանց գլուխը շոյում են ամենաբարձր ատյանում կանգնածները և շարունակում են իրենք իրենց չարագործությունները: Ինչու եք դուք զարմանում, որ եկեղեցականները խուլիգանություն անեն, բնականաբար պիտի անեն»,- ընդգծել է քահանան: Վերջինս նաև ասել է, որ Նորվան սրբազանը դիվանագետ մարդ էր և չթողեց, որ աղմուկ բարձրանա, հակառակ դեպքում Ֆրանսիան վաղուց «խարույկ կդառնար», ամեն տեղ Նիս կլիներ: Նա նաև հիշեցրել է Պոլսի արքեպիսկոպոս Մութաֆյանի` 2000 թվականին Գարեգին Բ-ին ուղղված նամակի մասին, որում արքեպիսկոպոսը գրել է, որ Գարեգին Բ-ն կոպտագույն կերպով խախտել է եկեղեցական կանոնադրությունը, երբ որ ապօրինաբար հոգևորականերին՝ մասնավորապես Տիրան սրբազանին, պաշտոնանկ է արել: Քահանայի խոսքով` նա 13 տարիների ընթացքում բազմաթիվ կոպտագույն խախտումներ է արել: «Ինչպես վերևում նշել էի` Գարեգին Բ-ի պատվերով որոշ մարդիկ ստեր են տարածում, այդ նույն մարդիկ նմանատիպ ստեր են տարածում նաև Նիսի եկեղեցու մասին՝ հայտարարելով, թե Նիսում մարդիկ հայկական եկեղեցի չեն հաճախում, ինչը իրականությանը չի համապատասխանում, քանի որ ես ամիսներ առաջ հայկական լրատվամիջոցներից մեկում հրապարակել եմ լուսանկարներ, որտեղ պարզ երևում է, որ պատարագի ժամանակ եկեղեցին լեփ- լեցուն է ժողովրդով»,- եզրափակել է իր խոսքը տեր Սահակը:

Աղբյուրը՝ Galatv.am, Լիլիթ Թադևոսյան

Այս խորագրի վերջին նյութերը