Մեկնաբանություն

10.07.2013 13:15


Բյուջեի «ատկատն» ու «նակատը»

Բյուջեի «ատկատն» ու «նակատը»

Բյուջետային միջոցների օգտագործման վերաբերյալ Իշխան Զաքարյանի ներկայացրած հաշվետվությունը հայտնվել է դատախազությունում, բայց Աղվան Հովսեփյանն անելիք չունի։ Քանզի Սերժ Սարգսյանը, աչքի «թարազուի» օգնությամբ, նշել է այն անանցողիկ շեմը (200-300 մլն դրամ), որից այն կողմ թալանի մասին խոսակցությունները վերածվում են քաղաքական ընդդիմախոսության, ինչը հասկանալի պատճառներով անընդունելի է և անհանդուրժելի։

Թերևս անգործությունն է պատճառը, որ գլխավոր դատախազը Թուրքիայից հողեր է պահանջում։ Դե, եթե իրենից պահանջում են ՎՊ–ի հայտնաբերած 70 մլրդի չարաշահումների շեմն իջեցնել մինչև 200 մլն ու բավարարվել դրանով, ապա Թուրքիայից հող պահանջելը դառնում է ամենաանշառ հոբբին։

Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատին ու դրա հետագա գործունեությանը, ապա ՀՀԿ–ի «պոլիտբյուրոյում» որոշել են վերանայել օրենսդրությունը և այնպես անել, որ բյուջեի «ատկատները» հայտնաբերելուց հետո ՎՊ–ն «նակատներ» չանի ԱԺ ամբիոնից։ Այսինքն՝ թալանի մասին խոսկացությունները տեղի ունենան կա՛մ թալանը հայտնաբերողի տանը, կա՛մ երկրի նախագահի կաբինետում՝ հանրային աչքից ու ականջից հեռու։

Ինչպես հայտնի դարձավ ՀՀԿ ԳՄ–ի «պատմական» նիստից հետո, սրանից հետո ՎՊ–ն պետք է իր հայտնաբերած չարաշահումները առանձին–առանձին քննարկի բոլոր կառույցների հետ, համաձայնեցնի իր գնահատականները, ապա նոր միայն մտնի ԱԺ։ Այսինքն՝ ստացվում է, որ հայտնաբերված հանցագործությունը (բյուջետային միջոցների մսխումը) քննարկվելու է հանցագործի հետ ու ընդհանուր հայտարարի գալուց հետո է միայն դառնալու զեկույց։ Պատկերացնո՞ւմ եք, ՎՊ–ն հայտնաբերելու է թալանը, ապա թալանն իրականացրած կառույցի հետ համաձայնեցնելու է իր գործունեության արդյունքները։

Նկատենք, որ եթե այդ նախաձեռնությունը կյանքի կոչվի, ապա դա երկկողմանի կոռուպցիայի աղբյուր կարող է դառնալ։ Մի կողմից պետական մարմինը կարող է «ատկատել» բյուջեն, իսկ մյուս կողմից ՎՊ–ն կարող է «ատկատածի» վրա «բազառ» բացել և իր փայ «ատկատն» ուզել, իսկ որ ավելի հավանական է՝ երկու կողմն էլ կմուծվեն վերև, ու այդպիսով «արդարություն» կհաստատվի։

Այդ օրենքի ընդունումից հետո պարզապես պետք կլինի ՎՊ նախագահ նշանակել մեկին, ով նախագահի կաբինետից դուրս չի գա ու ազնվորեն կզեկուցի հայտնաբերած «ատկատների» մասին։ Դա հնարավորություն կտա Սերժ Սարգսյանին «ատկատները» բռնել գլխից ու հասկանալ, թե արդյոք իր ենթականները չե՞ն թռել իր գլխից ու կողմնակի «ատկատ» վերցրել։

Մի խոսքով, ՎՊ–ի մասին օրենսդրական փոփոխությամբ խնդիր է դրվում «ատկատները» կրկնակի վերահսկողության տակ առնել և ամենակարևորը՝ դա անել առանց աղմուկի, կամ ինչպես Սարգսյանը նշեց՝ առանց անձնական փիարի և առանց քաղաքական մեծամասնության «հավայի շուխուռի»։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Խոսակցություններ կան, որ Իշխան Զաքարյանի փոխարեն ՎՊ նախագահ են ուզում նշանակել ներկայումս ՎՊ նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Լևոն Յոլյանին։ Վերջինս համարվում է Սերժ Սարգսյանի «մարդկանցից» ու ամբողջությամբ կարող է տեղավորվել «ատկատները» վերահսկելու և նախագահի ականջին փսփսալու ֆունկցիոնալ դերի մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը