Լրահոս

10.07.2013 17:31


Ստորագրվել է հռչակագիր

Ստորագրվել է հռչակագիր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի «Առողջություն 2020» համապարփակ քաղաքականության դրույթների համատեքստում Վիեննայում կայացավ սնուցման և ոչ վարակիչ հիվանդությունների հարցերով ԱՀԿ եվրոպական նախարարական համագումարը:

Համագումարի ընթացքում «Առողջություն-2020» քաղաքականության դրույթների համատեքստում քննարկվեցին սնուցման և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, ժամանակին ախտորոշման, անրդյունավետ բուժման և վերահսկողության վերաբերյալ հարցեր: Ոչ վարակիչ հիվանդությունները` ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում բնակչության հաշմանդամության և մահացության բարձր ցուցանիշների պատճառ են: Ուստի, կոնֆերանսը նպատակ էր հետապնդում աջակցել ԱՀԿ անդամ-երկրներին` զարգացնելու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և առողջ ապրելակերպի խթանման ուղղությամբ տարվող ծրագրերը` ընդգծելով խնդրի արդիականությունը:

Համագումարին մասնակցեցին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 53 անդամ երկրների նախարարներ, առողջապահության հարցերով պատասխանատուներ, սնուցման և ոչ վարակիչ հիվանդությունների միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։ Կոնֆերանսի ընթացքում կազմակերպված նիստերի, մի շարք խորհրդակցությունների և այլ միջոցառումների ժամանակ քննարկվեցին ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման միջազգային փորձը, բազմոլորտ և նորարարական մոտեցումները: Համագումարի ընթացքում քննարկվեցին երեխաների սննդի մարքեթինգի, աղի չափաբաժնի նվազեցման, սնուցումը վաղ տարիքում և ոչ վարակիչ հիվանդությունները, մանկական գիրության, գիրությունը և սոցիալական անհավասարությունը և այլ հարցեր։

ԱՀԿ եվրոպական նախարարական համագումարը նշանավորվեց նրանով, որ մասնակից երկրների ներկայացուցիչները ստորագրեցին «Առողջություն-2020» քաղաքականության ընդհանուր սկզբունքների շրջանակներում սնուցման և ոչ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ հռչակագիր:

Այս խորագրի վերջին նյութերը