Մեկնաբանություն

10.07.2013 18:04


Արտագաղթի այլընտրանքը

Արտագաղթի  այլընտրանքը

Սերժ Սարգսյանը վերջնականպես տապալել է թե՛ արտաքին, թե՛ ներքին պետական քաղաքականությունը: Այս ամենի հետևանքով հանրության մոտ առաջացել է պարտվողական տրամադրություն, ինչը, թերևս, ունի իր տրամաբանական բացատրությունը։ Չի կարող պետությունը թուլանալ, իսկ քաղաքացին՝ իրեն պաշտպանված զգալ։

Ստեղծված իրավիճակի առաջացման տարբեր պատճառներ են նշվում։ Ըստ իս՝ հիմնական պատճառն այն է, որ մենք ունենք լեգիտիմության ճգնաժամ։ Ոչ լեգիտիմ նախագահի առկայությունը և նրա հակապետական, հակասահմանադրական քաղաքականությունը: Մնացած բոլոր խնդիրները նշվածի հետևանքն են:

Հետևաբար՝ այս մղձավանջային իրականությունից փրկվելու երկու տարբերակ կա՝ կա՛մ արտագաղթել, կա՛մ Հայաստանում իրականացնել փոփոխություն՝ քաղաքացիական կամ սահմանադրական հեղափոխության միջոցով: Բնականաբար՝ նախընտրելին երկրի ներսում փոփոխությունների հասնելն է։

Հասկանալի է, որ հեղափոխությանը մասնակից են դառնում այն քաղաքացիները, ովքեր կարողանում են վեր կանգնել հուսալքության և հուսահատության համընդհանուր մթնոլորտից և լուծումներ առաջակել: Խոսքս քաղաքական լուծումների մասին է, որը պետք է առաջարկեն քաղաքական կառույցները՝ Բաղրամյան 26–ի վերահսկողությունից դուրս գործող և ինքնուրույնություն ունեցող կուսակցությունները:

Փոփոխությանը նպաստող գործընթաց կարող է լինել նաև Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելը, ինչի սահմանադրա–իրավական հիմքերը կան։ Այլ հարց է, որ այս պահին ԱԺ–ում հնարավոր չէ նման լուծման հասնել։ Բայց դա չի նշանակում, որ իմպիչմենտի հարցը պետք է հանել քաղաքական օրակարգից։ Հանրային համապատասխան մթնոլորտի և ճնշման առկայության դեպքում նույնիսկ այս խորհրդարանը ստիպված կլինի համապատասխան կոճակը սեղմել։

Այսպիսով՝ արտագաղթի այլընտրանքը քաղաքացիական կամ որ նույնն է՝ բուրժուադեմոկրատական հեղափոխությունն է: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է կշռադատի, թե որն է իր համար ավելի նպաստավոր: Մնալը տվյալ դեպքում մարտահրավեր է այսօրվա բռնապետական ռեժիմին: Ժամանակն է, որ մեր հասարակությունը դուրս գա էթնիկ ազգայնականության՝ մեծամասամբ դատարկ պաթոսից և անցնի քաղաքացիական ազգայնականության՝ որի հիմնական սկզբունքը պետականամետությունն ու մարդու իրավունքներն են:

21-րդ դարում միայն քաղաքացիական պետություն՝ սահմանադրական պետություն ունենալու դեպքում մենք կկարողանանք լուծել ամենաազգային խնդիրները:

Տաթևիկ Պողպատյան

Այս խորագրի վերջին նյութերը