Լրահոս

11.07.2013 15:17


Կբարելավվի վեճերի այլընտրանքային կարգավորման համակարգը

Կբարելավվի վեճերի այլընտրանքային կարգավորման համակարգը

Հուլիսի 11-ին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») և ՀՀ արդարադատության նախարարությունը ստորագրեցին մտադրությունների հուշագիր Հայաստանում գործարար միջավայրի խթանմանն ուղղված բարեփոխումների և Վեճերի այլընտրանքային կարգավորման (ՎԱԿ) համակարգի բարելավման վերաբերյալ: Արարողությանը մասնակցում էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Միացյալ Նահանգներից երկուշրջանային դատավորներ և մեկ արբիտր:

2013թ. հուլիսից մինչև 2014թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում կողմերը համատեղ կիրականացնեն մի շարք գործողություններ, այդ թվում՝ ներկա ՎԱԿ համակարգի մանրազնին ուսումնասիրություն: «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի ՀՀ արդարադատության նախարարությանը նորմատիվ իրավական ակտերի և օրինագծերի մշակման, հանրային լսումների և շահառուների հետ կլոր սեղան քննարկումների անցկացման ուղղությամբ: Համագործակցությունը ուղղված է լինելու ոչ միայն համակարգի բարելավմանը, այլ նաև բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և ՎԱԿ համակարգի հանդեպ բիզնես համայնքի վստահության ամրապնդմանը:

Միջոցառմանը կհաջորդի համաժողով, որը տեղի կունենա 2013թ. հուլիսի 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝հայ և ամերիկյան դատավորների մասնակցությամբ: Համաժողովի ընթացքում ԱՄՆ շրջանային դատավորներ Ռիկարդո Մարտինեսը և Ռոբերտ Լասնիկը կներկայացնեն ՎԱԿ համակարգի նկատմամբ ամերիկյան մոտեցումը՝ որպես միջազգային լավագույն փորձի օրինակ, ինչպես նաև կվարեն ու կմեկնաբանեն արբիտրաժի և միջնորդության դատախաղ:

# # #

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ‹‹Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության›› (‹‹Ի-Դի-Էմ-Սի››) ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանն ու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմանն աջակցելուն: Հնգամյա այս ծրագրի նպատակն է Հայաստանում բարձրացնել զբաղվածության և եկամուտների մակարդակը` խթանելով աճը արտահանման մեծ ներուժ ունեցող ընտրված արժեքի շղթաներում, որոնք են բարձր տեխնոլոգիաները, դեղագործությունը/բիոտեխնոլոգիաները, պտուղ-բանջարեղենի վերամշակումն ու զբոսաշրջությունը:

Այս խորագրի վերջին նյութերը