Մեկնաբանություն

11.07.2013 15:38


«Ֆուտբոլային» դիվանագիտություն – 2

«Ֆուտբոլային» դիվանագիտություն – 2

Երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց «ֆուտբոլային» դիվանագիտությունը, Հայաստանի «առաջադեմ» մտավորականությունն ու «անկախ» մամուլը փառաբանեց այն։

Հայ–թուրքական գործընթացը ներկայացվում էր որպես առաջադեմ Արևմուտքին ինտեգրվելու և ռուսական «սապոգից» ազատվելու միջոց։

Քաղաքական անհեռատեսությամբ չտառապող և կեղծ կատեգորիաներով չառաջնորդվող մարդկանց բոլոր այն զգուշացումները, թե «ֆուտբոլի» միջոցով հայ–թուրքական սահմանը չի բացվելու և լարվածություն է առաջանալու Ղարաբաղի հարցում, անտեսվեցին իշխանությունների կողմից։ Բանական և հիմնավորված փաստարկներին Բաղրամյան 26–ից հակադարձում էին «Իսկ դուք դե՞մ եք հայ–թուրքական սահմանի բացմանը» պարզունակ ու դեմագոգիկ հարցադրմամբ։ Այդ մարդիկ չընկալեցին, որ սահմանի բացմանը կողմ լինելը չի նշանակում ինքնամոռաց ու ամեն գնով նետվել թուրքերի գիրկը՝ հարվածի տակ դնելով Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգությունը։

Սերժ Սարգսյանն ու իր թիմը, փաստորեն, չէին հասկանում, որ «ֆուտբոլային» դիվանագիտության միջոցով չեն լուծվելու այն խնդիրները, որոնք իր առաջ դրել է պաշտոնական Երևանը՝ որքան էլ որ Սերժ Սարգսյանն ու Աբդուլահ Գյուլը ջերմորեն շփվեն միմյանց հետ։ Այդպես էլ եղավ։

«Արևմտամետ» Սերժ Սարգսյանն ի վերջո «ֆուտբոլային» դիվանագիտությունն ավարտեց նրանով, որ 49 տարվա պայմանագիր ստորագրեց՝ Հայաստանում ՌԴ ռազմաբազաների տեղակայումը երկարաձգելու նպատակով։ Եվ դա այն դեպքում, երբ իշխանական քարոզչամեքենան թմբկահարում էր «ֆուտբոլի» միջոցով ռուսական «սապոգի» հեռացման մասին թեզը։

Հիմա Հայաստանը կրկին հայտնվել է «ֆուտբոլային» դիվանագիտություն հիշեցնող մի գործընթացի մեջ։ Այս անգամ, սակայն, նախաձեռնությունը գալիս է ԵՄ–ից, ու ամեն ինչ շատ գեղեցիկ փաթեթավորված է։

ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրելու նախաձեռնությամբ մեր արևմտյան գործընկերները Հայաստանին, ըստ էության, առաջարկում են՝

1.թուլացնել հայ–ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունը՝ զուգահեռաբար թուլացնելով Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության համակարգը,

2.թղթի ու խոստումների դիմաց զիջել անվտանգությունը՝ հայտնվելով թուրք–ադրբեջանական աքցանի մեջ։

Խնդիրն այն չէ, որ Արևմուտքն ուզում է ծանր դրության մեջ դնել Հայաստանին։ Արևմուտքն ուզում է թեթևացնել ի՛ր դրությունը և դա հասկանալի ցանկություն է։ ԵՄ–ին, բնականաբար, չարժե մեղադրել։ Իրենք իրենց շահն են հետապնդում։ Իսկ ո՞րն է Հայաստանի շահն այս խաղում: «Փող՝ անվտանգության ապահովման համակարգի թուլացման դիմաց» բանաձևին ընդառաջ գնալը պետական դավաճանությանը համարժեք քայլ է։

Բաղրամյան 26–ի սազանդարներն այժմ, ինչպես տխրահռչակ հայ–թուրքական գործընթացի ժամանակ, ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրման վտանգների մասին անհանգստություն հայտնողներին հակադարձում են «Դուք դե՞մ եք եվրաինտեգրմանն ու եվրոպական արժեքներին և ուզում եք հետադիմական Ռուսաստանի ազդեցության տա՞կ մնալ» պարզունակ ու դեմագոգիկ հարցադրմամբ։ Օտարերկյա գործակալի ֆունկցիա կատարողները, փաստորեն, չեն հասկանում, որ սերժական ոճի «արևմտամետություն» քարոզելով՝ տանուլ են տալու Ղարաբաղն ու Հայաստանն ի վերջո դարձնելու են ռուսական գուբերնիա։ Այսինքն՝ տնաբույծ «արևմտամետներն» իրականում ուղղափառ ռուսամետություն են քարոզում՝ իրենք էլ չզգալով դա։

Անշո՛ւշտ, Հայաստանում պետք է բարեփոխումներ տեղի ունենան եվրոպական արժեհամակարգի շրջանակներում, և Հայաստանը պետք է ձգտի եվրաինտեգրման, բայց պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ ու միաժամանակ անմեղսունակ լինել՝ մոռանալով անվտանգության համակարգի մասին։ Իսկ դա նշանակում է, որ չարժե Ադրբեջանից առաջ վազել ու ռուսներին գրգռել։

Այդ ինչպե՞ս է պատահում, որ Ընդլայնման ու եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Ֆյուլեն կեսկատակ հայտարարում է, թե դատի կտա Հայաստանին, եթե մենք ասոցացման համաձայնագիրը չնախաստորագրենք նոյեմբերին, բայց նույն ոգով դատի չի ուզում տալ ասոցացման հարցում կրավորական դիրք ընդունած ու Ռուսաստանից 1 մլրդ դոլարի զենք գնած Ադրբեջանին։ Մինչդեռ ԵՄ–ն միշտ էլ պարիտետային մոտեցում է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում՝ լինի դա Եվրախորհրդին անդամակցություն կամ արևելյան գործընկերության ծրագիր։

Այդ ինչո՞ւ եվրոպացիք Ադրբեջանի առաջ չեն դնում «կամ–կամ»–ի խնդիր և «տակից» խրախուսում են Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև վերջին շրջանում նկատվող ջերմացումը, սակայն Հայաստանի վրա մատ են թափ տալիս «և–և»–ի համար։

Այս հարցերի պատասխանը շատ պարզ է։ Սերժ Սարգսյանն իր անհեռատես քաղաքականությամբ Հայաստանը ներքաշել է մի խաղի մեջ, որի գինը Ղարաբաղը և վերջին հաշվով նաև Հայաստանն է լինելու։

ԵՄ–ի շահն այս խաղում այն է, որ իրենք ուզում են ձերբազատվել ռուսական էներգակիրների մենաշնորհից։ Իսկ դրան խանգարող հանգամանքը Ղարաբաղի խնդիրն ու ռուսական գործոնն են։ Արևմուտքն ու Թուրքիան գիտեն, որ քանի դեռ ռուսական գործոնը կա Հարավային Կովկասում, Հայաստանին հնարավոր չի լինի միակողմանի զիջում պարտադրել, իսկ հայ–ադրբեջանական հակամարտությունը երաշխավորված հաղթանակ չի ապահովի Բաքվին։ Չմոռանանք, որ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Թուրքիայի հարձակումը Հայաստանի վրա կասեցվեց ռուսական կողմի միջամտությամբ, իսկ բուն ռազմի դաշտում արդեն մերոնք հաղթեցին ադրբեջանցիներին։ Ահա և գտնվել է ՀՀ իշխանությունների ձեռքերով հայ–ռուսական հարաբերությունների վատացման և մեր անվտանգության համակարգի թուլացման բանաձևը, որպեսզի բավարարվի Ադրբեջանի ցանկությունը, ու բացվեն կոմունիկացիաները։ Այդ բանաձևի անունն է «Ասոցացման համաձայնագիր», որն իր բնությով հիշեցնում է 1920թ. կնքած Սևրի պայմանագիրը, քանզի պարունակում է լիքը խոստումներ և ոչ մի իրական բան։

Խնդիրն այն չէ, որ մենք պետք է մերժենք եվրաինտեգրման ճանապարհը։ Ճիշտ հակառակը։ Բայց դա չի նշանակում, թե պետք է կոշտ ընտրության առաջ կանգնենք։ Հայաստանն իրեն նման բան չի կարող թույլ տալ, քանզի մեր աշխարհագրական դիրքն ու երկու հարևան պետությունների հետ կոնֆլիկտային հարաբերությունները ստիպում են հավասարակշռված քաղաքականություն վարել։

Դուր է գալիս դա մեզ, թե ոչ՝ մենք ստիպված ենք հաշվի նստել նաև ռուսական շահերի հետ, ինչպես նաև սերտացնել մեր հարաբերություններն Արևմուտքի հետ։

Արևմուտքին օբյեկտիվորեն ձեռնտու է Ղարաբաղի հարցի լուծումը (այսօր ցանկացած լուծում՝ շահավետ է լինելու միայն Ադրբեջանի համար), իսկ ռուսներին՝ ստատուս–քվոյի պահպանումը։ Մեր շահն այդ կարևորագույն հարցում համընկնում է ռուսների շահի հետ, քանզի ցանկացած զիջում է՛լ ավելի է մեծացնելու Ալիևի ախորժակն ու է՛լ ավելի լկտի է դարձնելու նրա վարքագիծը։ Հետևաբար՝ ռուսական գործոնի թուլացման դեպքում մենք կունենանք ստատուս–քվոյի փոփոխությանը նպաստող իրավիճակ՝ բնականաբար ոչ մեր օգտին։

Հասկանալի է, որ ստատուս–քվոն Ղարաբաղի հարցի վերջնական լուծում չէ, բայց այսօր դրա այլընտրանքը մեր պարտությունն է։ Մենք պետք է ստատուս–քվոյի ժամանակահատվածն օգտագործենք «սառը» պատերազմում Ադրբեջանին հաղթելու համար։ Մենք դատապարտված ենք հաղթանակի, քանզի այլ լուծում գոյություն չունի։ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ պարտություն։ Ադրբեջանը պարտվեց, բայց չոչնչացավ ու դեռ մի բան էլ պատրաստվում է ռևանշի։ Տարածքների կորուստն ու պարտությունը մեզ համար անդառնալի ու դաժան հետևանքների կարող է բերել։

Ցավոք, 1994–ից հետո մենք մսխում ենք հաղթանակի պտուղները և արդյունավետորեն չենք օգտագործում ստատուս–քվոյի ժամանակահատվածը, բայց դա չի նշանակում, թե հնարավոր չէ փոխել ներքին քաղաքականությունն ու արտաքին դաշտում հասնել ավելի նպաստավոր պայմանների։

Նրանք, ովքեր չեն հասկանում այս բաները, կա՛մ քաղաքական մոլորության մեջ են, կա՛մ անմեղսունակ են, կա՛մ սպասարկում են այլ երկրների շահերը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը