Ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանը մեկնում է որեւէ եվրոպական երկիր՝ հանդիպելու Վիլֆրիդ Մարտենսի հետ, նորից ինքս ինձ հարց եմ տալիս՝ լավ, ի՞նչ է շահել Հայաստանն ու հայ ժողովուրդը անցած մեկուկես տարվա ընթացքում:
2012-ի փետրվարին ՀՀԿ-ն դառնալով Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ, քիթն այնպես ցցեց, որ կարելի էր կարծել, թե իսկապես դարձել է «եվրոպական մեծ ընտանիքի անդամ»:
Դե, շատերը մտածեցին, որ այսուհետ գուցե նախկին «ռազմախով» չի կեղծի ընտրությունները: Մի քիչ խղճով կկեղծի, որ ԵԺԿ-ից հանկարծ թուքումուր չստանա:
Այնինչ, շատ կարճ ժամանակ անց պարզվեց, որ նույն ինքը ԵԺԿ նախագահ Մարտենսը դեմ չէ կեղծելուն: Նա նախ այստեղ հայտնվեց խորհրդարանական ընտրություններից առաջ ու վստահ հայտարարեց, որ ՀՀԿ-ն է հաղթելու՝ ստանալով ձայների մեծամասնությունը: Իսկ հետո տարեվերջին ՀՀԿ-ի համագումարին հղած ուղերձում աներկբայորեն պնդեց, որ նախագահական ընտրություններում վերընտրվելու է Սերժ Սարգսյանը:
Չի մոռացվել նաև այն, թե ինչպես էր Մարտենսը նախագահական ընտրություններից հետո, գերազանցելով նախագահական նստավայրի «սոցիոլոգներին», հայտարարում, թե ինչքան տոկոս էր նախատեսված Րաֆֆի Հովհաննիսյանի համար։ ԵԺԿ ղեկավարին, այսպես ասած, «տղա» էին բերել այն օրերին։
ԵԺԿ-ՀՀԿ միասնության մեկուկեսամյա ժամանակահատվածում դեռ որ միայն սա ենք տեսել եւ նաեւ՝ եվրոպական երկրների տարբեր մայրաքաղաքներում ԵԺԿ գագաթնաժողովներին կամ համագումարներին Սերժ Սարգսյանի մասնակցությունը, այստեղ՝ Մարտենսին ընդունել-ճանապարհելու արարողությունները:
Ուրիշ ոչինչ: Միայն փոխայցելություններ, փոխադարձ հաճոյախոսություններ ու փառաբանումներ՝ «միջկուսակցական համագործակցությունը է՛լ ավելի սերտացնելու» օրակարգային հարցով:Ամենակարեւորը՝ ԵԺԿ-ն իր բարձրունքից շարունակ վարկանիշ է «խփում» ՀՀԿ-ի համար:
Առա՛ջ, դեպի ապահով ԵԺԿ