Մեկնաբանություն

12.07.2013 11:25


Ֆյուլեն եկավ մեր բակը

Ֆյուլեն եկավ մեր բակը

Թեև Հայաստանն արդեն 22–ամյա անկախություն ունի, բայց ստրկամտությունը շատերի մեջից դեռ դուրս չի եկել։

Ոմանց թվում է, թե եթե իրենք քծնում են ոչ թե Մոսկվայից եկած պոլիտբյուրոյի ներկայացուցչին, այլ եվրաչինովնիկին, ապա առաջադեմ են։ Իրականում որևէ տարբերություն չկա երեկ կոմունիստական նոմենկլատուրայի կաշառակերին, իսկ այսօր եվրոպական կոմիսարին քծնողի միջև։

Նողկալի է հետևելը, թե ինչպես են քաղաքական, լրատվական ու փորձագիտական դաշտի «դհոլները» որպես Աստվածաշնչյան ճշմարտություններ ընդունում ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլերի խոսքերը և մազոխիստական հաճույք ստանում եվրաչինովնիկի այն հայտարարությունից, թե ինքը դատի կտա Հայաստանին, եթե մենք Վիլնյուսում չնախաստորագրենք ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը։

Տեսարանն ավելի նողկալի է դառնում, երբ պարզում ես, թե որքան շատ են հայկական ազգանուն կրող թուրք–ադրբեջանական շահերի լոբբիստները, որոնք իրենց գործունեությունը փաթեթավորում են եվրոպական արժեքներով, արևմտամետությամբ ու քաղաքացիականությամբ։ Ու արդեն կապ չունի, թե նրանք մեր թշնամի հարևանների շահերն առաջ են տանում գիտակցվա՞ծ, թե՞ ակամայից։

«ԵՄ–ի հետ ասոցացում՝ Ղարաբաղի հանձնման դիմաց» ծրագրի շեփորահարը «lragir.am» կայքն է։ Նմանատիպ քարոզ, ի դեպ, տարվում էր նաև Սերբիայում, երբ սերբերին համոզում էին համակերպվել Կոսովոյի կորստի հետ՝ առաջարկելով ԵՄ–ի հետ համագործակցություն «Ավելին ավելինի դիմաց» սկզբունքով, սակայն տեղի ունեցավ պարզ «քցոցի», իսկ սերբերին էլ «փչացրեցին» ու նվաստացրեցին։ Սերբերին ցույց տվեցին ԵՄ «կոնֆետը», բայց տվեցին թարս բուսնած խիար։ Հայաստանի ու Սերբիայի էական տարբերությունն այն է, որ անգամ տարածքային կորստի գնով ԵՄ–ի հետ մեր ինտեգրումը հնարավոր չէ, քանզի Ղարաբաղի կորուստը բուտաֆորիկ տարածքի կվերածի ՀՀ–ն, այսինքն՝ Ղարաբաղի անվտանգությունը Հայաստանի անվտանգությունն է, և որևէ պարագայում չի կարելի առևտրի մեջ մտնել այս հարցում այնպես, ինչպես արեցին սերբերը։ Ինչևէ։

Բացի հիշյալ կայքից Հայաստանում գործող հակաղարաբաղյան շարժման անդամներ են նաև դավիթշահնազարյանները, արամսարգսյանները, «սութի» դեմոկրատները, «քյարթ» արևմտամետներն ու վարձկան վերլուծաբանները։

Անհայտ ծագում ունեցող և անկախ քաղաքագետ ներկայացող Ռիչարդ Կիրակոսյանը, օրինակ, հայտարարում է, որ ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո Ղարաբաղում ստատուս–քվոն անպայման կփոխվի։ Նա ճիշտ է ասում, բայց ոչ ամբողջ ճշմարտությունը, ավելի ճիշտ՝ մանիպուլյացիայով է զբաղվում, քանզի ստատուս–քվոյի փոփոխության մասին նշելուց հետո ավելացնում է, թե իբր այդ ստատուս–քվոն կփոխվի հօգուտ Հայաստանի։

Հետաքրքիր է, թե այդ ինչպե՞ս պետք է փոխվի ստատուս–քվոն մեր օգտին։ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ–ն ճանաչելո՞ւ է ԼՂՀ անկախությունը կամ Ադրբեջա՞նն է ճանաչելու ԼՂՀ անկախությունը ԵՄ–ի ճնշմամբ։ Ակնհայտ է, որ այդպիսի բան լինել չի կարող։ Իսկ միգուցե «Ստատուս–քվոյի փոփոխություն հօգուտ Հայաստանի» ձևակերպման տակ Կիրակոսյանը նկատի ունի մեր տարածքային կորուստնե՞րը։

Այն, որ Հայաստանին ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր կնքել տալով՝ Արևմուտքը, ելնելով իր շահերից, նպաստելու է Ղարաբաղի շուրջը ձևավորված ստատուս–քվոյի փոփոխությանը, երկրորդ կարծիք լինել չի կարող, և նրանք դա չեն էլ թաքցնում։ Այդ առումով Կիրակոսյանը ճիշտ է, սակայն բանն այն է, որ այդ ստատուս–քվոն կփոխվի Ադրբեջանի՛ օգտին։ Պատահական չէ, որ ԵՄ–ն չտեսնելու է տալիս ռուս–ադրբեջանական մերձեցումը, բայց մեզ դնում է «կամ–կամ»–ի առաջ։

Ֆյուլեներն իրենց, կոպիտ ասած, էշի տեղ են դնում նաև ՌԴ–ի ու Ադրբեջանի միջև կայացած 1 մլրդ դոլարանոց ռազմական գործարքի հարցում ու ամեն ինչ անում են հայ–ռուսական լարվածություն և ռուս–ադրբեջանական ջերմացում ստեղծելու համար։ Պատահական չէ, որ ասոցացման հարցում Ադրբեջանը Հայաստանից հետ է ընկած, ինչն աննախադեպ է պարիտետային քաղաքականություն վարող ԵՄ–ի համար։ Իսկ դա նշանակում է, որ «ԵՄ–ի հետ ասոցացում» ռոմանտիկ ծրագրի օգնությամբ ադրբեջանական ագրեսիայի համար ստեղծվում են բոլոր բարենպաստ պայմանները։ ԵՄ–ի ուզածը դա չէ (իրենց ռուսականին այլընտրանք հանդիսացող էներգակիրներն են հետաքրքրում, իսկ թե դրա պատճառով ով կշահի, և ով կտուժի՝ Արևմուտքին չի հետաքրքրում), բայց այդպես կստացվի։ Չտեսնել այս վտանգը՝ նշանակում է լինել անմեղսունակ կամ էլ աշխատել Հայաստանի դեմ։ Ու քանի որ «Ֆյուլեի վկաները» անմեղսունակ չեն, ապա տվյալ դեպքում գործ ունենք երկրորդ վարկածի հետ։

Զարմանալի է, որ ՀՀ ԱԱԾ–ն, այս հարցերով զբաղվելու փոխարեն, անմիաստ գործունեության մեջ է ներգրավված (գաղտնալսումներ, հետապնդումներ և այլն)։ Մինչդեռ ճիշտ կլիներ, որ լսվեին ու վերլուծվեին այն մարդկանց խոսքերը, որոնք դիվերսիոն բնույթ ունեն։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա դատելով ամենից՝ նա քաղաքականապես անմեղսունակ է, և միակ բանը, որ պետք է նրանից պոկել, դա ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրին ու ՌԴ–ի առաջարկած մաքսային միությանը չմիանալու որոշումն է։ Այս պահին կարևորը Ղարաբաղի ու Հայաստանի գլխին կուտակվող սև ամպերը քշելն է, մինչև որ ներսում հարցերը կարգավորվեն։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը