Մեկնաբանություն

12.07.2013 15:05


Ազգային մակաբույծների մասին

Ազգային մակաբույծների մասին

Մեկ-մեկ մտածում ես, թե կառավարությունը, 120 հազարանոց չինովնիկների բանակը, որ ապրում է մեր՝ հարկատուներիս հաշվին, ընդհանրապես ինչո՞վ է զբաղված:

Երբ բոլոր բնագավառներում տիրող վիճակը հասել է անհուսալիության սահմանագծին, երկրում տիրող բարոյա-հոգեբանական մթնոլորտը գնահատվում է որպես գերգաղջային, ինչը խեղդուկ է առաջացնում, իսկապես հարց է առաջանում՝ ինչով է զբաղված այս կառավարությունը: Ո՞ւմ է պետք նման կառավարություն ու իշխանություն, որը սեփական վերարտադրությունը ապահովելու «պետականաշեն» գործունեությունից բացի, այլ «առաքելություն» չունի:

Իսկը ազգային մակաբույծների հավաքածու:

Ասենք՝ մարդասպան Սաֆարովին հանձնում են Ադրբեջանին, իսկ այստեղ նստած մակաբույծները հանկարծակիի են գալիս, թե՝ ախր, նման բան չպետք է տեղի ունենար, Հունգարիան դավաճանեց: Ուրեմն՝ մի բողոքի նոտա հղենք: Հղում են ու դարձյալ շարունակում իրենց մակաբույծի կյանքը:

Հիմա էլ, ի դեպ, «սմերչի» գործարքից են անակնկալի եկել, բայց իբր գտել են դրան հակադարձելու բանաձեւը՝ «եւ-եւ»: Դեհ, Լեհաստանի նախագահն էլ ասաց՝ «Իշտահներիդ՝ քացախ» ինչքան մակաբույծի կյանք վարեցիք՝ հերիք է, կողմնորոշվեք՝ «Կամ-կամ»:

Պատերազմական գործողություններից մազապուրծ սիրիահայությունը գալիս-լցվում է Հայաստան, մակաբուծները պատրաստ չեն նրանց ընդունել: Էլի հանկարծակիի են գալիս:

Կարկուտը խփում է գյուղացու գլխին, մակաբույծները անօգնական թեւերն են թափահարում: Ծիրանի բերքն էլ է խփում գյուղացու գլխին, մակաբույծները նույնիսկ չեն կարողանում իրացման հարց լուծել:

Երեւի գյուղացին պետք է ժամանակին նաեւ իրացման համար էլ աղոթեր:

Մարզերը դատարկվում են, մակաբույծների վեջը չի: Աղքատության 37 տոկոս ցուցանիշն էլ սրանց չի անհանգստացնում: Թող սովից սատկեն կամ դառնան գաղթական: Կարեւորը՝ մակաբույծների առողջությունն է, որ հետազոտվում են եվրոպաներում՝ «վաստակած հանգստի» ժամանակ կամ դրանց արանքում: Այն դեպքում, երբ մի բուռ մնացած ժողովրդի օրգանիզմը լիովին քայքայվել է հենց իրենց գործունեության հետեւանքով:

Անտուն մնացած իրացման գոտու բնակիչները ամեն հինգշաբթի կատավարության շենքի դիմաց կանգնած են, իսկ գլխավոր մակաբույծը հանդիսավորությամբ ոստիկանության Երեւանի վարչության շենքի բացումն է անում:

Որքան ավելանում են ինքնասպանությունների դեպքերը, այնքան մակաբույծները դառնում են ավելի ցինիկ՝ նմանատիպ տեղեկություններին ծանոթանալով իբրեւ «սենսացիա»:

Երկրում որքան ակնառու են դառնում ամենաթողությունն ու անպատժելիությունը, այնքան մակաբույծները դառնում են անհաղորդ ու անգործունակ դրանք առնվազն մեղմելու համր:

Որքան ավելանում է կոռուպցիայի ցուցանիշը, այնքան կոռուպցիոներ մակաբույծները դառնում են ավելի անկանխատեսելի՝ շան լափը թափելով բացահայտողների գլխին:

Այս շարքը վերջ չունի:

Մնում է հասկանալ՝ ով է մեզ այսպես «կախարդել», որ շարունակում են հանդուրժել էս մակաբույծներին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը