Մեկնաբանություն

13.07.2013 17:34


Զորավար–պատգամավորը

Զորավար–պատգամավորը

Մինչ Ադրբեջանը զինվում է ու պատրաստվում պատերազմի, Հայաստանը, ավելի ճիշտ՝ Հայաստանի իշխանական վերնախավը, պատրաստվում է նշել գեներալ և համատեղությամբ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ծննդյան տարեդարձը։ Համաձայնե՛ք, որ մերոնք համարժեք են իրենց պահում։

Թող «օլուխ» Ալիևը Ռուսաստանից 1 միլիարդի զենք գնի։ «Զատո» մեզ մոտ Մանվել Գրիգորյանի ծննդյան տարեդարձը և «վակռուգ նեվոն» դարձել է ներիշխանական ու լրագրողական «տուսովկայի» թիվ մեկ քննարկման թեման։ Հետաքրքրող հարցերի շրջանակը լայն է և կրում է «գեոպոլիծիկ» բնույթ՝ Սերժ Սարգսյանը մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ, Ֆյուլեի ելույթին անդրադարձ կլինի՞ շալախո պարելու ժամանակ, թե՞ ոչ, բացի Սերժից ուրիշ ովքե՞ր են հրավիրված, Կճոյանը օրհնելու՞ է գեներալին, թե՞ զբաղված է լինելու օֆշորի հարցերով, սեղանին ի՞նչ է լինելու դրած, ովքե՞ր չեն հրավիրվել, ով ինչ նվեր է տալու, ով ինչ բաժակաճառով է քծնելու և ում։

Թե ով ում է քծնելու, կարելի է հեշտությամբ կռահել։ Նվերների մասով հստակ բան դժվար է ասելը, բայց մեկ այլ բան հստակ է՝ Սերժ Սարգսյանը կմասնակցի խնջույքին, քանզի նմանատիպ միջոցառումներին մասնակցելու համար նրա խելքը իրենը չէ, մանավանդ որ ուտել–խմելու առիթ է ստեղծվում։ Ասում են, թե նրա աչքն այդպես էլ չի կշտացել անգամ նախագահի աթոռին հայտնվելուց հետո։ Ինչևէ։

Գեներալ Մանվելի ծննդյան հետ կապված մեկ ուշագրավ հանգամանք. մամուլում տեղ են գտնում շնորհավորական ուղերձներ ԵԿՄ տարբեր կառույցներից։ Այդ ուղերձներում Մանվելին դիմում են որպես զորավարի։ Մենք էլ գիտեինք, թե մեր երկրում միայն մեկ զորավար կա ի դեմս քահանա–ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի։ Պարզվում է Մանվելն էլ է զորավար։ Թեև հանուն արդարության պետք է նշել, որ Մանվելն ավելի շատ կարող է հավակնել զորավար կոչմանը, քան Վովան։ Ի վերջո երբ Մանվելը զորավար էր իր շուրջը վազվզող մի քանի հոգու համար, Վովան ընդամենը «ֆիքստուլ» մականունով էր հայտնի։ Մանվելն էլ մականուն ունի, բայց դե ծննդյան տոնին ընդառաջ չենք ուզում այն հնչեցնել, որ տրամադրությունը չընկնի։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը