Մեկնաբանություն

14.07.2013 10:51


«Ջրելու» ազատիչյան մշակույթը

«Ջրելու» ազատիչյան  մշակույթը

Այս շաբաթ օֆշորային սկանդալի զոհ Փայլակ Հայրապետյանը գործարար Աշոտ Սուքիասյանի կողմից իր վստահությունը չարաշահելու, խաբեությամբ 4 միլիարդ 25 միլիոն 675 հազար դրամ հափշտակելու և առանձնապես խոշոր չափերի վնաս հասցնելու շրջանակներում ճանաչվեց տուժող կողմ: Փաստորեն գործարարը միայն հիմա է ճանաչվում տուժող կողմ։ Մնում է, որ մեղադրվող կողմն էլ ամբողջ կազմով ներկայացվի, այսինքն՝ քննություն իրականացնող մարմինը չբավարարվի միայն Սուքիասյանով, թեև Սերժ Սարգսյանի պահվածքից ելնելով կարելի է ենթադրել, որ Տիգրան Սարգսյանն ու ՀՀԿ–ին կից գործող Կճոյանը կմնան անձեռնմխելի։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն, որ օֆշորային սկանդալի հիմնական «հերոսները» մեր երկրի ոչ երկրորդական դեմքերն են, բայց օրինականությունից խոսող «ազատ» մամուլն ամեն կերպ փորձում է այդ կոռուպցիոն երևույթը ներկայացնել քաղաքական ու նույնիսկ աշխարհաքաղաքական լույսի ներքո, որպեսզի կոնկրետ հանցանքը չդառնա քննարկման առարկա։

Իշխանական քարոզչամեքենան փորձում է սկանդալի «հերոսներին» միմյանցից տարանջատել: Այսպես, թերթերից մեկը, հղում անելով իր «հավաստի աղբյուրներին», այս շաբաթ հրապարակեց մի լուր, ըստ որի՝ օֆշորային սկանդալի «հերոս» Նավասարդ Կճոյանի հանրահայտ «Բենթլին» նվիրել է ոչ թե Սուքիասյանը, այլ ինչ-որ գողականներ՝ հանցավոր աշխարհի ներկայացուցիչներ: Փաստորեն՝ Կճոյանին օֆշորի գործից տարանջատելու համար օֆշորային եռյակը պատրաստ է անգամ հանցագործների բարեկամ հռչակել Կճոյանին։

Նավասարդ-Սամվել Կճոյանի գործերը այս շաբաթ իրոք շատ վատ էին ընթանում: Ճիշտ է, «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» բարձրագոչ անվան տակ հանդես եկողների հայտարարած հավաքը, որի ժամանակ պետք է Կճոյանին կարգալույծ անելու ստորագրահավաք նախաձեռնվեր, չկայացավ, բայց նման նախաձեռնության փաստն ինքնին խոսուն է։

Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին, ապա նրան «ազատ» մամուլը ներկայացնում է որպես արևմտամետ գործիչ ու դրանով իսկ «լիցենզիա» տալիս օֆշորային գործունեությամբ զբաղվելու։ Այլ կերպ ասած՝ թեման «ջրվում» է։

«Բարի ռեժիմը»՝ Սերժ և Տիգրան Սարգսյանների իշխանական համակարգը, հիմնաված է առաջացած յուրաքանչյուր խնդիր «ջրելու»՝ կոծկելու վրա: Հետևաբար քաղաքական «նոր մշակույթ» ասելով՝ «ազատ» մամուլը նկատի ունի փաստերը լղոզելու կամ գործընթացների բնական ընթացքը շեղելու ճարպկությունը: Բայց դե օֆշորային սկանդալը հնարավոր չէ «ջրել», իսկ եթե շատ են ցանկանում, ապա միակ ձևը Տիգրան Սարգսյանին անվանափոխ անելն է։ Մեկ էլ տեսար` չճանչեցին:

Տաթևիկ Պողպատյան

Այս խորագրի վերջին նյութերը