Մեկնաբանություն

16.07.2013 12:35


Մեծ բլեֆի քաղաքականություն

Մեծ բլեֆի քաղաքականություն

Հայաստանի համար արտաքին կողմնորշման հարցը արհեստածին է։ Քաղաքակրթական առումով մենք վաղուց Արևմուտքի բաղկացուցիչ մաս ենք կազմում։

Ինչ վերաբերում է գործնական քաղաքականությանը, ապա հաշվի առնելով հայտնի հանգամանքները՝ Հայաստանը պետք է վարի փոխլրացնող, այլ ոչ թե փոխբացառող քաղաքականություն։ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան երկընտրանքն, ըստ այդմ, մեզ համար չէ։ Պետք չէ շփոթել արևմտյան արժեհամակարգով Հայաստանի արդիականացման իրականացումը եվրաինտեգրման հետ, մանավանդ որ մեզ ԵՄ–ում չեն սպասում։

Կեղծիք և իրականություն

ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի հետ կապված երկու մեծ բլեֆ կա։ Նախ մեզ ասվում է, թե դա լավ բան է, բայց ցույց չի տրվում այդ լավ բանը. համաձայնագրի տեքստը համառորեն չի հրապարակվում։ Սա՝ մեկ։

Հաջորդ բլեֆն այն, թե իբր ասոցացման համաձայնագիրը ճանապարհ է դեպի Հայաստանի ԵՄ–ին լիիրավ անդամակցություն։ Իրականությունն այն է, որ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը լրիվ այլ խնդիր է լուծում և բացարձակապես կապ չունի ԵՄ–ի ընդլայնման քաղաքականության հետ, որքան էլ որ Ֆյուլեն ու մյուսները դերասանություն անեն այդ թեմայով։

ԵՄ–ի ասոցացման համաձայնագիրն ուղղված է Ռուսաստանի դեմ և նպատակ է հետապնդում բուֆերային գոտի ստեղծել մաքսային միության դեմ։

Հարցն այն չէ, որ եթե մի բան Ռուսաստանի դեմ է, ապա Հայաստանը պետք է անպայման դեմ գնա դրան։ Հարցը Ռուսաստանը չէ։ Հարցը մեր անվտանգությունն է, որն այս պահին ՀԱՊԿ–ի շրջանակներում է, ինչը նշանակում է, որ չենք կարող հաշվի չառնել ԵՄ–ի հետ ասոցացման հետևանքները։

Պարզից էլ պարզ է, որ ԵՄ–ում ոչ մեկը մեզ չի սպասում, առավելևս Ղարաբաղի չլուծված խնդրի առկայության պարագայում, և որ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրն ուղղված է Ռուսաստանի գլխավորությամբ ՍՍՀՄ նախկին տարածքում իրականացվող կամ իրականացվելիք տարատեսակ ծրագրերի դեմ ու Արևմուտքի այդ ծրագրի մեջ Հայաստանին վերապահված է մանրադրամի վերածվելու դերը։ ԵՄ–ից, սակայն, նեղանալ պետք չէ։ Իրենք իրենց շահն են հետապնդում, բայց որևէ մեկը մեզ չի արգել մե՛ր շահը հետապնդել ու հարցին չմոտենալ հայի հետին խելքին հետագայում ապավինելու վճռականությամբ։

Հարցն այն չէ, որ մենք պետք է Ռուսաստանի շահերով առաջնորդվենք։ Ամենևին։ Սակայն հնարավոր չէ չնկատել, որ Հայաստանի իշխանություններին փաստացի «կամ–կամ»–ի առաջ դնելով՝ հարված է հասցվում Հայաստանի անվտանգության համակարգին, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանի եվրաինտեգրման ապագան ասոցացման համաձայնագրով ոչ թե հստակեցվում է, այլ հայտնվում մշուշի մեջ։

ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելով՝ մենք ստանում ենք իշխանությունների կողմից մսխվելիք փող, բայց կորցնում ենք շատ կարևոր բան՝ անվտանգությունը։ Գաղտնիք չէ, որ Եվրոպան անվտանգության հարցերում հայտարարություններից, ցավակցական խոսքերից ու քաղաքավարի ձեռքսեղմումներից այն կողմ չի անցնում. ռուս–վրացական պատերազմին հաջորդած իրադարձություններն ասվածի վառ ապացույցն են։

Իսկ այն, որ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրով Հայաստանը հարվածի տակ է դնելու սեփական անվտանգությունը, կասկած չի հարուցում։ Սխեման շատ պարզ է. ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագիրը լարվածություն է առաջացնելու Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում և ուժեղացնելու է Ադրբեջան–Ռուսաստան կապը։ Հիմա մենք ականատեսն ենք այդ գործընթացի սկզբնական փուլին։ Պատահական չէ, որ Ադրբեջանը չի շտապում «ասոցացվել», քանզի փորձում է Ղարաբաղյան պատերազմի վերսկսման համար ռուսական վերնախավի բարեհաճությունը ստանալ ու Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականության» շնորհիվ ահագին հաջողության է հասել այդ գործում։ 1 մլրդ դոլարի զենքի վաճառքն այդ բարեհաճության առարկայական դրսևորումներից մեկն է։

Հիմա եթե Արևմուտքի լուռ համաձայնության և Ռուսաստանի աջակցության շնորհիվ Ադրբեջանը նոր պատերազմ սկսի, ապա շատ խելք պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, որ անվտանգության առումով «օդում» հայտնված Հայաստանը կկորցնի Ղարաբաղը։ Իսկ դա էլ իր հերթին կվտանգի բուն ՀՀ–ի գոյությունը, և վիճակը փրկելու համար իշխանությունները հերթական վասալային գործարքը կառաջարկեն Ռուսաստանին՝ համաձայնելով Սյունիքը չկորցնելու պայմանով վերածվել ռուսական գուբերնիայի (դա լավագույն դեպքում)։

Այսինքն՝ նրանք, ովքեր այսօր իրենց արևմտամետ են ներկայացնում և ասոցացման միջոցով եվրաինտեգրում խաղում, իրականում Հայաստանը նետելու են ՌԴ–ի գիրկն այնպես, ինչպես «ֆուտբոլային» դիվանագիտության պատճառով երկարաձգվեց ռուսական ռազմաբազաների ներկայությունը մեզ մոտ, մինչդեռ լրիվ այլ բան էր խոստացվել։

Պետք է հասկանալ մեկ պարզ բան՝ եթե սերբերը Կոսովոն կամ վրացիներն Աբխազիան ու Հարավային Օսիան կորցնելու գնով տեսականորեն հնարավորություն ունեն հայտնվելու ԵՄ–ի կազմում (սերբերն այս առումով ավելի շահեկան դիրքերում են), ապա մենք անգամ Ղարաբաղի կորստի գնով չենք կարող նման ինտեգրոմւ ակնկալել՝ եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք նման գռեհիկ առևտրի հնարավորությունը։

Գաղտնիք չէ, որ մեզանում կան մարդիկ, ովքեր համաձայն են Հայաստանը ԵՄ–ի կազմում տեսնել ու լավ ապրել՝ թեկուզև Ղարաբաղի հանձնման գնով, բայց դա պատրանք է՝ ժամանակակից ղուկասղուկասյանություն։ Քանզի ակնհայտ է, որ Ղարաբաղի հարցում մեր զիջումները հարցականի տակ կդնեն ՀՀ–ի գոյությունն ընդհանրապես և հետևաբար՝ ի՞նչ ասոցացման կամ ԵՄ կազմի մեջ մտնելու մասին կարող է խոսք լինել։

Սևրում էլ մենք թղթի վրա, այսպես ասած, ասոցացվեցինք Արևմուտքի հետ, սակայն գործնականում կցվեցինք բոլշևիկյան Ռուսաստանին՝ կորցնելով անկախությունը։ Պետության անվտանգության ապահովման հարցերում, հետևաբար, պետք է առաջնորդվել ոչ թե ռոմանտիկ դատողություններով և պատրանքներով, այլ սառը հաշվարկով և բանականությամբ։

Պետք է զերծ մնալ նաև արկածախնդրությունից և բլեֆի սպառող դառնալուց։ Հակառակ պարագայում շատ թանկ գին կարող ենք վճարել, եթե արդեն իսկ չենք վճարել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը