Լրահոս

16.07.2013 21:41


Շոտլանդիայի դաշտերում հայտնաբերվել է մարդկության պատմության ամենահին լուսնային օրացույցը

Շոտլանդիայի դաշտերում հայտնաբերվել է մարդկության պատմության ամենահին լուսնային օրացույցը

Հնագետները Շոտլանդիայի Աբերդինշիր դաշտավայրում հայտնաբերել են մարդկության պատմության ամենահին լուսնային օրացույցը:

Պեղումների ժամանակ գիտնականները հայտնաբերել են 12 փորվածք, որոնք, ըստ ամենայնի, խորհրդանշել են լուսնի փուլերը: Այս փորվածքները կարող էին նաև խորհրդանշել 12 օրացուցային ամիսները. չի բացառվում, որ այդ փոսիկների մեջ տեղադրված լինեին փայտե սյուներ:

Բիրմինգհեմի համալսարանի մասնագետները ենթադրում են, որ իրենց հայտնաբերածը 10 000 տարեկան է։ Այս մասին տեղեկացնում է «Բի-Բի-Սի»–ն։ Այդ օրացույցից օգտվել են որսով և հավաքչությամբ զբաղվող տեղի հնաբնակները:

Գիտնականները կարծում են, որ մեզոլիթի դարաշրջանի Ուորեն Ֆիլդում հայտնաբերված այս հայտնագործությունը հազարավոր տարիներով ավելի հին է Միջագետքում գտնված նմանատիպ կառույցներից, որոնք մինչ այս համարվում էին ամենահինը:

Ի դեպ, շոտլանդական օրացույցը կողմնորոշված է ձմեռային արևադարձի օրվա արևածագի կետին: Դա թույլ է տվել նախնադարյան մարդկանց կողմնորոշվել իրական աստղադիտական ժամանակով և մոտավորապես իմանալ՝ երբ սպասել տարեշրջանի փոփոխությանը:

Ըստ պրոֆեսոր Վինս Գեֆնիի՝ ամեն ինչ խոսում է այն մասին, որ Շոտլանդիայում բնակվող հին որսորդների և հավաքչությամբ զբաղվողների հասարակությունն ունեցել է ժամանակը հաշվարկելու թե՛ անհրաժեշտություն, թե՛ կարողություն: Մարդիկ նաև կարողացել են հետևել լուսնային փուլի եղանակային փոփոխություններին, և դա եղել է Մերձավոր Արևելքում առաջին օրացույցների ի հայտ գալուց 5000 տարի ավելի շուտ:

Շոտլանդիայում պեղումներով զբաղվող բրիտանական Թագավորական հանձնաժողովի ներկայացուցիչ Դեյվ Կաուլին նշել է. «Մենք վերջին 40 տարիներին երկնքից նկարել ենք շոտլանդական հարթավայրերը և բացահայտել այնպիսի հնագիտական տեսարժան վայրեր, որոնց գետնից երբեք չէինք նկատի: Ուորեն Ֆիլդը առանձնահատուկ մի բան է: Հաճելի է գիտակցել, որ մեր զննումը երկնքից թույլ է տվել մեզ հայտնաբերել տեղը, որտեղ միգուցե հայտնաբերվել է ինքը ժամանակը»:

Հայտնաբերվածը Բրիտանիայի համար յուրօրինակ հուշարձան է համարում հնագետ Շերոն Ֆրեյսերը. «Մեր պեղումները թույլ տվեցին շոշափել 10 000 տարի առաջ ապրած մարդկանց մշակույթը, և այժմ այս գտածոն մեզ թույլ է տալիս ավելի լավ պատկերացում կազմել երկրային ոլորտների և ժամանակի վերաբերյալ այդ մարդկանց ընկալումների մասին»:

Այս խորագրի վերջին նյութերը