Լրահոս

17.07.2013 10:12


Դատական նիստերի դահլիճում դատախազի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՔԾ

Դատական նիստերի դահլիճում դատախազի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՔԾ

2013թ. հուլիս 12-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող առանձնապես խոշոր չափերի ապօրինի թմրամիջոցի շրջանառության գործով ամբաստանյալ Ա.Պետրոսյանը դատական նիստերի դահլիճում ջրով լի պոլիմերային շիշը նետել է մեղադրանքը պաշտպանող դատախազ Վ.Միլիտոնյանի ուղղությամբ: Միաժամանակ ամբաստանյալը հայհոյել և սպանության սպառնալիքներ է հնչեցրել դատախազի հասցեին:
Ի պատասխան ԶԼՄ-ների հարցադրումներին` տեղեկացնում ենք, որ դատական նիստերի դահլիճում մեղադրանքը պաշտպանող դատախազի նկատմամբ` ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված բռնություն գործադրելու կամ դրա գործադրման սպառնալիքի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Տեղեկացնում ենք, որ Ա.Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ ԱՆ «Հրազդան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրելու ընթացքում իրացնելու նպատակով թմրամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու մեջ:

Մասնավորապես` 2012թ. մայիսի 3-ին, ապա 2012թ. օգոստոսի 8-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Ա.Պետրոսյանը կնոջ` Ա.Մախովայի օժանդակությամբ ձեռք է բերել զգալի չափի` ընդհանուր 14 դեպքով, խոշոր չափերի «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբեր:
Ձեռք բերված թմրամիջոցը, քրեական գործի նյութերի համաձայն, նա իրացրել է տարբեր անձանց: Թմրամիջոցի հերթական խմբաքանակը Ա.Պետրոսյանը փորձել է ձեռք բերել 2012թ. օգոստոսի 21-ին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել թվով 9 անձանց: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2012թ. դեկտեմբերի 27-ին: Դատաքննությունն արդեն ավարտվել է և մեղադրող դատախազի գնահատմամբ` ձեռք են բերվել բավարար ապացույցներ` Ա.Պետրոսյանին դատապարտելու համար, միջնորդելով նրա նկատմամբ վերջանական պատիժ նշանակել ազատազրկում` 15 տարի ժամկետով:

Տեղեկացնում ենք նաև, որ Ա.Պետրոսյանը նախկինում 4 անգամ դատապարտվել է` 11.11.1998թ. ՌԴ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածով, 22.03.2006թ. Երևան քաղաքի Շենգավիթ դատարանի կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածով, 2007թ. ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ և 268-րդ հոդվածներով, 23.12.2011թ. Կոտայքի մարզի ըդհանուր իրավասության դատարանի կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածով: Դատավարություններից երկուսը մարված են:

Քրեական գործով մեղադրվող 9 անձանցից մեկը ամբաստանյալ Ա.Պետրոսյանի կինն է` Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի Ա.Մախովան: Նա մեղադրվում է «Սևան» ՔԿՀ-ում պատիժը կրող ամուսնուն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելուն, պահելուն և իրացնելուն օժանդակելու մեջ: Ներկայումս սույն գործի շրջանակներում Ա.Մախովան գտնվում է նախնական կալանքի տակ: Մեղադրանքը պաշտպանող դատախազը միջնորդել է Ա.Մախովային դատապարտել ազատազրկման` 10 տարի ժամկետով:
Ա. Մախովան ևս նախկինում մեկ անգամ դատապարտվել է ազատազրկման` 2010 թվականին` ՀՀ քրեական օրենսգքրի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` 9 ամիս ժամկետով: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ նշանակվել է հարկադիր բուժման` թմրամոլության դեմ:

Այս խորագրի վերջին նյութերը