Լրահոս

17.07.2013 10:38


Երևանի քաղաքապետարանը երկու տարի է՝ չի կատարել հաշմանդամություն ունեցողներին տրված խոստումը

Երևանի քաղաքապետարանը երկու տարի է՝ չի կատարել հաշմանդամություն ունեցողներին տրված խոստումը

Դեռևս 2011 թվականի հոկտեմբերին սայլակով տեղաշարժվող անձանց հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը փորձեց օգտվել Երևանի հանրային տրանսպորտից: Ակնհայտ դարձավ, որ Երևանում ոչ մի հանրային տրանսպորտ հարմարեցված չէ տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար: Այսօր Հայաստանում ապրում են սայլակով տեղաշարժվող շուրջ 4000 հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց համար հանրային տրանսպորտը, շենքերն ու շինությունները, նույնիսկ փողոցները շարունակում են մնալ անմատչելի:

Դեռ այն ժամանակ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները խոստացան, որ կզբաղվեն այդ հարցով և Չինաստանից Հայաստան ներկրվելիք 66 ավտոբուսները մատչելի կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ակցիայից անցել է 2 տարի, իսկ Հայաստան ներկրված ավտոբուսները դեռ չեն հարմարեցվել նրանց համար: Քաղաքացիների բոլոր դիմումներն այս հարցի վերաբերյալ մերժվել են` պատճառաբանությամբ, որ դրանք գտնվում են երաշխիքային սպասարկման ժամկետում, և չինական կողմը թույլ չի տալիս դրանց վրա համապատասխան աշխատանքներ կատարել:

Չինաստանի կողմից Հայաստանին քաղաքային ավտոբուսների նվիրատվության ծրագրի իրականացման պայմանագրի ուսումնասիրությունից, սակայն, պարզվում է, որ ավտոբուսների երաշխիքային ժամկետը սպառվել է, իսկ պայմանագիրն այլևս ուժի մեջ չէ: Հետևաբար, հայկական կողմն այժմ կարող է առանց խոչընդոտների կատարել հարմարեցման աշխատանքները: Փոխարենը պաշտոնական գրություններից տեղեկանում ենք, որ Քաղաքապետարանը բանակցում է Չինաստանի կառավարության հետ՝ ներկրված ավտոբուսների վրա վերելակներ տեղադրելու համար թույլտվություն ստանալու նպատակով և չի կարող հստակ ժամկետներ հայտնել, թե երբ են կատարվելու ավտոբուսների հարմարեցման աշխատանքները:

Այսպիսով, հանրային տրանսպորտի հարմարեցման հարցում Երևանի քաղաքապետարանի անգործության պատճառով ամեն օր խախտվում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ տրանսպորտից անարգել օգտվելու իրավունքը, որն ամրագրված է ինչպես ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայով, այնպես էլ «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, որի 22-րդ հոդվածում հստակ նշվում է, որ չի թույլատրվում տրանսպորտային միջոցների մշակումն ու արտադրությունը, եթե դրանք հաշմանդամների մատչելիության և օգտագործման համար հարմարեցված չեն:

Պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը