Մեկնաբանություն

17.07.2013 11:00


Սերժ Սարգսյանը «շողուլից ընկած» է

Սերժ Սարգսյանը «շողուլից ընկած» է

Հայաստանի աշխարհագրական դիրքը, թուրք–ադրբեջանական հարևանությունը և ղարաբաղյան կոնֆլիկտի առկայությունն այլընտրանք չեն թողնում, քան սուր անկյուններից խուսափող և անվտանգության ապահովման լավագույն լուծում պարունակող քաղաքականություն վարելը։

Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահության շրջանում սուր անկյուններից խուսափելու համար ընտրվել էր հավասարակշռված մոտեցումը։ Հայաստանն այդպիսով հնարավորություն էր ստանում խուսափել «պատմական» կամ «ճակատագրական» ընտրության առաջ կանգնելուց և տարատեսակ «մետություններից»։

Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում արտաքին քաղաքական կուրսը ստացավ կոմպլեմենտար՝ փոխլրացնող անվանումը։ Այն նույնպես ենթադրում էր հավասարակշռված վիճակ արտաքին խաղացողների հետ։ Կոմպլեմենտարիզմի էությունը Արևմուտքի և ՌԴ–ի հետ շահերի համադրումն էր, այլ ոչ թե հակադրումը։

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից շրջանառության մեջ դրված կոմպլեմենտարիզմի հայեցակարգը չէր ենթադրում «կամ–կամ» տարբերակով ընտրություն, և մեր արտաքին գործընկերները երբեք նման հարցադրումներով հանդես չէին գալիս։ ՌԴ–ի հետ հարաբերությունների խորացմանը զուգընթաց զարգանում էին Արևմուտքի հետ կապերը։

Տեղին է հիշեցնելը, որ արևմտյան ծագում ունեցող կապիտալի հոսքը դեպի Հայաստան և արևմտյան պետական ու ոչ պետական կառույցների ֆինանսական խոշոր աջակցությունը եղավ հենց կոմպլեմենտարիզմի շրջանակներում։

Ռոբերտ Քոչարյանից տարբերվելու մոլուցքով ու կոմպլեքսով տառապող և Լևոն Տեր–Պետրոսյանից առաջ ընկնելու շարիկշարիկովյան ցանկություն ունեցող Սերժ Սարգսյանը 2008թ. նախագահի աթոռին հայտնվելուց հետո հայտարարեց, որ վարելու է նախաձեռնողական արտաքին քաղաքականություն։ Թե ինչ էր այն՝ պարզ դարձավ տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում, և դրանից հետո, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում քծնում էր Պուտինին, Բրյուսելում՝ ՆԱՏՕ–ին, իսկ Վաշինգտոնում՝ Օբամային ու միաժամանակ իրարամերժ խոստումներ տալիս բոլորին։ Արդյունքում Հայաստանի արտաքին քաղաքականությունը հայտնվեց «կամ–կամ» ընտրության առաջ։ Ճիշտ է, Սարգսյանը հիմա ուզում է ամեն ինչ հետ պտտեցնել ու անցնել «և–և»–ի քաղաքականությանը, բայց նա այնքան է խորացել ու խճճվել, որ չի կարողանում «շողուլի» գալ։

ՀՀԿ ղեկավարի եփած ճաշն այժմ իր գարշահոտությամբ վանել է բոլորին։ Դրա համար էլ Լեհաստանի նախագահը, դիվանագիտական նրբասացությունը մի կողմ դնելով, «չորով» բարձրացնում է ընտրության հարցը։

Հարկ է արձանագրել, որ «արևմտամետ» երևալու սերժսարգսյանական ձգտումների արդյունքում մենք Արևմուտքից հեռացել ենք և զուգահեռաբար կորցրել Ռուսաստանին, որը մեր թշնամուն զինում է հարձակողական զենքով՝ հայտարարելով, թե դա ընդամենը բիզնես է։

Հաշվի առնելով վերջին հինգ տարիների փորձը՝ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը կարելի է որակել որպես «նախաձեռնողական թափառաշրջիկություն», այսինքն՝ բովանդակությունն իր տեղը զիջել է ձևին։ Իսկ «անկախ» մամուլի այն պնդումները, թե իբր նա արևմտամետ է, էժանագին քարոզչություն են։ Արևելյան ոճի կառավարման կուլտուրայի կրող «քյառթ» Սարգսյանից ի՞նչ արևմտյան արժեքների կրող կամ արևմտամետ։

Ինչ վերաբերում է ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրին, ապա Սերժ Սարգսյանին այն հետաքրքիր է միայն դոնորների ժողովի, այն է՝ փող ստանալու հեռանկարի մասով։ Ուրիշ ոչինչ։ Որքան շատ փող տան, այնքան ավելի խայտառակ անհավասարակշիռ գիծ կորդեգրի նա՝ հարվածի տակ դնելով Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգությունը։

Սարգսյանին միայն փողն ու «ատկատն» է հետաքրքրում, և քանի որ եվրոպացիները 1,5 միլիարդ դոլար են խոստացել ասոցացման համաձայնագրին միանալու դեպքում, նա ամեն ինչի տակ պատրաստ է ստորագրել առանց խորանալու, ասել է թե՝ նա կվարվի Գյուլի հետ «ֆուտբոլ» խաղալու ժամանակների ոգով։ Վաղը եթե որոշեն մի քանի միլիարդ դոլար հատկացնել Հայաստանի իշխանությանը իսլամական երկրների միությանն անդամակցելու համար, ապա չկասկածեք՝ Սարգսյանը մեծ հաճույքով «արևմտամետից» կդառնա իսլամամետ։ Այնպես որ, Սերժ Սարգսյանի հետ կապված ծիծաղելի են արևմտամետ կամ այլամետ որակումները։ Նա աթոռամետ ու փողամետ է։ Ինչևէ։

Այն, որ Հայաստանն իր արդիականացումը պետք է իրականացնի եվրոպական ստանդարտներով ու արժեհամակարգով, աներկբա է։ Հակառակը պնդողները որևէ լուրջ այլընտրանք չեն ներկայացնում։ Այլ հարց է բուն եվրաինտեգրումը։ Այն պետք է իրականացվի այնպես, որ չվնասի ՌԴ–ի հետ մեր հարաբերություններին ու չվտանգի մեր անվտանգությունը։

Անշու՛շտ, իդեալական տարբերակը կլիներ այն, որ մենք ԵՄ անդամ լինեինք ու միաժամանակ կարողանայինք ՌԴ–ի հետ խորացնել ռազմաքաղաքական հարաբերությունները, սակայն գործնականում դա անհնար է։ Համենայնդեպս, տեսանելի ապագայում է անհնար։ Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է զերծ մնանք պատրանքներից ու արկածախնդրությունից։

ԵՄ–ի հետ ասոցացումը կա՛մ պետք է հետաձգվի՝ ՌԴ–ի հետ մաքսային միությանը չանդամակցելուն զուգընթաց, կա՛մ պետք է ԵՄ–ի հետ ասոցացման հարցում կետ առ կետ բանակցվեն բոլոր այն հարցերը, որոնք կարող են սուր անկյուններ առաջացնել, և միայն նորմալ բանակցելուց հետո հարցը պետք է դրվի համընդհանուր քննարկման։ Իսկ այս պահին մենք չգիտենք, թե ինչ է իրականում ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրն այն պարզ պատճառով, որ այն չի հրապարակվում։ Իսկ դա վատ նշան է։

Ինչպես հայտնի է, «ֆուտբոլային» դիվանագիտությունն էլ էր աչքի ընկնում գաղտնիությամբ ու գիշերային որոշումների ընդունման պրակտիկայով։ Սերժ Սարգսյանը հասարակությանը պարբերաբար փաստի առաջ էր կանգնեցնում՝ «նախաձեռնողական» ստեր մատուցելով հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ թուրքական նախապայմանների բացակայության մասին։ Մինչդեռ նախապայմաններ կային, ու դրանք վնասեցին Հայաստանին։

Հիմա նույն բանը կարող է տեղի ունենալ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի շրջանակներում։ Հասարակությունը կարող է փաստի առաջ կանգնել՝ հանկարծ պարզելով, որ Սերժ Սարգսյանի փողամետ «արևմտամետության» արդյունքում հայտնվել է ՌԴ–ի, Թուրքիայի ու Ադրբեջանի միասնական քայլերի դեմ մեն–մենակ։ Հետևաբար, ԵՄ–ի հետ նորմալ ինտեգրումն ապահովելու և ՌԴ–ի հետ հատուկ հարաբերությունների պահպանման համար մեզ անհրաժեշտ են փոփոխություններ երկրի ներսում նախ և առաջ իշխանափոխության տեսքով։

Միայն «օրվա կուրսով» արտաքին քաղաքականություն չվարող և արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերում ղումարբազի հոգեբանությունից զերծ իշխանության պայմաններում Հայաստանը կարող է արժանապատիվ հարաբերություններ հաստատել արտաքին գործընկերների հետ։ Սերժ Սարգսյանի դեպքում դա բացառվում է։ Նա «շողուլից ընկած» է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը