Մեկնաբանություն

17.07.2013 12:55


Ի՞նչն է միավորում Վարդան Ղուկասյանին ու Սերժ Սարգսյանին

Ի՞նչն է միավորում Վարդան Ղուկասյանին ու Սերժ Սարգսյանին

Հայտնի փիլիսոփայական ձևակերպում կա, ըստ որի՝ ոչինչ չի միավորում մարդկանց այնպես, ինչպես համատեղ գործած հանցանքը։

Սերժ Սարգսյանին ու հայաստանյան մյուս օդիոզ դեմքերին բազմաթիվ հանցագործություններ են միավորում։ Ամենահիմնական միավորիչ բանն, անշո՛ւշտ, ընտրությունների ժամանակ համատեղ ուժերով տոկոս «խփելն» է։ Դրանից հետագայում օգտվում են «խփոցիի» բոլոր մասնակիցները «Ես քեզ, դու՝ ինձ» սկզբունքով։ Սարգսյանի շրջապատի գործած մյուս հանցագործություններն արդեն ընտրական «խփոցիի» ժամանակ ստացած «ինդուլգենցիայի» դրսևորումներ են։

Ճիշտ է, Սերժ Սարգսյանը երբեմն «պատժում» է «ընտրական» տոկոսի բաժնետերերին, բայց դա ոչ թե հանրային պահանջին ընդառաջ գնալու, այլ «յուրայիններին» «քցելու» ներքին ցանկության շրջանակներում է արվում։ Թեև, մեծ հաշվով, որևէ մեկին ՀՀԿ ղեկավարն առայժմ չի նեղացրել, քանզի դեռ այդ թափը չունի։ «Յուրայիններն» էլ զգալով, որ «շեֆի» թուրը չի կտրում, ձգտում են վերանվաճել կորցրած դիրքերը կամ էլ մնալ նախկին դիրքերում։

Դիրքերի վերականգնման ու վերանվաճման տպավորիչ փորձեր է անում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ըստ հայրաքաղաքից ստացվող տեղեկությունների՝ Վարդան Ղուկասյանն ու նրա 2 տասնյակից ավելի կողմնակիցները ծեծել են Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանին, ով Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ Հարություն Սարգսյանի հայրն է:
Կատարվածից հետո դատարանի շենքից Շտապ օգնության մեքենան Սարգսյանին տեղափոխել է հիվանդանոց:

Սերժ Սարգսյանը չի շտապել հայտարարել, թե ՀՀԿ–ական իր ընկերոջ այդ արարքն անհանդուրժելի և անընդունելի է, քանզի նրանց միավորող այլ բան կա, որի մասին ժամանակին ակնարկել էր Վարդանիկը։ Խոսքն, իհարկե, ընտրական «խփոցիի» միավորիչ հանգամանքի մասին չէր, քանի որ բազում են «խփողանք», բայց քչերն են «ընտրյալք»։

Այդ միավորող հանգամանքը կամ ընդհանուր գաղտնիքն է, ըստ ամենայնի, պատճառը, որ Վարդան Ղուկասյանին դարձնում է Սերժ Սարգսյանի սիրելին։

Որպեսզի հասկանանք, թե ինչը կարող է միավորել Սերժին ու Վարդանին, եկեք վերհիշենք, թե երբ և ինչ հանգամանքներում Ղուկասյանը հայտարարեց, թե Սարգսյանի հետ իրենք «մի բան գիտեն»։

Ինչպես հայտնի է, տարիներ առաջ Երևան–Գյումրի մայրուղու վրա տեղի ունեցավ Վարդան Ղուկասյանի մահափորձը։ Գյումրիի այն ժամանակվա ղեկավարը վիրավորվեց ու երբ ուշքի եկավ, հայտարարեց, թե ինքը գիտի, թե ով կամ ովքեր են իր դեմ կազմակերպած մահափորձի հեղինակները, բայց նաև փորձեց հասկացնել այդ մահափորձ անողին կամ անողներին, որ ինքը կապ չունի «մի բանի հետ»։

Հիշեցնենք, որ Վարդանիկի մահափորձից առաջ հանկարծամահ էր եղել ՀՀԿ այն ժամանակվա ղեկավար Անդրանիկ Մարգարյանը։ Այնպես ստացվեց, որ Մարգարյանի մահը ձեռնտու եղավ Սերժ Սարգսյանին, քանզի քաղաքական օրակարգից դուրս եկավ այն հարցը, թե ով պետք է ղեկավարի ՀՀԿ–ի ցուցակը 2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ, և ով պետք է լինի ՀՀԿ–ի թեկնածուն 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ։

Ինչպես 1999թ. հոկտեմբերի 27–ից հետո Սերժ Սարգսյանի դիրքերն իշխանական համակարգում ամրացան, ու նա դարձավ երկրի դե ֆակտո երկրորդ դեմքը, այնպես էլ Ա. Մարգարյանի հանկարծամահ լինելը նպաստեց Սերժ Սարգսյանի ծրագրերի իրականացմանը։

Իսկ թե ինչու էր Վարդան Ղուկասյանն Անդրանիկ Մարգարյանի մահից ու իր դեմ կազմակերպած մահափորձից հետո համոզված հայտարարում, որ գլխի է ընկնում, թե ով կարող էր մահափորձը կազմակերպել, ինքն ու Սերժ Սարգսյանը կիմանան։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը