Լրահոս

14.07.2009 16:54


Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Ալեն Թերզյանին

Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Ալեն Թերզյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի ֆիլմարտադրողների միության նախագահ, Ֆրանսիայի Կինոարվեստի Ակադեմիայի նախագահ, «Սեզար» մրցանակաբաշխության նախագահ, Կաննի կինոփառատոնի տնօրեն Ալեն Թերզյանին և նրա տիկնոջը:
Հանրապետության նախագահի՝ հուլիսի 13-ի հրամանագրով Ալեն Թերզյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով՝ կինոարվեստի բնագավառում ունեցած ծանրակշիռ ավանդի, ինչպես նաև՝ հայրենիքի հետ մշակութային սերտ համագործակցության ու հայ-ֆրանսիական բարեկամության խորացմանը նպաստող գործունեության համար:
«Մեր ժողովրդի ճակատագիրն այնպես է դասավորվել, որ նրա մի զգալի հատվածը սփռված է աշխարհով մեկ: Բայց սա մեզ համար նաև առավելություն է, և ես հաճախ եմ պնդում, որ Հայաստանը մի երկիր է առանց Սփյուռքի ու բոլորովին այլ երկիր՝ Սփյուռքով»,- ասել է Ս. Սարգսյանը:
Նշելով, որ Հայաստանը հպարտ է Ալեն Թերզյանի պես հայրենակից ունենալ՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է.

«Ձեր նմանների շնորհիվ է նաև Հայաստանն ավելի ճանաչելի դառնում աշխարհում: Մեր նպատակն է, որ դրսում ապրող մեր հայրենակիցները լինելով տվյալ երկրի լավ քաղաքացի՝ միաժամանակ Հայաստանը համարեն իրենց պատմական հայրենիքը»:
Սերժ Սարգսյանը նաև ողջունել է աշխարհահռչակ ռեժիսորի մասնակցությունը «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:
«Անչափ ուրախ եմ, հպարտ ու հուզված, որ Հայաստանում եմ' իմ պատմական հայրենիքում: Երբ ոտք դրեցի հայկական հողին, տարօրինակ զգացում ապրեցի: Դա մի բան է, որ կարող է հասկանալ միայն այն հայը, ով ամբողջ կյանքում երազել էր լինել Հայաստանում, և այդ երազանքը վերջապես իրականություն դարձավ»,- ասել է Ալեն Թերզյանը: Ֆրանսահայ արվեստագետը նշել է, որ տպավորված է «Ոսկե ծիրան» փառատոնով, որը տարեցտարի ավելի ու ավելի մեծ համբավ է ձեռք բերում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը