Լրահոս

14.07.2009 17:59


«Հազարամյակի մարտահրավեր»–Հայաստան ծրագրի դադարեցված պայմանագրերով անավարտ մնացած շինարարական աշխատանքները կբերվեն տրամաբանական ավարտի՝ ՀՀ կառավարության կողմից համապատասխան այլ ֆինանսական աղբյուրներ հայթայթելուց հետո

«Հազարամյակի մարտահրավեր»–Հայաստան ծրագրի դադարեցված պայմանագրերով անավարտ մնացած շինարարական աշխատանքները կբերվեն տրամաբանական ավարտի՝ ՀՀ կառավարության կողմից համապատասխան այլ ֆինանսական աղբյուրներ հայթայթելուց հետո

Այսօր տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարման խորհուրդը քննարկել է «Հազարամյակի մարտահրավեր»-Հայաստան ծրագրի գյուղական ճանապարհների վերականգնում ենթածրագրի դադարեցման վերաբերյալ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) նամակից բխող ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի հետագա քայլերի մասին հարցը։
«ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ ԳՃՎ ենթածրագրի դադարեցման մասին ծանուցումը ենթադրում է աշխատանքներում ընդգրկված խորհրդատուների և կապալառուների իրազեկում և պայմանագրերի դադարեցում, ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի կառուցվածքի փոփոխություն, առկա միջոցների և պարտավորությունների հանձնում համապատասխան լիազոր մարմնին։
Կառավարման խորհուրդը հավանություն է տվել պայմանագրերի դադարեցմանը։ ՀՀ վարչապետը նշել է, որ պայմանագրերով անավարտ մնացած շինարարական աշխատանքները կբերվեն տրամաբանական ավարտի ՀՀ կառավարության կողմից համապատասխան այլ ֆինանսական աղբյուրներ հայթայթելուց հետո։
Խորհուրդը քննարկել և հաստատել է «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսության ենթածրագրի շրջանակում Այգեզարդի, Շենիկի և Մանթաշի ինքնահոս համակարգերի վերաբնակեցման գործողությունների պլանները և դրանց իրականացման քայլերը, որոնք ներառում են օտարվող սեփականության սեփականատերերի ու օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների պատշաճ տեղեկացում և համապատասխան փոխհատուցման վճարում, սեփականության օտարման պայմանագրի նախագծի տրամադրում, պայմանագրերի կնքում և այլն։ Նախատեսված գործողությունների իրականացումը հնարավորություն կտա ժամանակին ավարտել Այգեզարդի, Շենիկի և Մանթաշի ինքնահոս համակարգերի կառուցումը։
Կառավարման խորհուրդը քննարկել է նաև ասֆալտբետոնային և ցեմենտբետոնային ճանապարհային ծածկերի կառուցման ծախսերի վերլուծական համեմատության վերաբերյալ տեղեկատվությունը, մասնագիտական այլ հաշվետվություններ և քննարկել ընթացիկ այլ հարցեր։
Շահառուների խորհրդի ներկայացուցիչների կողմից բարձրացվել են մի շարք կարևոր խնդիրներ ՀՄՀ ծրագրի իրականացման վերաբերյալ, որի շուրջ ծավալվել է քննարկում և տրվել համապատասխան հանձնարարականներ։

Այս խորագրի վերջին նյութերը