Լրահոս

18.07.2013 12:18


Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործ չի հարուցվել

Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործ չի հարուցվել

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով դատարանում հնչած վիրավորական արտահայտությունների դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հերքել է մամուլում եղած հաղորդագրությունն առ այն, թե դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: ԶԼՄ-երը՝ հղում անելով Շիրակի մարզի վարչության պետ Կարեն Բաբակեխյանին, հայտնել էին, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ըստ ոստիկանության՝ «լրագրողները սխալ են հասկացել Կարեն Բաբակեխյանին»:

Հիշեցնենք, որ «7օր»–ի հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնել էր, թե պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ դատախազությունն։ Դատախազի ցուցումով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում նաև ամբաստանյալի հոր՝ Սամվել Սարգսյանի կողմից բուժօգնություն ստանալու համար հիվանդանոց դիմելու ծանուցման հետ կապված: Ս. Սարգսյանը հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալուց, սակայն, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում՝ հաշվի առնելով, որ հիվանդանոցից ստացվել է ահազանգ, ինչը պաշտոնապես գրանցվել է ոստիկանությունում։

Հուլիսի 16-ին Լ. Սահակյանը պաշտոնական գրությամբ դիմել էր Շիրակի մարզի դատախազին՝ հայտնելով, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով նույն օրվա դատական նիստին որպես վկա հրավիրված Վ. Ղուկասյանը վիրավորական արտահայտություններ է արել, այդ թվում՝ ամբաստանյալ Հարություն Սարգսյանի պաշտպան Լ. Սահակյանի հասցեին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը