Մեկնաբանություն

19.07.2013 09:12


«Նախաձեռնողական» ղալաթը և ծաղկավոր խալաթը

«Նախաձեռնողական» ղալաթը և ծաղկավոր խալաթը

Հայտարարելով «նախաձեռնողական» արտաքին քաղաքականություն վարելու մասին՝ Սերժ Սարգսյանը դարձավ «Այո–մարդ»։ Նա իրարամերժ «այո»–ներ բաշխեց այս ու այն կողմ՝ փորձելով դուր գալ բոլորին արևելյան ոճի քծնանքային «գործիքակազմով»։

Սարգսյանի «Այո–մարդ» լինելը նույնիսկ զարմացրեց ՆԱՏՕ–ի ղեկավարությանը, որը «ոտքի վրա» տեղեկացավ, որ Ղարաբաղում խաղաղարար ֆունկցիա պետք է կատարի։ Սարգսյանն էր այդպիսի ցանկություն հայտնել։ Ճիշտ է, դրանից հետո հայկական կողմը հազար ու մի ձևերով հերքում ու խմբագրում էր Սերժ Սարգսյանի ասածները, բայց դե, խոսքը ագռավ չէ, որ կարողանաս բռնել թռչելուց հետո։

Սարգսյանի պատկերացմամբ՝ նախաձեռնողական արտաքին քաղաքականությունն այն է, երբ դու գնում ես Մոսկվա և սեփական նախաձեռնությամբ պատրաստակամություն հայտնում Հայաստանը դարձնել անգամ ՌԴ–ի գուբերնիա, իսկ Բրյուսելում սկսում ես բամբասել Պուտինից, թե բա, հարա՜յ, հասե՜ք, ռուսները մեզ ճնշում են և ուզում են գուբերնիա դարձնել։

Սարգսյանական նախաձեռնողականության մյուս դրսևորումներից է առերես Պուտինին քծնելը և «տակից» հակառուսական հիստերիա խրախուսելը։

ՀՀԿ ղեկավարը սիրում է նաև արևմտամետ երևալ։ Նրա արևմտամետությունը դրսևորվում է մեր ֆուտբոլի հավաքականի «կերած» գոլից հետո Գյուլի դեմքին թռնելու կամ էլ ընտրությունների ժամանակ տոկոս «խփելու» ձևով։

Սարգսյանին թվում է, թե եթե ինքը հանձնող և զիջող դառնա, ապա կարժանանա Արևմուտքի խրախուսական թփթփոցներին ու կդառնա պրոգրեսիվ գործիչ։ Թփթփոց ստանալը դուր է գալիս կոմսոմոլի դպրոցն անցած այդ մարդուն (հատկապես որ թփթփոցները զուգորդվում են ֆինանսական հատկացումներով)։ Արևմուտքի թփթփոցներին նա, անշու՛շտ, արժանանում է, բայց այդպիսի թփթփոցներ ստանում էր նաև Գորբաչովը։ Արևմուտքը սիրում է ցախիսցինոբերներին քթից բռնած ման տալ, ապա ուղարկել պատմության աղբանոց՝ նախապես, իհա՛րկե, տալով թեյավճարը։

«Նախաձեռնողական» այս ղալաթները, պատկերավոր ասած, ծաղկավոր խալաթի տեր են դարձրել Սերժ Սարգսյանին, ով ամեն օր և ամեն ժամ ապացուցում է, որ փողամոլ է և քաղաքականապես անմեղսունակ։ Իսկ անմեղսունակներին չի կարելի պետության ղեկ վստահել։

Անմեղսունակը պետության ղեկին նույնն է, թե կապիկի ձեռքը նռնակ տաս։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը