Լրահոս

15.07.2009 12:52


Արման Մելիքյան. «Հայաստանը և Ղարաբաղը թերացել են»

Արման Մելիքյան. «Հայաստանը և Ղարաբաղը թերացել են»

-Առաջարկները կարող են ձևափոխվել, վերաձևակերպվել։ Բայց էությունը մնում է մեկը. թե՛ առաջին, թե՛ երկրորդ փուլում համանախագահները հայկական կողմին պարտադրում են ազատագրված տարածքների հանձնումը, ադրբեջանցիների վերադարձն իրենց նախկին բնակավայրերը, դրա փոխարեն, ըստ էության, հետաձգելով Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը և բացարձակապես չանդրադառնալով ադրբեջանահայ փախստականների հիմնահարցին,-ՄԱԱ-ում հրավիրված ասուլիսում ասել է ԼՂՀ նախկին արտգործնախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը։ Նա ասել է, թե այս ընթացքում ադրբեջանական կողմը կարողացել է հետևողականորեն ձևակերպել և միջազգային հանրությանը ներկայացնել իր մոտեցումներն ու շահերը.

-Այս տեսանկյունից Հայաստանը և Ղարաբաղը թերացան։ Փաստացի իրավիճակ ստեղծվեց, որում  այնպես ստացվեց, որ Հայաստանը օկուպանտ պետություն է, և աշխարհի բոլոր մեղքերը բարդվեցին Հայաստանի վրա։ Եվ Հայաստանը պիտի այդ բեռի տակից դուրս գա ամեն ինչ հանձնելու միջոցով,-ասել է Ա. Մելիքյանն ու նշել, որ թերացման պատճառներից են և՛ փորձի պակասը, և՛ գերտերությունների իրական շահի մասին թերի պատկերացումը, և՛սեփական ռեսուրսը թերագնահատելու գործոնը։

-Նաև երկրի կառավարող վերնախավի բացառիկ կոռումպացված լինելը։ Բազմաթիվ գործոններ կան, որոնք միավորվելով՝ ստեղծել են այս իրավիճակը։ Սա թերացում է, բայց սա միտումնավոր ոճիր չէ։ Մենք պետք է նաև ներողամիտ լինենք։ Բայց եթե կա լուծումների տեսանելի ճանապարհ, ապա դրանից հրաժարվելն է հանցավոր,- ընդգծել է Արման Մելիքյանը։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը