Լրահոս

19.07.2013 12:40


Հանձնարարվել է տուժողներին տրամադրել քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշման պատճենը

Հանձնարարվել է տուժողներին տրամադրել քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշման պատճենը

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանձնարարական է ստորագրել՝ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշման պատճենը տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին տրամադրելու վերաբերյալ։

ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական գրություն էր ստացել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, որում պաշտպանը մտահոգություն էր հայտնել, որ քրեական գործով տուժողները հաճախ չեն ստանում քննիչների կողմից կայացված քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշումը, նույնիսկ այն դեպքերում, երբ այդպիսի պահանջով նրանք դիմում են քննիչներին:

Համապատասխան որոշումն անձանց չտրամադրելը քննիչները հիմնավորում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նման դատավարական հստակ կարգավորման բացակայությամբ:
Նկատի ունենալով, որ տուժողները, չստանալով որոշումները, փաստորեն զրկվում են դրանք բողոքարկելու, իրենց շահերը արդյունավետ պաշտպանելու հնարավորությունից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման միասնական պրակտիկան ապահովելու նպատակով՝ ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումները ղեկավարող դատախազներին՝ ապահովել տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին քրեական գործով վարույթը կասեցնելու մասին իրազեկումը։
Ըստ հանձնարարականի` իրազեկումը պետք է լինի գրավոր, որում միաժամանակ պետք է պարզաբանվի, որ վերոնշյալ անձանց կողմից գրավոր պահանջի դեպքում նրանց կարող է տրամադրվել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը` այն ՀՀ քրեական դատավարության կարգով բողոքարկելու նպատակով:
Հանձնարարականի կատարման նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների վրա՝ ըստ նրանց հանձնարարված ոլորտների։

Այս խորագրի վերջին նյութերը