Մեկնաբանություն

19.07.2013 12:51


Կարող է ավելի վատ լինել

Կարող է ավելի վատ լինել

Իշխանությունները մի փրկօղակ–բանաձև են գտել սեփական ձախողումներն արդարացնելու համար։ Ասում են՝ կարող էր ավելի վատ լինել։ Կամ էլ հայտարարում են, թե չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։

Օրինակ՝ Հայաստանի տնտեսությունը ռեկորդային անկում է ունենում 2009թ., սակայն Տիգրան Սարգսյանը հայտարարում է, որ եթե իրենց միջամտությունը չլիներ, ապա է՛լ ավելի վատ կարող էր լինել։ Այսինքն, դոլարային հաշվարկով՝ մենք կունենայինք ոչ թե ավելի քան 30–տոկոսանոց, այլ, ասենք, 60–տոկոսանոց գահավիժում, և միայն բարեշրջիչ կառավարության տիտանական ջանքերը մեզ փրկեցին վատթարագույնից։ Ճիշտ է, այդ ընթացքում մեր արտաքին պարտքը բազմապատկվեց, աղքատությունն ավելացավ, իսկ վարչապետի անձնական եկամուտներն ավելացան, բայց դե, կարող էր ավելի վատ լինել։

Տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում ոչնչի չհասած ու մի բան էլ մեր երկրի անվտանգությանը հարված հասցրած Սերժ Սարգսյանն էլ արդարացավ, թե չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։

Հարկ է նկատել, որ Սերժ և Տիգրան Սարգսյաններն ինչ–որ առումով ճիշտ են ասում։ Իրոք, կարող էր ավելի վատ լինել, և ահա թե ինչու։

Տեսե՛ք. Հայաստանում ընտրակեղծիքների այնպիսի մեխանիզմ է մշակված, որ ցանկացած մեկին կարելի է նախագահ, քաղաքապետ կամ գյուղապետ դարձնել։ Վլադիմիր Գասպարյանի գլխավորած ոստիկանությունն ամեն ինչ արել է այդ ուղղությամբ։

Դե հիմա պատկերացրեք, որ իշխող օլիգարխիան որոշեր նախագահի պաշտոնում վերարտադրել ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ նախագահ դարձնել նրա եղբայր Սաշիկին։ Այդ դեպքում հաստատ ավելի վատ կլիներ։ Թեև տարբերությունը, թերևս, այդքան էլ մեծ չէր լինի։ Բայց ամեն դեպքում։

Իսկ եթե Սաշիկը տոկոս «խփեր» և դառնար նախագահ, ապա չի բացառվում, որ նա վարչապետ կնշանակեր օֆշորային պատմության մյուս հերոսին՝ Նավասարդ Կճոյանին, ով ավելի մեծ հակումներ ունի դեպի «մատերիան» ու ավտոմեքենայի շարժիչի հզորությունը, այսինքն՝ իր տեսակով ավելի մոտ է Սաշիկին։ Համենայնդեպս, այդպիսի տպավորություն կա։ Այնպես որ, կարող էր ավելի վատ լինել։

Ու որպեսզի շատ ավելի վատ չլինի, և մենք ծանր փորձակումների չենթարկվենք հետագայում, պետք է չվաստակած հանգստի ուղարկենք պետության ապագայի հաշվին անընդհատ սխալվողներին, թե չէ կարող է ավելի վատ լինել։ Մեզ համար վատ լինել։

Այնպես որ վատի ու վատագույնի միջև ընտրությունից պետք է խուսափել։ Իշխանափոխությունն այլևս վերածվել է պետության անվտանգության ապահովման խնդրի։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը