Լրահոս

20.07.2013 01:26


Առողջապահության նախարարության պարզաբանում

Առողջապահության նախարարության պարզաբանում

Հուլիսի 15-ին «Էլայ Լիլլի» (Eli LillyTM) կազմակերպության ներկայացուցիչ Սիլվա Բարսեղյանի կողմից մամլո ասուլիսում հնչեցված հարցադրումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը գնումներն իրականացնում է ՀՀ օրենսդրության տառին համապատասխան։ Հարկ ենք համարում ինսուլին դեղի գնման ընթացակարգերը ներկայացնել հանգամանորեն։

Կենտրոնացված կարգով դեղերի գնման 2011-2012 և 2013թ. 1-ին կիսամյակի կարիքների համար ինսուլինի գնման համար անցկացվող մրցույթներին «Մ.Լ.Ն Ֆարմ» ՍՊԸ-ն, որը ներկայացնում է Eli LillyTM ընկերության արտադրանքը Հայաստանում, 1 մգ ինսուլինի համար առաջարկելով 480-490, անգամ` 520 դրամ գին, հաղթող չի ճանաչվել, սակայն անուղղակի ձևով պետությանն ինսուլին է մատակարարել մրցույթում հաղթած կազմակերպությունների միջոցով։

2013թ. երկրորդ կիսամյակի կարիքների համար ինսուլին դեղերի կենտրոնացված գնման ընթացակարգով հրավիրված բանակցությունների ժամանակ «Մ.Լ.Ն Ֆարմ» ՍՊԸ-ն հրաժարվել է նվազեցնել ինսուլինի իր գնային առաջարկները, իսկ մասնակից մյուս երկու կազմակերպությունները նվազեցրել են։ ՀՀ առողջապահության նախարարությունը սահմանված կարգով դիմել է այդ կազմակերպություններին ` հրավիրելով պայմանագիր կնքելու, սակայն նրանք հրաժարվել են` վճարելով սահմանված տուգանքները: Հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը, գնման ընթացակարգը հայտարարվել է չկայացած` պայմանագիր չկնքելու հիմնավորմամբ:

ՀՀ առողջապահության նախարարության 2013թ. 2-րդ կիսամյակի կարիքների համար ինսուլին դեղերի ձեռքբերման նպատակով հայտարարվել է գնման նոր ընթացակարգ` նախապես ծանուցելով 123 կազմակերպությունների: 2013թ. հունիսի 4-ին համապատասխան առաջարկներով մասնակցել է 3 կազմակերպություն։ Կրկին ամենաբարձր գներն առաջարկվել են «Մ.Լ.Ն Ֆարմ»-ի կողմից` 485 դրամ։

Այս գործընթացին զուգահեռ ՀՀ առողջապահության նախարարությունը, ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարականի, դեռևս տարեսկզբից ուղղակի բանակցություններ է սկսել ինսուլին արտադրող աշխարհի 3 խոշոր կազմակերպության, այդ թվում` Eli LillyTM ամերիկյան դեղարտադրող ընկերության հետ։ Ընդ որում, քննարկումներն ընթանում են ոչ միայն այդ կազմակերպությունների կողմից ներկայացված գնառաջարկների շուրջ, այլև նախարարության հետ երկարաժամկետ համագործակցության, սոցիալական ծրագրերի իրականացման ենթատեքստում։ Այս բանակցությունները դեռևս վերջնական հանգրվանին չեն հասել, սակայն որոշումը կիրականացվի միանշանակ ի օգուտ թե՛ պետության, թե՛ շաքարային դիաբետով հիվանդների։ Արդյունքում կունենանք ֆինանսական էական խնայողություններ և շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ դեղորայքով 100 տոկոս ապահովվածություն` նախկին 60-70 տոկոսի փոխարեն։ Քանզի ՀՀ առողջապահության նախարարության խնդիրը երկրի բնակչությանը ժամանակին և որակյալ դեղերով ապահովելն է։

Մենք գիտակցում ենք, որ դեղ արտադրող կազմակերպությունների հետ ուղղակի բանակցությունների գնալը և առավել շահավետ պայմաններով դեղամիջոցներ ձեռք բերելը, բնականաբար, ձեռնտու չէ տեղական ներկրող կազմակերպություններին և նման շահարկումները չէին բացառվում։

Ինչ վերաբերում է Հայաստան ներկրվող ինսուլինների որակին, ապա տեղեկացնում ենք, որ ներկայումս կիսասինթետիկ ինսուլիններ մեր երկրում գրանցված չեն և չեն կարող ներկրվել: Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր ինսուլինները ստացվում են ժամանակակից կենսատեխնոլոգիական եղանակներով և դրանց որակի հատկորոշիչները համապատասխանում են եվրոպական դեղագրքի պահանջներին: Հայաստանում ներկայումս գրանցված են երեք ընկերության` Eli LillyTM (ԱՄՆ), Sanofi-Aventis (Գերմանիա) և Novo Nordisk (Դանիա), արտադրության կարճատև և միջին տևողության ազդեցությամբ ինսուլին պարունակող դեղեր: Գրանցված բոլոր այդ ինսուլիններն օրիգինալ դեղեր են, ստացվում են գենային ինժեներիայի մեթոդներով և իրենց կառուցվածքով նման են մարդու ինսուլինին: Հայաստանում գրանցված ինսուլին պարունակող դեղերը լայնորեն կիրառվում են ինչպես Եվրոպական միության, այնպես էլ աշխարհի շատ երկրներում:

ՀՀ առողջապահության նախարարությունը մշտապես հսկողություն է սահմանում ինչպես կենտրոնացված գնումներով ձեռք բերված դեղերի որակի, արդյունավետության և անվտանգության ապահովման, այնպես էլ դրա պահանջարկի ուսումնասիրման նկատմամբ։

ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը