Մեկնաբանություն

20.07.2013 20:46


Սերժ Սարգսյանի «միֆոլոգիան»

Սերժ Սարգսյանի «միֆոլոգիան»

ՀՀ քաղաքացի, ազատամարտիկ Հ. Հարությունյանի ողբերգական դեպքը հուզեց բոլորիս, քանի որ այն ցցուն դարձրեց յուրաքանչյուր հայաստանցու այսօրվա թշվառությունը:

Հրաչյան կարծես մերօրյա հայաստանցու հավաքական կերպարն է` անկախ պետության համար պատերազմած ու հաղթած ազատամարտիկ, ով արդեն խաղաղության պայմաններում վերածվել է թշվառացած ու պարտված քաղաքացու, ում մտքին եկող միակ բանը օտարության մեջ աշխատանք փնտրելն է (տվյալ դեպքում՝ որդու շիրմաքարի համար փող աշխատելու նպատակով): Կարծում եմ՝ հենց այս ցավն ենք մենք տեսնում նրա աչքերում, որից այդքան հուզվում ենք:

Դեպքի վերաբերյալ հասարակական արձագանքինց պարզ դարձավ, որ մեզ մոտ ազգային ինքնությունը նույնականանում է հայի, այլ ոչ թե հայաստանցու հետ: Սրա հիմնական պատճառն այն է, որ այսօր մենք դասական իմաստով (քաղաքագիտորեն ընդունված ստանդարտներով) պետություն և իշխանություն չունենք, այդ իսկ պատճառով ՀՀ-ում ապրող մարդիկ իրենց համարում են էթնիկ միավորման մասնիկ` հայեր, այլ ոչ թե պետության քաղաքացիներ` հայաստանցիներ:

Պետություն չունեցող ազգերի ինքնության ձևավորման մեջ կարևոր դեր ունի օտարի, թշնամու կերպարի ստեղծումը: Դա հնարավորություն է տալիս միավորվել ու տարբերվել մյուսներից։ Չէ՞ որ եթե չկա թշնամի, ապա չկա հանրային կազմակերպման խնդիր և սեփական յուրահատկությունն ընդգծելու ու պահպնելու պահանջ: Ուշագրավ է, որ այս դեպքում թշնամիները ներկայացվում են իբրև չար, տգեղ, անհասկանալի կերպարներ, որը հնարավորություն չի տալիս մյուսի, օտարի կամ թշնամու իրական` օբյեկտիվ կերպարը բացահայտել:

Ճիշտ հակառակ մեխանիզմն է գործում պետություն ունեցող ազգերի դեպքում: Այդտեղ մարդը`քաղաքացին, կարիք չունի իր ինքնությունն «ապացուցել» տարբեր տեսակի առասպելաբանական պատմություններով։ Կայացած պետության քաղաքացու ինքնության բացահայտման մեկ փաստաթուղթ կա՝ անձնագիր:

Քաղաքացին սեփական ինքնության ձևակերպման համար միֆական թշնամիների կարիքը ևս չունի: Ավելին, ազգային պետության արտաքին քաղաքականության հիմքը այլ պետությունների հետ բարեկամական հարաբերությունների հաստատումն է, ինչպես նաև հակառակորդ կամ թշնամական պետությունների մասին որքան հնարավոր է օբյեկտիվ` չմիֆականցված ու չչափազանցված ինֆորմացիայի ձեռքբերումը:

Իսկ մեր իշխանությունները օր ու գիշեր զբաղված են միայն միֆական «թշնամու» կերպար ստեղծելով։ Այդպիսով փորձ է արվում թույլ չտալ հային դառնալ ՀՀ քաղաքացի։ Իսկ դա նշանակում է, որ մեզանում չկա պետական քաղաքականություն և պետության շահերը ներկայացնող իշխանություն։ Այստեղ ինչ-որ այլ բան է, որի հիմնական նպատակը մի քանի հոգու հարստացումն է:

Այսօր Սերժ Սարգսյանի հռչակած թշնամի պետություններն են` Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը: Ընդ որում՝ Թուրքիան ու Ադրբեջանը պաշտոնապես են թշնամի հռչակված «նախաձեռնող» այս իշխանության կողմից։ Հայտնի հանգամանքները հաշվի առնելով՝ հակաթուրքական ու հակաադրբեջանական քարոզը բնական կարելի էր համարել եթե նույն այս իշխանությունը «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ պրոթուրքական քարոզչություն վարած չլիներ։ Այսինքն՝ հակաթուրքականությունը հիմա նույնքան «տեխնոլոգիական» բնույթ է կրում, որքան պրոթուրքականությունը։ Հիմա, փաստորեն, եկել է «հայրենասիրության» փուլը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանից թշնամու կերպար կերտելու քարոզին, ապա իշխանություններն այդ ամենն անում է ոչ պաշտոնապես՝ «ազատ», «առաջադեմ» և «արևմտամետ» մամուլի օգնությամբ։ «Վերևից» Սերժ Սարգսյանը քծնում է Պուտինին, իսկ «տակից» Բաղրամյան 26–ին կից գործող լրատվամիջոցները Ռուսաստանին հռչակում են Հայաստանի թշնամի, իսկ Սերժ Սարգսյանին՝ Պուտինի դեմ հերոսական պայքար մղող ու ՀՀ անկախությունը «չար» ռուսներից պաշտպանող մարտիկ։

Ու թեև այս մոդելը իշխանությունները շատ ակտիվորեն կիրառում են, բայց անգամ իրենց քարոզչական տրամաբանության մեջ մի բան, այնուամենայնիվ, բաց է մնում: Նրանք չեն կարողանում այս առասպելի մեջ ձևակերպել հայաստանցու ինքնությունը. ո՞վ է նա: Եթե ռուսական քաղաքական մշակույթին հակադրվող ժողովրդավար`արևմտյան արժեքներ կրող երկրի քաղաքացի, ապա ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունում չի գործում ոչ մի ժողովրդավարական ինստիտուտ, և ինչո՞ւ Հայաստանի Հանրապետության նախագահը լեգիտիմ չէ: Ահա, այս հարցը «ջրելու» նպատակով իշխանությունները քաղաքական օրակարգում զուգահեռաբար պահում են մեկ այլ, այս անգամ՝ հակաարևմտյան միֆ` հայտնի ջհուդամասոնական կամ «ազատությունը համասեռականների ամուսնությունն է» տեսությունների շրջանակներում:

Բնականաբար, այս երկու, կարծես թե հակադիր, միֆերի ակտիվ քարոզողները նույն մարդիկ են` Բաղրամյան 26-ի վերահսկողության տակ աշխատող լրատվամիջոցները, քաղաքացիական ակտիվիստները կամ փիսիկներն ու փղերը: Ակնհայտ է, որ այս մարդկանց իրական «գաղափարական սկբունքը» «պախանի»` Սերժ Սարգսյանի, ապահով թալանին օժանդակումն է. չէ՞ որ նրանք ապրում են հենց այդ թալանի փշրանքներով:

«Արևմտամետ» և «հակառուսական» հռչակված ուժերը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, խոսում են արևմտամետությունից, դատապարտում Ռուսաստանին՝ ՀՀ քաղաքացուն անարգելու համար: Իսկ ահա սեփական երկրում հալածվող ու անարգվող քաղաքացիների մասին նրանք երբեք չեն հիշում:

Հայաստանցու արժանապատվությունը ոտնահարում է, առաջին հերթին, Հայաստանի իշխանությունը՝ միայն իր ոչ լեգիտիմ գոյությամբ: Հետևաբար՝ այլ պետությունների հակաժողովրդավարական ռեժիմների հետ կռիվ տալուց առաջ պետք է ազատվել սեփական երկրի հակաժողովրդավարական իշխանությունից` Սերժ Սարգսյանից ու նրա վարչախմբից:

Տաթևիկ Պողպատյան

Այս խորագրի վերջին նյութերը