Մեկնաբանություն

21.07.2013 17:04


Սերժ Սարգսյանի իշխանությունն ու թագավորության կեսը

Սերժ Սարգսյանի իշխանությունն ու թագավորության կեսը

Սերժ Սարգսյանը պատրաստ է ամեն ինչի։ Միայն թե մնա աթոռին։

ՀՀԿ ղեկավարը պատրաստ է հանձնել ամեն ինչ ու ամենքին, միայն թե մնա աթոռին։

Սարգսյանի համար «յուրայինները» ոչ մի արժեք չունեն։ «Նեմե՛ց, մարդասպան», «Լիսկա՛ հեռացի՛ր», «Տարո՛ն, ամո՛թ է», «Տիգրա՛ն, մի՛ «ատկատիր»» և նմանատիպ այլ պահանջները նրան չեն նյարդայնացնում։ Ճիշտ հակառակը, դուր են գալիս։ Ավելին, Սարգսյանն ի՛նքն է «անկախ» լրատվամիջոցների հետևում թաքնված «Նեմե՛ց, մարդասպան» ու «Լիսկա հեռացի՛ր» գոռում, քանզի ուզում է սեփականաշնորհել բոլոր տիպի լիսկաների ունեցվածքն ու Հայաստանը դարձնել մեկ Լիսկայի երկիր։ Նա մի կողմից խրախուսում է լիսկաների «քաջագործությունները», բայց զուգահեռաբար «փչացնում» է նրանց, որպեսզի իշխանական համակագի ամբողջ «փչացածության» ֆոնին իր կերպարը լղոզվի ու մի բան էլ բարեփոխիչ ընկալվի։

Տրանսպորտի թանկացման պահով սկզիբ առած բողոքի ալիքիկը նրան նույնպես դուր է գալիս, քանզի Բաղրամյան 26–ին հաջողվել է թիրախ դարձնել անդեմ գծատերերին և Երևանի անգլուխ քաղաքագլխին։ Ուրիշ էլ ի՞նչ է պետք է երթուղայինի գները 50 տոկոսով բարձրացրած Սերժ Սարգսյանին երջանիկ լինելու համար։ Թանկացումը, փաստորեն, հնարավորություն է տվել նրան հաճելին համատեղել օգտակարի հետ։ Օգտակարն այն է, որ ավելի շատ փող կհավաքվի, իսկ հաճելին Տարոն Մարգարյանին «փչացնելն» է, քանզի Սերժը չի մոռացել, որ քաղաքապետն իրենից բարձր տոկոս «խփեց» ավագանու «ընտրությունների» ժամանակ (ճիշտ է, անգլուխ քաղաքագլխի տոկոսը նախագահականն է «խփել», բայց ասում են, թե Սերժը ահագին կոմպլեքսավորվել է Տարոնի «թվերից»)։

Մի խոսքով, Սերժին դուր են գալիս բոլոր այն ակցիաները, որոնք շրջանցում են իրեն և թիրախ են դարձնում «ճ» կլասի դեմքերին։ Իսկ եթե պայքարողները նաև հայտարարում են, որ իրենք ապաքաղաքական են, ապա դրանց համար ոչ մի բան չի խնայում Բաղրամյան 26–ը։

Եվ ուրմեն, մեկընդմիշտ պետք է հասկանալ հետևյալը. քանի դեռ մարդիկ տրանսպորտի թանկացումից բողոքում են Երևանի քաղաքապետարանի դիմաց, երկրում տիրող մթնոլորտից դժգոհում են փակ շուկայի մերձակայքում, «Հայկական աշխարհում» հայտնված Հրաչյա Հարությունյանի իրավունքների համար պայքարում են ՌԴ դեսպանատան դիմաց, օլիգարխ են համարում Լֆիկին, այլ ոչ թե Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանի օֆշորային մեքենայությունների թեմայով բողոքի ակցիաներ չեն իրականացնում, իսկ Լիսկայի դեմ պայքարում են ֆեյսբուքում՝ Սերժ Սարգսյանը քաղաքացիական կոչված հասարակության բարեկամն է ու գլխավոր հովանավորը, ինչպես նաև տեղեկատվական գործընկերը։

Լրիվ այլ կլինի պատկերը, եթե «Նեմե՛ց, մարդասպա՛ն»–ի կամ «Լիսկա հեռացի՛ր»–ի փոխարեն հնչի «Սերժի՛կ, հեռացի՛ր»–ը։ Այդ պահից սկսած կբացահայտվի 10 զոհի գնով նախագահ դարձածի իրական դեմքը։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը բարի է այնքան ժամանակ, քանի դեռ իր աթոռին վտանգ չի սպառնում։

Նա պատրաստ է հանձնել թագավորության կեսն ու նազիր–վեզիրներին, միայն թե մնա իր տեղում։ Պատրաստ է Տիգրան Սարգսյանի ձեռքերով «ատկատահան» անել բյուջեն, մսխել դրսից եկած վարկերն ու արևմտամետ խաղալով՝ աճուրդի հանել ՀՀ անվտանգությունը։

Հետևաբար՝ պայքարի թիրախը պետք է լինի մեկը՝ Սերժ Սարգսյանը։ Հիմա այնպիսի վիճակ է, որ անձի դեմ պայքարը նշանակում է համակարգային պայքար, քանզի Սարգսյանն իրենով է փոխարինել համակարգը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը